ԼՂՀ կառավարությունը հավանություն է տվել պետբյուջե-2011-ին
Երեկ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը: Օրակարգը քննարկելուց առաջ վարչապետը շնորհավորանքի և շնորհակալական խոսք է ասել նոյեմբերի 25-ին կայացած հեռուստամարաթոնի բոլոր մասնակիցներին, որոնց համատեղ ջանքերով հանգանակվել է շուրջ 21 մլն ԱՄՆ դոլար: Գումարի և դրամահավաքի մասնակիցների թվի աննախադեպ արդյունքների կապակցությամբ հայտնելով իր գոհունակությունը` կառավարության ղեկավարը ի մասնավորի շեշտել է, որ արձանագրվածը սահման չէ, կարելի է հասնել ավելի բարձր ցուցանիշների, հատկապես, որ դրամահավաքը դեռ շարունակվում է:
Օրակարգային առաջին հարցով գործադիրը հավանություն է տվել փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2011թ. ծրագրին, որը ներկայացրել է տնտեսական զարգացման նախարար Կ.Եսայանը: ՓՄՁ-ն նշանակալի դեր է խաղում հանրապետության համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ձևավորման և նոր աշխատատեղերի ստեղծման գործում: Ուստի ծրագրով նախատեսվում է ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների, նորարարական և արտաքին տնտեսական գործունեության, տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների ընդլայնում: Կ.Եսայանի փոխանցմամբ` չնայած ԼՂՀ տնտեսությունը զերծ չի մնացել համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունից, 2009թ. ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում 0,2 տոկոսային կետով գերազանցել է 2008թ. մակարդակը` կազմելով 29,2%, իսկ ՓՄՁ-ի սուբյեկտների թվաքանակը ավելացել է 467-ով: Ինչպես և անցած տարիներին` փոքր ու միջին ձեռնարկատիրության վարկավորումը իրականացվելու է Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղտնտեսության աջակցության հիմնադրամների միջոցով:
Գործադիրը փոփոխություններ է կատարել ԼՂՀ կառավարության 2007թ. թիվ 700 որոշման մեջ` հաստատելով համապատասխանության հավաստման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի նոր կազմը և գործունեության կարգը: Խորհուրդը կղեկավարվի ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի կողմից:
Նիստում կառավարության հավանությանն են արժանացել գյուղատնտեսության բնագավառին առնչվող երկու ծրագիր: Նախ, հաստատվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մաղավուզի ենթաշրջանի համայնքներում գյուղատնտեսության զարգացման 2011-2015թթ. ծրագիրը: Ենթաշրջանի մեջ ներառված են վեց համայնք, որոնց ընդհանուր զարգացման համար պետությունը առաջիկա տարիներին կկատարի զգալի ներդրումներ:
Փաստաթղթի քննարկման ժամանակ վարչապետ Ա.Հարությունյանը պարզաբանեց, որ Մաղավուզի ենթաշրջանը պետական հատուկ հոգածության կարիք ունի այն պատճառով, որ այդ գոտին, ի տարբերություն հանրապետության այլ գոտիների, բավական դանդաղ է զարգանում: Առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի` ծրագրված քայլերով հասնել ենթաշրջանի բնակիչների եկամուտների ավելացման: Վարչապետը գյուղնախարար Ա. Ծատրյանին հանձնարարեց ամփոփել Հադրութի շրջանի Բանաձորի ենթաշրջանում արդեն երկու տարի իրականացվող նմանատիպ ծրագրի առաջին արդյունքները: Թեև դրանք, Ա.Հարությունյանի խոսքով` նկատելիորեն դրական են երևում, հարկ կա ճշտելու, թե ներդրված պետական միջոցները որոշակիորեն որքանով են նպաստել Բանաձորի և հարևան համայնքների զարգացմանը: Արդեն կա որոշ փորձ, ինչը պետք է նկատի առնվի մյուս ենթաշրջանների վերաբերյալ ծրագրերի մշակման և իրականացման ընթացքում` նշել է վարչապետը:
Մի այլ ծրագրով նպատակային միջոցառումներ են նախատեսվում հացահատիկային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության ոլորտում: Այս ճյուղի զարգացման ծրագիրը նախատեսված է 2010-2014թթ. համար: Նպատակ է դրված, նախ, ստեղծել աշնանացան հացահատիկի մշակման գիտական տեխնոլոգիաներ և որակյալ սերմեր մատուցել հանրապետության հացագործներին:
Գործադիրը հավանություն է տվել մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացրած` գեղարվեստական կրթության հայեցակարգին: Գործընթացը ներառում է արվեստների ուսուցում և գեղագիտական դաստիարակություն: Հայեցակարգի իրականացումը հնարավորություն կընձեռի գեղարվեստական կրթության բնագավառում վարել միասնական պետական քաղաքականություն, սահմանել կրթական չափորոշիչների սկզբունքները, ապահովել մշակույթի բնագավառի կադրային պահանջարկը և այլն:
Նիստում անդրադարձ է եղել մշակույթի ասպարեզին առնչվող ևս երկու հարցի: Որոշվել է ստեղծել «Ճարտարի արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ը, ինչպես և` վերակազմակերպել «ԼՂՀ էստրադային-ջազային համույթ» ՊՈԱԿ-ը: Վերջին որոշման առիթով կառավարության ղեկավարությունը բացասաբար անդրադարձավ այն փաստին, որ պետական ստեղծագործական առանձին կոլեկտիվներ չեն ծավալում անհրաժեշտ գործունեություն: Նպատակահարմար դիտվեց, որ մշակութային հաստատությունների համար սահմանվեն համապատասխան չափորոշիչներ:
Այսօրվա նիստում գործադիրի ուշադրության կենտրոնում էր նաև մարզական բնագավառը: Հավանություն տրվեց ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2011թ. ծրագրին: Մի այլ որոշմամբ` լրացում կատարվեց Արցախի Հանրապետության տոնացույցում. այսուհետ ԼՂՀ-ում սեպտեմբերի 17-ը կնշվի որպես ֆիզկուլտուրնիկի օր:
Կառավարությունը սահմանել է էներգամատակարարման, գազամատակարարաման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները: Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքի և հանգստի առնչությամբ մասնավորապես սահմանվել է, որ վարորդների աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթական չի կարող գերազանցել 40 ժամը:
Կառավարության դատին որոշման երկու նախագիծ էր ներկայացրել ԼՂՀ փրկարար ծառայությունը, որոնք և հավանություն են ստացել: Հաստատվել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության նոր կարգը, ըստ որի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում պետք է գործեն 10 ծառայություն` կապի և ազդարարման, ինժեներական, կոմունալ-տեխնիկական, բժշկական, տրանսպորտային, էներգետիկայի, լուսաքողարկման և այլն: Մյուս որոշմամբ հաստատվել է քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման կարգը: Պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 50 աշխատող ունեցող, անկախ կազմակերպա-իրավական ձևից, կազմակերպության համար:
Նիստում գործադիրը տասնյակ փոփոխություններ և լրացումներ է առաջարկել ԼՂՀ մի շարք օրենքներում: Հանրապետության խորհրդարանի քննարկմանը կուղարկվեն, մասնավորապես, կառավարության ներկայացրած` «Վերահսկիչ պալատի մասին», «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին», «ԼՂՀ հողային օրենսգրքի» և նորովի շարադրված այլ օրենքների վերաբերյալ օրինագծեր: Այդ փաստաթղթերի հետ Աժ կուղարկվի նաև «Կադաստրային քարտեզագրման աշխատանքներում ի հայտ եկած սխալների ուղղման ծրագրի շրջանակներում արձանագրված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:
Նիստում օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը: Վերջինիս նախագահ Հ. Ղահրամանյանի ներկայացմամբ` գործադիրը հավանություն է տվել ««Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««ԼՂՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթին: Թռուցիկ անդրադառնալով հիշյալ օրինագծերին` վարչապետ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում բջջային կապի բնագավառում կգործեն նոր` ավելի մատչելի սակագներ:
Գործադիրը առանձին որոշումներով որոշ փոփոխություններ է կատարել Ստեփանակերտի քաղաքային, Մարտակերտի շրջանի Կոճողոտի և Մարտունու շրջանի Եմիշճանի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում:
Նիստի օրակարգային գլխավոր հարցը թերևս ԼՂՀ պետբյուջե-2011-ի նախագիծն էր, որը կառավարությանն է ներկայացրել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Խոսելով 2011թ. սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին` Ս.Թևոսյանը նշել է, որ գալիք տարում կառավարության քաղաքականությունը միտված է լինելու նախորդ տարիների ձեռքբերումների կայուն, շարունակական զարգացման, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, սոցիալական և կառավարման համակարգերի համարձակ ու իրատեսական բարեփոխումների իրականացման միջոցով` բնակչության կյանքի որակի բարելավման ապահովմանը: Ակնկալվում է, որ 2011թ. բյուջետային եկամուտները կկազմեն տվյալ տարվա համար կանխատեսվող ՀՆԱ-ի 19.7 տոկոսը` 2010թ. սպասվող 20.4 տոկոսի և 2009 թ. փաստացի 20.5 տոկոսի դիմաց: 2011թ. բյուջետային մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը` 65.5 տոկոս: Պարտադիր սոցիալական ապահովության վճարները կապահովեն տարեկան բյուջետային մուտքերի 25.5 տոկոսը, պաշտոնական դրամաշնորհներից ստացվող եկամուտները` 1.6 տոկոսը, իսկ այլ եկամուտները` 7.4 տոկոսը:
ԼՂՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ԼՂՀ 2010 թվականիի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է 3,824.4 մլն դրամով: Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերի ծավալները, կազմն ու կառուցվածքը ձևավորվել են` ելնելով 2011 թվականի մակրոտնտեսական կանխատեսումներից, գների և սակագների կանխատեսվող ցուցանիշներից, հանրապետությունում տնտեսական հարաբերությունների բնականոն ընթացքը խաթարող նոր բյուջետային պարտքերի չառաջացման անհրաժեշտությունից և առանձին ծախսատեսակների գծով մշակված բյուջետային նորմատիվներից:
Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն և հանգիստ, մշակույթ և կրոն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 51.5% , հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը` 7.1%, տնտեսության ճյուղերինը` 9.6%, համայնքների բյուջեներին ԼՂՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը` 2.4%, ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը` 3.0%:
Գալիք տարի նվազագույն աշխատավարձը կկազմի 32. 500 դրամ, որը պարտադիր է ոչ միայն պետական, այլև մասնավոր բոլոր հիմնարկ-ձեռնարկությունների համար:
Ի մի բերելով կանխատեսվող արդյունքները, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը հայտարարեց 2011 թ. պետական բյուջեի հիմնական ցուցանիշները. եկամուտների գծով` 60 մլրդ 857 մլն 944.3 հազար դրամ, ներառյալ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը, ծախսերի գծով` 63 մլրդ 704 մլն 094,6 հազար դրամ: Պակասուրդը կկազմի 2 մլրդ 846 մլն 150.3 հազար դրամ: Պակասուրդը կֆինանասավորվի փոխառու զուտ միջոցներից և ֆինանսական ակտիվներից:
Մեկնաբանելով պետբյուջե-2011-ի առանձին դրույթներ` վարչապետ Ա. Հարությունյանը նշեց, որ հնարավոր բոլոր միջոցները կկիրառվեն, որ գալիք տարում պահպանվեն բնակարանաշինության տեմպերը, հատկապես, որ բնակարաններ են նախատեսվում նաև գյուղական բնակչության և փախստականների համար: Դա այնքան էլ դյուրին չի լինի, նկատել տվեց վարչապետը, քանի որ 2011-ին հանրապետությունում կապիտալ շինարարության ընդհանուր ծավալները կկրճատվեն մոտ 6 մլրդ դրամով: Ա. Հարությունյանի խոսքով` բյուջեն կազմվել է` ելնելով առկա հնարավորություններից: Չնայած բարդ կացությանը, 2011-ին աշխատավարձերը կբարձրացվեն առողջապահության, մշակույթի, դատական ոլորտներում, վերահսկիչ պալատում, պետական ԶԼՄ-ներում: Աշխատավարձերի բարձրացում կլինի նաև պետական մարմինների և կրթության ոլորտի տեխնիկական աշխատողների համար: «Մենք վարում ենք ՀՀ-ի հետ համաքայլ աշխատավարձային քաղաքականություն, թեև մի շարք օղակներում մեր ծառայողները դեռևս ետ են մնում Հայաստանի իրենց գործընկերներից»,- ընդգծել է վարչապետը: Նա հավաստեց, որ կառավարությունը հնարավոր քայլերը կձեռնարկի, որպեսզի տեղի ունենա պարենային ապրանքների գների իջեցում` թույլ չտալու սոցիալական նոր լարվածություն:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնութան հետ կապերի վարչություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել