Wikileaks-ը` օգոստոսյան պատերազմի և Ջավախքի մասին
Financial-ը հրապարակել է Wikileaks-ի գաղտնազերծած` Վրաստանում ԱՄՆ դեսպանատան 2008 թ.-ին պատրաստած գաղտնի զեկուցումները, որոնք վերաբերում են «Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի իրականացրած ագրեսիային»: Այս փաստաթղթերը հաստատում են վրացական պաշտոնեական դիրքորոշումը` հայտարարելով, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սանձազերծողը Ռուսաստանի Դաշնությունն էր:
Զեկույցներում նաև նշված է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում կառուցվող և դեռևս չավարտված Թբիլիսիից Սամցխե-Ջավախք ճանապարհը ծառայել է որպես հարավային անցուղի, որտեղից տարահանվել են մեծ թվով փախստականներ, օտարերկրացիներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլ անձինք:
Զեկուցումն անդրադառնում է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի ԱԳ նախարարի հարաբերությունների մանրամասներին: Երբ օգոստոսի 15-ին նախարար Թքեշելաշվիլին տրանզիտային թռիչքով ժամանել է Երևանի օդանավակայան, նա մերժել է նախարար Նալբանդյանի` օդանավակայանում կարճ ժամանակով հանդիպելու առաջարկը: Թքեշելաշվիլին ասել է, թե իրեն հրահանգված է անմիջապես վերադառնալ Թբիլիսի:
«Էլ ինչ են նրանք ուզում մեզանից»,- հռետորական հարց է տվել Նալբանդյանը: Նա նաև ասել է, որ Հայաստանի կառավարությունը «խուսափում է Վրաստանի մասին որևէ բացասական հայտարարություն անելուց», և զգուշացրել, որ նման հայտարարությունները խնդիրներ կարող են առաջացնել, քանի որ Ջավախքի էթնիկ հայերի արձագանքը կարող է «շատ վտանգավոր լինել» Վրաստանի համար: Չնայած իր ասածի ակնհայտ սպառնալիքին, Նալբանդյանը նշել է, որ «սա այն խաղաքարտը չէր, որ իրենք կարող էին խաղարկել» Վրաստանի հետ, սա ընդամենը «իրականություն» է:
Զեկույցում նաև նշվում է, որ վրացական կառավարությունը թույլ չի տալիս 16-55 տարեկան տղամարդկանց դուրս գալ երկրից, վրացիների բնութագրմամբ` «ընդհանուր ռազմական մոբիլիզացիայի» պատճառով:
Լուսանկարը` geotimes.ge-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել