HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ծառայության 6 ամիսներից որդիս 5 ամիսը հոսպիտալից հոսպիտալ է տեղափոխվում»

Ալավերդի քաղաքի բնակիչ Անժելա Մաթոսյանն այսօր  «Հետքին» տեղեկացրեց, որ իր որդին` Գևորգ Սամվելի Թամազյանը,  այս տարվա հունիսի  18-ին մեկնել  է բանակ և  ծառայում է Քելբաջարի զորամասերից մեկում: «Մինչև բանակ մեկնելը, տղաս ունեցել է սրտի գանգատներ: Ախտորոշվել  է տախիկարդիա, պրոլապս հիվանդություններով: Սա նկատելով` Ալավերդու զինվորական բժշկական հանձնաժողովը որդուս ուղարկեց Երևան:

Ալավերդիում բժիշկների հետազոտման  ժամանակ տղայից սրտի զարկերի հաճախականությունը 150-ից մինչև 170  է գրանցվել»,- պատմեց  Անժելա Մաթոսյանը: Երևանի զինվորական բժշկական հանձնաժողովը հերքել է Գևորգ Սամվելի Թամազյանի  հիվանդությունը, գրանցել է  սրտի 92 հաճախականություն և  որակել է  զինվորական ծառայության համար պիտանի:  «Տղաս հունիսի 18-ին մեկնել է բանակ , 35 օր ծառայելուց հետո` հուլիսի 23-ին,  զորամասում վատացել է, որի պատճառով Գևորգին  տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ: Նույնիսկ «պրիսյագը» չի ընդունել: Վարդենիսի հոսպիտալում մնացել է մեկ ամիս, որից հետո նրան տեղափոխել են Երևանի Մուրացանի փողոցի վրա գտնվող զինվորական հոսպիտալ: Այստեղ էլ տղայիս  հետազոտելուց հետո նորից ուղարկեցին Վարդենիսի հոսպիտալ»,- պատմեց զինվորի մայրը: Վարդենիսի հոսպիտալում զինվոր Գևորգ Թամազյանը  մեկ ամիս բուժվելուց  հետո օգոստոսի 21-ին  տեղափոխվում է զորամաս: Սակայն 10 օր հետո կրկին առողջությունը վատանում է: Նրան տեղափոխում են զորամասի  բուժմաս: Բուժմասում  10 օր մնալուց հետո  Գևորգ Թամազյանին  նորից տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղից  10 օր  հետո  կրկին տեղափոխում են Երևանի զինվորական հոսպիտալ: Գևորգի առողջական վիճակից խիստ անհանգստացած մայրը հաճախակի տղային այցելության է գնում հոսպիտալ և փորձում  բժիշկների հետ պարզել նրա  վիճակը. «Արդեն 2 ամիս  10 օր է` տղաս  Երևանի հոսպիտալում է: Ես այս հոսպիտալում խոսել եմ կենտրոնական զինվորական հանձնաժողովի նախագահի հետ, ազգանունը չգիտեմ, նրան հայտնել եմ, որ մինչև բանակ մեկնելը որդիս ունեցել  է սրտի հետ կապված խնդիրներ, մի քանի անգամ պառկել է հիվանդանոցում, նրան ցույց եմ տվել հիվանդության անկետան»: Զինվորական կենտրոնական հանձնաժողովի նախագահը  Անժելային պատասխանել է, որ Գևորգ Թամազյանը  զինվորական ոչ շարային ծառայության համար է պիտանի: «Գևորգս արդեն Վարդենիսում ճանաչվել էր որպես  շարային ծառայության պիտանի: Բայց նրա զորամասում ոչ շարային ասածը գոյություն չունի, նա  ծառայում է մնացած զինվորների ծանրաբեռնվածությամբ: Տղաս չի կարողանում վազել, ծանրություն բարձրացնել: Իջնել-բարձրանալուց սիրտը վատանում է: Չի կարողանում»,- անհանգստանում է մայրը: Անժելա Մաթոսյանը  նկատել է, որ դեղորայքային բուժումները տղային չեն օգնում: Բժիշկները Անժելային տեղեկացրել են, որ տախիկարդիան ընդհանրապես չի բուժվում: «Հետազոտման ընթացքում տղայիս տալիս են ատենալոն դեղը և կես ժամ  հետո  կատարում են էլեկտրասրտագրություն: Գևորգիս  սրտի ճնշումը շատ ցածր է, սրտի զարկերը` շատ բարձ: Դեղը 8 ժամ վիճակը թեթևացնում է, դրանից հետո ստեղծվում է նախկին վիճակը:  Այդ կարգի ստուգումով եզրակացնում են, որ տղայիս վիճակը նորմալ է»: Անժելա Մաթոսյանը գտնում է, որ իր որդին զինվորական ծառայության համար ընդհանրապես պիտանի չէ. «Ես մայրն եմ, դա նկատում եմ: Ասում են` բանակին  հիվանդ երեխա պետք չէ: Ծառայության 6 ամիսներից որդիս 5 ամիսը  հոսպիտալից հոսպիտալ է տեղափոխվում: Եթե իմ երեխան ծառալելու փոխարեն  իր օրերը հիվանդանոցներում է անցկացնում և արդյունքում չի բուժվում, նույն վիճակով տեղափոխվում է զորամաս, նրա առողջության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվում,  էլ ինչի՞ են պահում բանակում»: Անժելա Մաթոսյանի կարծիքով` տղայի առողջական վիճակի մասին  միակ ճիշտ պատասխանը տալիս է  հոլտեր մոնիտորինգ կատարող ապարատը, ըստ որի`  զինծառայող Գևորգ Թամազյանի սրտի զարկերը  գրանցվում են 90-ից մինչև 170: Տիկին   Անժելան   որդու  անվտանգ ծառայության խնդիրները պարզելու համար դիմումով  ընդունելություն է խնդրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից: Դիմումին պատասխանել են, որ նախարարը նրան կարող է ընդունել եկող տարվա հունվարին: Իսկ Անժելայի համար մինչև հունվարը հավերժություն է թվում. «Հիմա, այս պահին երեխես անորոշ վիճակում պառկած է հոսպիտալում: Երեխայիս առողջական նույն վիճակով ուզում են ուղարկել զորամաս, ասում են` լավ կլինի, հուզվելուց կլինի, զորամասում հսկողության տակ կլինի, բայց  տղաս իրեն վատ զգալիս զորամասում մոտեցել ա  իր ղեկավարին, ասել է` վատ եմ: Ասել են` «սաչոկություն» ես անում: Այնքան, որ նա  ամբողջ օրը սիրտ է հետ տվել, նոր զգացել են, որ իսկապես վատ է, տարել են բուժմաս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter