HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե «Deno Gold Mining»-ում առանց աշխատանքի մնան, արդյոք կհամաձայնվե՞ն ուրանին

Կապանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն հայտնեցին «Deno Gold Mining» ընկերության` Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մտադրության վերաբերյալ: Հատկապես անհանգստություն առաջացրեց այն հանգամանքը, որ «Deno Gold Mining» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետտան տեղական հեռուստաալիքներով իր հայտարարությունն արեց այն ժամանակ, երբ աշխատանքային այցով Կապանում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը Կապան ժամանեց նոյեմբերի 12-ին` հակաուրանային հանրահավաքից անմիջապես հետո: «Մենք մտավախություն ունենք, որ նախագիծը, որը միանշանակ պետք է մերժվի Կառավարության կողմից, հնարավոր է` արդեն համաձայնեցվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Ղազարյանի կարծիքով` նախագիծը էկոլոգիական եւ սոցիալական բարձր ռիսկեր է պարունակում: «Մեզ մոտ առանց այն էլ ծանր էկոլոգիական վիճակ է: Գիտնականները հետազոտություններ են անցկացրել եւ հայտնաբերել են, որ մեր հողը եւ մեր գետերն աղտոտված են ծանր եւ տոքսիկ մետաղներով»,- ասաց Ղազարյանը: Նա նշեց, որ Շահումյանի հանքավայրի մի մասը գտնվում է Կապանի տարածքում` Շահումյան բանավանում: «Բաց շահագործումը նշանակում է վերերկրյա պայթեցումներ, որի արդյունքում քաղաքը կծածկվի տոքսիկ տարրերի ամբողջ փունջ պարունակող փոշու շերտով: Ռենիումը եւ ցինկը բավական են, որպեսզի պատկերացնենք, թե ինչ ենք շնչելու: Մենք արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում Քաջարանում, որտեղ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից շահագործվող Քաջարանի հանքավայրի պայթեցումներից քաղաքի վրա փոշի է նստում»,- ասաց Ղազարյանը: Բաց շահագործման նախագիծը կհանգեցնի նաեւ սոցիալական սուր խնդիրների: Բանն այն է, որ ընկերության նախագծով բաց եղանակով շահագործման դեպքում հանքահանումը մի քանի անգամ կավելանա, եւ հանքավայրի պաշարները 5-6 տարուց կվերջանան: Դա նշանակում է, որ ընկերությունն արագ կստանա իր շահույթը եւ կփակվի, իսկ մոտ 1000 աշխատակիցները, ովքեր ներկայումս ընկերությունում են աշխատում, առանց աշխատանք կմնան: Հաշվի առնելով այն փաստը, որ «Deno Gold Mining» ընկերությունը քաղաք ձեւավորող ձեռնարկություն է, իսկ պետությունը ոչ մի այլընտրանքային ծրագիր չի իրականացնում Կապանում, ապա 5-6 տարին շատ կարճ ժամկետ է` արտադրություններ զարգացնելու համար, որոնք կկարողանային այդ մարդկանց աշխատանքով ապահովել: Արթուր Ղազարյանը չի բացառում այն հնարավորությունը, որ Կառավարությունն ունի եւ թաքուն մտադրություններ: «Օրինակ` մի քանի տարի հետո աշխատողներին վարձել ուրանային հանքերի համար, որոնք Կառավարությունը մտադիր է շահագործել Սյունիքում` մարդկանց հացի փող վաստակելու այլ ընտրություն չթողնելով»: Արթուր Ղազարյանը նաեւ հայտնեց, որ ներկայումս նախագիծը ապրոբացիա է անցնում ընկերության եւ շահագրգիռ կողմերի կողմից: Կազմակերպության տեղեկությունների համաձայն` ենթադրվում է, որ նախագծի տարածքում պետք է հատվի մոտ 50 000 ծառ: Դրանք Շահումյան բանավանի սեփականատերերի մրգատու այգիներն են, ովքեր ներկայումս տեղափոխել են այլ վայրեր: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter