HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Գուրգեն Շիրինյան. «Եթե ազգ ծախող ես, ուրեմն Վրաստանի հերոս ես, եթե հայ ես, ուրեմն կիսամարդ ես»

Ջավախքի սկաուտական շարժման առաջնորդ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի ակտիվիստ Գուրգեն Շիրինյանի բացառիկ հարցազրույցը «Հետքին»

  Նախկինում մի քանի անգամ փորձել էինք հացազրույց անցկացնել, չէիք համաձայնել, ինչո՞ւ հիմա որոշեցիք հարցազրույց տալ:

Խնդիրն այն է, որ հիմա մոտենում են սուղ ժամանակներ, որովհետեւ Կովկասում ստեղծված հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, հայ-վրացական գործընթացները խաղաղ ու մարդկային գործընթացներից հետզհետե տեղափոխվում են ոչ խաղաղ գործընթացներ, եւ այս ամենը տանում է դեպի պատերազմական իրավիճակ:

Պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ Թուրքիան պետական մասշտաբով սկսում է խոսել այն մասին, որ Հայաստանն այլեւս չի համարվում թշնամի հարեւան, ուրեմն Հայաստանն ու հայ ժողովուրդը նորից լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Այդպես էր համիդականների, երիտթուրքերի, քեմալականների ժամանակ, այդպես է մինչեւ հիմա, այդպես կլինի միշտ: Դրա համար պիտի ամբողջ հայ ազգով զգույշ լինենք ու ամենակարեւորը` պիտի լինենք միաբան` հանուն մեր ազգի, հայրենիքի ու պետության: Երբ Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողությունները, ուրեմն Հայաստանը 2 տեղից է հարված ստանալու. Ադրբեջանից` զենքով, Վրաստանից` տնտեսապես, Հայաստանի ներսից էլ` հոգեբանաքաղաքականապես, որովհետեւ այս ամենը կատարվում է Արեւմուտքի կողմից, քանզի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռանկյունին ուղղոդրվում է Արեւմտյան քաղաքականության սլաքներով, եւ Արեւմունտքն ամեն ռեսուրս օգտագործելու է, որպեսզի Հայաստանը դարձնի Վրաստանի նման: Սա բոլորս էլ պարզ տեսնում ենք, որովհետեւ վերջին ժամանակահատվածում Արեւմուտքը բավականին լուրջ ճնշումներ գործադրեց մեր պետության վրա ու դեռ շարունակում է գործադրել: Եվ այս ամենում կարեւոր է, որ ջավախքցին էլ հասկանա սա, որովհետեւ հենց սկսվեցին պատերազմական գործողությունները, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Հայաստանի հանդեպ տանելու է այն քաղաքականությունը, որը Վրաստանը տարավ 1918-20թթ.: Դրա համար պիտի հասկանանք, որ ամենաառնետական խաղացողը Վրաստանի թուրքամետ իշխանություններն են լինելու` Սահակաշվիլու գլխավորությամբ: Ափսոս` 1918-ի հայ-վրացական պատերազմի ժամանակ Դրոն մինչեւ Թբիլիսի չգնաց: Այդ պատճառով էլ Հայաստանի իշխանությունները` թե հայկական կուսակցությունները, թե հայկական կազմակերպությունները, թե սփյուռքահայությունը եւ նույնիսկ ամեն մի անհատ պիտի իր էներգիան ու գործունեությունը համախմբի մեր պետության ու ազգի անվտանգության համար: Հիմա դիմություն եւ ընդդիմություն խաղալու ժամանակները չեն: Հիմա ազգի, հայրենիքի ու պետության հարցն է: Չդառնանք 1915 թ. հայությունը, այլ դառնանք 1918թ. Սարդարապատի ճակատամարտը հաղթող հայությունը:

Այսինքն` մոտալուտ պատերազմի վտանգ եք կանխազգո՞ւմ:

Մենք պատերազմի կողմնակից չենք, եւ սա ոչ թուլություն է, ոչ էլ վախկոտություն, սա մարդկային հոգեբանության վերին գաղափար է, որը, ցավոք, չունեն մեր հարեւաններից մի քանիսը, եւ, մեր մարդկային համբերությունը չարաշահելով, պղծում են, ավերում ու սպանում` չհասկանալով մի պարզ բան, որ ամեն ինչ ունի վերջ, եւ եթե մեր ազգի համբերությունը հունից հանեցին, ուրեմն հաստատ Կովկասում մի երկու պետություն կդադարեն պետություն լինելուց: Եվ այդ պետությունների ցանկում հաստատ մեր Հայաստանը չի լինելու:

Ինչպե՞ս կգնահատեք Ջավախքում տիրող իրավիճակն այսօր:

Ներկա պահին Ջավախքը հայաթափվում է, ու ջավախքցիներն ընտանիքներով են լքում հայրենի տները: Ջավախքում նորից ու նորից շինծու դատական գործեր են բացում հայերի նկատմամբ: Ճիշտ է, Ջավախքում ճանապարհներ են վերանորոգվում, կենցաղային պայմաններ են ստեղծում, բայց դրանք մեզ` հայերիս համար չեն անում, այլ անում են թուրքերի համար: Կյանքը կիսանորմալ կլինի ջավախքցու համար, եթե նա մոռանա իր հայ լինելը ու երբեք չբարձրաձայնի, որ ինքը հայ է: Նյութականով ուզում են փոխել ազգային հոգեբանությունը: Հայաստանի ծնունդով ջավախքցի պատգամավորները, Հայաստանի կամակերպությունների ու քաղաքական ուժերի ներկայացուցիչներ չեն կարող գնալ Ջավախք կամ գնալով էլ բարդությունների են հանդիպում: Ոչ գիրք, որ թերթ, ոչ էլ գրականություն են թողնում անցկացնել, միջնակարգ կրթությունն էլ կամաց-կամաց փոխում ու դարձնում են վրացական: Ջավախքը դարձել է փակ գոտի, ինչպես եղել է նախկինում: Վանդալիզմն ավելացել է: Ջավախքում իրենց շատ լավ կարող են զգալ միայն ազգի դավաճանները, ուրիշ ոչ ոք: Եթե ազգ ծախող ես, ուրեմն Վրաստանի հերոս ես, եթե հայ ես` ուրեմն կիսամարդ ես: Արդեն վրաց-թուրքական սահմանն էլ են բացել` Կարծախի կողմից, եւ թուրքերը բեռնատար մեքենանաներով ապրանք են ներմուծում Ջավախք, իսկ թե ինչ են ներմուծում, դա էլ միայն իրենք գիտեն: Բազմաթիվ հողեր թուրք բիզնեսմեններ են գնել, շուտով հակահայկական Կարս-Ախալքալաք երկաթգիծն ել կսկսեն շահագործել, ու կամաց-կամաց Ջավախքը կվերածվի Նախիջեւանի: Ինչպես որ Ադրբեջանն էր Արցախի նկատմամբ տանում հակահայկական քաղաքականություն հետխորհրդային ժամանակաշրջանում, այդպես էլ հիմա Սահակաշվիլին է անում ջավախքահայության ու վիրահայության նկատմամբ: Ժամանակին Էնվեր փաշան էր ուզում մի հայ թողնել, այն էլ թանգարանում, հիմա էլ երեւի Սահակաշվիլին է ուզում նույնն անել: Բայց ինչքան էլ ամպերը գան ու գնան, Աբուլ լեռը միշտ կմնա անսասան:

Ի՞նչ է փոխվել 2008թ.-ի հուլիսից մինչ օրս:

Համարյա ամեն ինչ էլ փոխվել է: 2008-ից առաջ ոչ մի վրացական ուժային կամ պետական կառույցի աշխատող չէր կարող ազատ մտնել Ջավախք ու հակահայկական քայլեր անել, որովհետեւ հակահայկական քայլին «Միասնական Ջավախքը» (ՄՋ) ժողովրդի աջակցությամբ ընդդիմանում էր ու գրեթե միշտ հաղթում: 2008-ից առաջ, եթե վրացական ուժայինները կամ պաշտոնյաները ուզում էին գալ Ջավախք, հազար մարդ էին խառնում իրար, բազմաթիվ ծանոթ ու բարեկամի էին զանգահարում, ինչպես նաեւ Երեւան կամ իրենց մանկլավիկներին, որ իրենք պարզապես այցելելու են Ջավախք շուտ հետ վերադառնալու պայմանով: 2008-ից առաջ նույնիսկ Սահակաշվիլին էր վախենում այցելել Ջավախք: Հիմա ամեն ինչ 180 աստիճանով փոխվել է: Հիմա Հայաստանի պաշտոնյաներն են հազար անգամ զանգում Թբիլիսի, որ իրենց թույլ տան գոնե մի քանի ժամով մտնել Ջավախք: 2008-ից առաջ ջավախքցին էր Ջավախքի տերը, հիմա թուրքերն են ու Սահակաշվիլին:

Իսկ Դուք երբեւէ կվերադառնա՞ք Ջավախք:

Մենք միշտ էլ Ջավախքում ենք, ամեն ջավախքցի էլ միշտ Ջավախքում է ու Ջավախքի հետ: Սրա մասին խոսելն էլ ավելորդ է. մենք վերադառնալու ենք մեր հայրենի տուն, մենք վերադառնալու ենք մեր հայրենի Ջավախք, որովհետեւ Ջավախքի հողը Հայոց հող է, մեր հողն է, մեր սարերը ու ձորերը մեր կարոտն են քաշում, մենք էլ իրենց կարոտը: Մեր երեխաները Ջավախքում պիտի գնան  հայկական դպրոց: Մեր լեզուն պիտի առաջինը լինի Ջավախքում, մեր եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները նորից պիտի զգան հայի մոմի ծուխն ու խունկի բույրը, մեր մատուռները նորից պիտի լսեն «Արի, իմ սոխակ» երգը: Ուզեն, թե չուզեն, ցանկանան, թե ոչ, դա իրենց խնդիրն է:

Մոտ 2.5 տարի է անցել, ինչպես կգնահատեք Ձեր նկատմամբ կատարված գործողությունները, արդյոք դրանք  հետապնդումնե՞ր էին:

Ճիշտն ասած` թքած ունեմ Վրաստանի ուժային կառույցների կողմից կատարվող հետապնդումների վրա: Այսքան բան:

Ինչո՞ւ Ախալքալաքի ոստիկանապետի տան մոտ տեղի ունեցած պայթյունի առաջին կասկածյալը Դուք եղաք, այլ ոչ թե, ասենք, մեկ ուրիշ ախալքալաքցի:

Ընդհանրապես ամեն ինչ ունի սկիզբ, ընթացք ու ավարտ: Չնայած որ ամենքին էլ պարզ դարձավ, թե ինչու «խփեցին» հենց «Միասնական Ջավախքին», որովհետեւ Օսիային պիտի խփեին, եւ բնականաբար, «Միասնական Ջավախքն» էլ պիտի բարձրաձայներ ու դատապարտեր: Ի դեպ, ասեմ, որ Օսիային հարձակվելը շատ նման էր թուրքական ծրագրի, եւ մի օրում 2000-ից ավելի կին ու երեխա կոտորելը ոչ տղամարդկություն է, ոչ էլ պետության պատիվ: Նաեւ ասեմ, որ «ՄՋ»-ին «խփելու» համար հենց դավաճաններին օգտագործեցին: Սա ընդհանուր պատկերը: Իսկ թե ինչու իմ վրա գցեցին իրենց ձեռքով կազմակերպած շոուն, դա էլ ունի մեկ ուրիշ պատասխան. երբ մարդ երբեք չի դավաճանում իր ազգային սկզբունքներին ու կառչած մնում է իր պայքարին, նման մարդիկ թշնամու համար դառնում են խոչընդոտներ իրենց հակահայ ծրագրերի իրականացան ճանապարհին: Երբ ոչ մի գայթակղություն չի ազդում նման մարդու վրա, աշխատում են այդ մարդկանց վերացնել կամ հեռացնել: Սա թշնամու օրենքներից մեկն է: Եվ մենք ոչ առաջինն էինք, ոչ էլ վերջինը կլինենք: Բայց, վերջիվերջո, բոլորն էլ մահանալու են, մահը ամենքին է հավասար, ուղղակի պիտի որոշես` կանգնած մեռնել` պահպանելով ազգի պատիվը, թե ծնկաչոք ապրել` վաճառելով ազգի պատիվը: Եթե 2008 թ.-ի հուլիսի 17-ից մի քիչ հետ գնանք, մի շատ հետաքրքիր իրադարձության կհանդիպենք: Երբ 2005 թ.-ին վրացական եկեղեցին, վրացական անվտանգությունն ու մյուս ուժային կառույցները իրենց պետական աջակցությամբ ուսանողների հետ եկել էին Ջավախքի Սամսար գյուղի ժայռափոր եկեղեցի եւ սկսել էին ջարդուփշուր անել մեր խաչքարերն ու հայոց գրերը, մեզ Սամսարից զանգահարեցին եւ տեղեկացրեցին, որ նման բաներ են կատարվում, որ տեղի ոստիկանությունն ու անվտանգությունը շրջապատել է եկեղեցու մուտքը եւ ոչ մի սամսարցի չի կարող մտնել եկեղեցի: Որոշում կայացվեց, որ ես մենակ պետք է գնամ: Ես էի ու մի լրագրող, կես ճանապարհին էլ մոտիկ գյուղերից իմ ընկերոջը վերցրեցինք: Հասնելուն պես մոտ 30 րոպեից կարողացա սամսարցիներին կազմակերպել ու բոլոր վանդալիզմով հիվանդներին դուրս շպրտել: Մինչեւ տղերքը Ախալքալաքից եկան, եկեղեցին արդեն ազատ էր, եռագույնը` կախված, մեր քահանան էլ աղոթք էր անում: Սա 2005 թ.-ի հուլիսի 17-ն էր: Սամսարը մեր հայապահպան գործունեության յուրահատուկ դեպքերից մեկն էր: Երեւի հուլիսի 17-ը իրենց հիշողության մեջ պարտության օր էր, եւ դրա համար 2008-ի հուլիսի 17-ին արեցին այս ամենը, ու դրա համար էլ այդ սադրանք-շոուն սկզբից իմ վրա գցեցին, եւ այդ պատրվակի տակ սկսեցին ապօրինի ձերբակալություններն ու շինծու դատական գործընթացները: Բայց ասեմ, որ այս շինծու սադրանքներն այնքան էլ իրենց նպատակին չհասան, ու երբեք էլ չեն հասնելու, որովհետեւ մեր պայքարը ամուր է, իսկ հոգին` մաքուր:

Նախկինում տարաձայնություններ ունեցե՞լ էիք ոստիկանապետի հետ:

Այստեղ տարաձայնության խնդիր չէ, ուղղակի այն մարդիկ, ովքեր օտար ուժերի կամքն են կատարում` պղծելով հայոց հոգին, հայոց օջախն ու Հայոց Ջավախքը, բոլորն էլ ազգի դավաճաններ են, եւ ուրիշ ոչինչ: Նմաններից մեկն էլ Ախալքալաքի ոստիկանապետ Պետրոսյան Սամվելն է, որ պաշտոնի ու աթոռի համար ծախում ու դավաճանում է ազգային սրբությունները: Ընդհանրապես, դավաճանը երբեք չի դասվել ու չի դասվում մարդկության դասին ոչ մի բնագավառում` ոչ ազգային, ոչ հոգեւոր, ոչ ընտանական, ոչ ընկերական, ոչ էլ քրեական կամ մեկ այլ բնագավառում: Դրանք մի քանի հոգով ամբողջ Ջավախքը դարձրեցին ստրկատիրական համակարգ:

Կպատմեք` ի՞նչ պատահեց պայթյունից հետո:

Կպատմեմ, թե ինչ եղավ պայթյունից առաջ եւ մնացած փաստերի մասին, որոնք կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս: Մի անգամ Սամվել Պետրոսյանի ընկերներից մեկը, որ մինչեւ հիմա էլ ընկերություն է անում իր հետ, այսպիսի բառեր ասաց. «Ես ազգի դավաճան չեմ, ինչպես մի քանիսը, բայց ես իմ վրա վերցնում եմ, որ աղբ եմ դարձել, մենք մեր ազգային պայքարը պաշտոններով վաճառեցինք, մի քանիսը փողի համն առնելուց հետո էլ ավելի սկսեցին խորանալ ու զբաղվել հակահայկական գործունեությամբ, ընդհուպ մինչեւ հասան մի տեղ, որ այլևս հետդարձի ճանապարհ չունեին ու սկսեցին նաեւ աշխատել թուրքական ու ադրբեջանական անվտանգություններ հետ»: Հետո այս ամենը բարդ աշխատանքի շնորհիվ ճշտվեց, որ ոստիկանապետն ու իր նմանները, որ իբր թե գնում էին Կարծախի սարերում որս անելու, այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը, եւ որ իրենք Կարծախի սարերում հանդիպումներ էին ունենում թուրքական անվտանգության աշխատակիցների հետ: Նաեւ ասեմ մի բան, որ հուլիսի 17-ից առաջ ոստիկանապետը գաղտնի ժողով է հրավիրել` իր նմաններին ու բոլորին կարգադրել, որ ՄՋ-ի ակտիվիստների վրա դատական գործեր բացեն: Մոտ 4-5 գործ իմ վրա են բացել, մի 2 անգամ ավել էլ Վահագնի, եւ այդպես էլ մյուս ակտիվիստների վրա: Նաեւ ասեմ, որ այդ դատական գործերը այնքան էլ դուր չեն եկել ոստիկանապետին, և նա կարգադրել է, որ սարքեն մի այնպիսի բարդ գործ, որպեսզի ՄՋ-ի ակտիվիստները շատ լուրջ ու բարդ խնդիրների առաջ կանգնեն: Երբ 2008-ի հուլիսի 16-ին մատաղ էինք անում բնության գրկում, մեզանից մի 50 մետր հեռավորությամբ 20-ից ավելի անծանոթ մարդիկ էին հավաքվել, իբր հաց էին ուտում: Երբ ես մոտեցա, որ տեսնեմ, թե ովքեր են այդ անծանոթները, տեսա, որ նրանք վրացիներ էին, նրենց հետ էին նաեւ մեր տեղական պաշտոնյաներից մի քանիսը, եւ երբ ես իրենց մոտով անցա, մեր իշխանավորներից մեկն ինձ ծանոթացրեց նրանց հետ` ասելով, որ ես Ջավախքի սկաուտների խմբապետն եմ, իրենք էլ գլուխները ձիու պես սկսեցին ներքեւ ու վերեւ անել, թե` գիտենք, ճանաչում ենք: Ամիսներ հետո պարզվեց, թե ովքեր էին նրանք ու ինչու էին հենց 16-ին ժամանել Ջավախք ու հենց մեր կողքն էին հաց ուտում: Նաեւ ասեմ, որ երբ Վահագնին ձերբակալել էին եւ տեղափոխել Ախալցխա, այնտեղ նրան ասել էին, որ Ցխինվալը գրավելուց հետո իրեն բաց կթողնեն: Ասեմ նաեւ, որ 2008-ից առաջ, երբ Թբիլիսիում որոշում էին, թե ում են դնելու Ախալքալաքի ոստիկանապետ, կային մի քանի թեկնածուներ: Սակայն խնդիրն այն էր, թե ով էր իր վրա վերցնելու այսպես ասած` վերջին հայապահպան ուժը Ջավախքում, այսինքն` ՄՋ-ին կոտրելու կամ ոչնչացնելու գործը, նա էլ դառնալու էր ոստիկանապետ: Ոչ ոք  չգնաց այդ քայլին, իսկ ներկայիս ոստիկանապետը գնաց: Նաեւ տեղեկացնեմ, որ մինչեւ 2008-ի հուլիսի 17-ը Սամվել Պետրոսյանը դեռ ոստիկանության պետ չէր, այլ ոստիկանապետի ժամանակավոր պարտականություններ կատարող: Հիմա ոստիկանապետն էլ է, Վրաստանի հերոս էլ է, ու Սահակաշվիլին էլ հպարտ-հպարտ բարձրաձայնում է, որ Սամվելի նմանները Ջավախքը պահել են Վրաստանի համար եւ այլն եւ այլն: Չեմ ուզում շատ մանրանալ, ոչ էլ փակագծերը բացել առայժմ:

Ինչո՞ւ նախընտրեցիք անցնել ընդհատակ եւ չընտրեցիր հրապարակային կամ իրավական պայքարը, ասենք` ինչպես Վահագն Չախալյանը:

Որովհետեւ սա ուրիշ հարց է, սա քրեական, ավտոպատահարի, տնտեսական, բիզնեսի կամ նման բաների պայքար չէ, որ իրավական դաշտում պայքարես ու ինչ-որ արդյունքների հասնես: Այս ամենը կատարվեց թուրքամետ Վրաստանի անվտանգության կողմից: Նույնն է, ինչ ասենք` գնանք Ադրբեջան ու Ադրբեջանի դատարաններում հայց ներկայացնենք Սումգայիթի ու Բաքվի ջարդերի վերաբերյալ, կամ գնանք Թուրքիա ու Թուրքիայի դատարաններում հայց ներկայացնենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի՞նչ իրավական պայքարի մասին է խոսքը: Ինչպե՞ս կարող ես դատական գործընթացը շահել մի պետության մեջ, որտեղ սադրանքները կատարվել են պետական պատվերով: Աբսուրդ է եւ ավելորդ ժամանակ ու էներգիայի վատնում: Դրանից բացի, իմ հետ կատարված դեպքերից հետո, երբ վրացական սպեցնազը լցրեցին Ջավախք ու Ջավախքի սարերը եւ ներքին կարգով «ձերբակալել» բառը փոխեցին «լիկվիդացիա» բառով, ես ընդհատակ անցա, որպեսզի կարողանամ շարունակել մեր սկսած սուրբ գործը:

Ձեր նկատմամբ երկու դատավճիռ է կայացվել, փաստորեն ընդհատակից բողոքարկելու հնարվորություն չեք ունեցել, բայց կուզենայի՞ք բողոքարկել:

Եթե Սահակաշվիլիի սիստեմը վերանա եւ Վրաստանի նախագահ դառնա մեկ ուրիշը, որը 180 աստիճանով կփոխի Վրաստանի ներկայիս քաղաքականությունը` կապված թե իր ներքին ազգերի, թե հարեւան պետությունների հանդեպ, այդ ժամանակ ես կբողոքարկեմ, իսկ հիմա` ոչ:

Ձեր ու Վահագնի բացակայությունից հետո ՄՋ-ը դադարել է գործել եւ ակտիվություն ցուցաբերել, չկայի՞ն այլ երիտասարդներ, որոնք կարողանային շարունակել ձեր գործունեությունը:

Ընդհակառակը, ամեն ինչ գնում է իր հունով, որովհետեւ ՄՋ-ն ինչ-որ մեկի սեփականությունը չէ, կամ ասենք` ՄՋ-ը Վահագն ու Գուրգեն չէ, ՄՋ-ը դա ժողովուրդն է, եւ հազարավոր վահագններ ու գուրգեններ կան ՄՋ-ում, ու վահագններից ու գուրգեններից էլ ավելի հայրենասեր ու հայաշունչ հոգեբանություն ունեցողներ են: Մի Վահագն բռնելով, մի Արթուր Պողոսյան, Արամ Բաթոյան ու Գուրգեն հեռացնելով` չի նշանակում, թե ՄՋ-ը դադարեց, ուղղակի հիմա ՄՋ-ը ավելի է կազմակերպվել ու ավելի անխոցելի է դարձել, որովհետեւ հուլիսի 17-ից հետո միանգամից կեղտը ելավ ջրի երես: Առաջներում այնքան էլ չէին տարբերվում դավաճանն ու ջավախքցին, իսկ հիմա բոլոր խաղաթղթերը բաց են, եւ բոլորին էլ հատ-հատ գիտենք: ՄՋ-ը ջավախքցու կողքին է ու ջավախքցու հետ: Մենք կանք, մենք պայքարում ենք ու հասնելու ենք մեր նպատակին:

Բայց ՄՋ-ի նկատմամբ տարբեր կարծիքներ են ձեւավորվել` մի կողմից` հայապահպան ու հայերի իրավունքների համար պայքարող կառույց, մյուս կողմից` անջատողական:

Մենք` հայերս, երբեք սեպարատիստ չենք եղել ու չենք լինի: Մենք մերն ենք ուզում, մենք երբեք ուրիշի բակի ծառը չենք կտրել, ընդհակառակը, մի հատ էլ մենք ենք տնկել ու խնամել: Աշխարհի յուրաքանչյուր պետության մեջ կա հայություն: Տեսեք` ամեն տեղ մենք կառուցում ենք, ստեղծում ենք, դառնում ենք հարգված քաղաքացիներ, միանում ենք նրանց, նպաստում ենք տվյալ պետության հզորացմանը, մշակույթին, գիտությանը, տնտեսությանը, շինարարությանը` իհարկե չմոռանալով մեր լեզուն ու մեր հայրենիքը: Աշխարհում միայն Թուրքիայում, Ադրբեջանում եւ Վրաստանում են մեզ անվանել ու անվանում սեպարատիստ: Մենք մերն ենք ուզում, մենք` ՄՋ-ը, պայքարել ենք ու պայքարում ենք, որ Ջավախքում մնա հայոց լեզուն, հայոց գիրը, հայոց մշակույթը ու արվեստը, որ հայի մեջ մնա հայոց հոգին, որ հայոց պատմամշակութային կոթողները, եկեղեցիներն ու խաչքարերը մնան հայկական, որ չդառնան վրացական: Մենք պայքարում ենք, որովհետեւ Ջավախքը հայոց հող է ու մեր հողն է: Այս ամենը մեկ օրում չեն կառուցել մեր պապերը, այս ամենը 1000-ամյակների քրտնաջան աշխատանքով են ստեղծել նրան ու իրենց արյունով են պահպանել: Թող չպղծեն մեր սրբությունները, որովհետեւ ոչ ոք չի ների` ոչ մենք, ոչ մարդկությունը, ոչ էլ Աստված: Մենք ուրիշ բան չենք անում, մենք պահպանում ենք, իսկ Սահակաշվիլին իրենցը վաճառում է, իսկ մերը` պղծում:

Ըստ Ձեզ, ջավախքցիներն ինչի՞ կարիք ունեն այսօր:

Միաբան չենք, այսքան բան: Նայեք, միայն Հայաստանում բնակվում է մոտ 400 հազար ջավախքցի, մի այդքան էլ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, 100 հազարից ավելի էլ ապրում է բուն Ջավախքում: Մի քանի հազար էլ ապրում է եվրոպայում: Գրեթե 1 մլն ջավախքցի կա աշխարհում սփռված, մեր ամբողջ հայ ազգի 10 տոկոս են կազմում ջավախքցիները, սա լուրջ թիվ է: Ուղղակի մի օր որոշենք ու համախմբվենք` կողքի դնելով իրար դեմ եղած անձնական ամբիցիաները ու մի մարդու պես որոշենք, որ պիտի Ջավախքի հարցը լուծվի: Չի անցնի մեկ ամիս ու Ջավախքի բոլոր հարցերը լուծված կլինեն: Թե չէ Սահակաշվիլին Ջավախքը դարձրել է քմահաճույքների վայր: Ինչ ուզում` անում են, ում ուզում` վտարում են, ում ուզում ` չեն թողնում Ջավախք: Աբսուրդ է ու ֆաշիզմ:

Ինչպե՞ս եք գնահատում վրացական իշխանությունների եւ հայկական կողմի պահվածքը Ջավախքի հարցում:

Սկզբից ասեմ, որ Ջավախքի հարցը շատ բարդ հարց է, որովհետեւ Ջավախքով է անցնում ու անցնելու մի շարք արեւմտյան ու թուրքական գազատար, նավթատար եւ երկաթուղային նախագծերը: Ու այս ամենը` ընդդեմ երկու բարեկամ ռազմավարական դաշնակից երկրների` Հայաստանի եւ Ռուսաստանի:  Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի թուրքամետ իշխանությունների պահվածքին Ջավախքի հարցում, դա բոլորն էլ գիտեն, նույնիսկ եթե ջավախքցի փոքրիկ երեխային հարցնես, թե Ջավախքում ինչ հակահայկական գործունեությամբ են զբաղված Վրաստանի թուրքամետ իշխանությունները: Մի իրական դեպք պատմեմ. 2006 թ.-ին Ջավախքի գյուղերից մեկում էի ու մի տարեց մարդ ինձ հարցրեց, ասաց. «Բալես, էդ օր մեր Հայաստանի մեծերը կըսեն, թե Վրաստանը Հայաստանի միակ դարպասն է դեպի արտաքին աշխարհ, էդիկ ինչը՞ղ հասկընանք, էդպես բան աշխարհում մենակ բանտերն են, օր մէ դարպասըմ ունին, օր էդտից ներս կերթան, էնթից ա դուրս քուքան, հըբը հիմի ինչըղ հասկընանք, ուրեմն մեր Հայաստանը Ղարաբաղեն մինչեւ Բավրա ու Սադախլո բա՞նտ է, մեր ժողովուրդն էլ բանտարկյալնե՞ր են, իսկ Սահակաշվիլին էլ կլյուչնիկն է, հա՞: Երբ դուռը բանա` դուրս կերթանք, երբ դուռը փակէ` նեսը կըմնանք, հըբը էդպես ինչը՞ղ կեղնի: 21-րդ դար հաղթանակով մտանք` Ղարաբաղը հաղթեցինք, օր հիմի փոխանակ գլխներս վեր պայենք, մէ բանըմ ա էլի ցած կը կախենք, հըբը էդպես ինչը՞ղ կեղնի: Թուրքերին հաղթեցինք, օր վրացու դեմը գլոխներս կախե՞նք»: Սա հասարական աշխատող ժողովրդի մտածելակերպն է: Ասեմ, որ այնքան էլ ճիշտ չէ ամեն ինչում մեղադրել Հայաստանին: Ամենաառաջին մեղավորները մենք ենք` ջավախքցիներս, որ չմիաբանվեցինք մի բռունցքի շուրջ: Հայաստանը աշխարհի հզոր պետություններից չէ, որ իրեն մեղադրենք: Հայաստանն ի՞նչ անի, երբ հարեւան Վրաստանը չարաշահում է մեր պետության կախվածությունն իրենից: Ինչ վերաբերում է Ջավախքի նկատմամբ Հայաստանի պահվածքին, շատ կարեւոր է, որ ամենքս գիտակցենք, որ սա մեր ներքին ազգային խնդիրն է եւ հրապարակման կարիք չունի, սա մեր ազգային ներքին խոհանոցն է, եւ այնքան էլ ճիշտ չէ, որ նման խնդիրները դառնան հրապարակային, որովհետեւ դրանից կշահեն միայն հակահայկական ուժերը: Մենք դարերով պետականություն չենք ունեցել, եւ մեր հոգեբանության միջից այդ պետական կազմակերպվածությունը դարերի ընթացքում նվազել է: Հայաստանը մոտ 20 տարեկան երիտասարդ պետություն է, այսինքն` 20 տարեկան մի երիտասարդ` իր տաքարյունությամբ ու էմոցիաներով, ճիշտ քայլերով ու սխալներով: Հուսով եմ, որ կանցնի մոտ 10 տարի, եւ մեր Հայաստանը կդառնա ավելի ուժեղ, ավելի գաղափարական, ժողովրդական պետություն: Բայց այս ամենին պիտի ազգովի նպաստենք: Հայաստանը կղզի չէ, որ մենք էլ ազգովի Ռոբինզոն Կրուզոյի նման ինչպես ուզենք, այպես էլ ապրենք, շնչենք: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով հայտնվել է այնպիսի մի տեղում, որտեղ ամբողջ քաղաքական արեւմտյան եւ արեւելյան քամիներն այդտեղ են վերջանում. կարեւոր է, որ սա ամենքս հասկանանք: Կա մի պարզ գաղափար, որ ազգային հարցը կլուծվի, եթե ազգովի պայքարենք, քանզի ոչ մի կուսակցություն, կազմակերպություն ու անհատ ի վիճակի չէ դրական արդյունքի հասցնել ազգային հարցը: Սա փաստ է: Մենք` ջավախքցիներս առանձին-առանձին պայքարեցինք, դրա համար էլ Ջավախքը հասավ այս օրին: Առանձին-առանձին ժամանակին պայքարեցին մեր մեծերը, որ ամբողջ Արեւմտյան Հայաստանը կորցրեցինք: Ճիշտ է, ունեցանք քաջեր, ունեցանք հզոր ֆիդայիներ, զորավարներ, բայց իրենք էլ մահացան, ազգն էլ կոտորվեց ու հայրենիքն էլ գերի մնաց: Սարդարապատի ժամանակ համախմբվեցինք. մեկը դաշնակ էր, մյուսը` հնչակ, երրորդը` կոմունիստ, էն մյուսը` հավատացյալ, անհավատ, հեթանոս, կամ ոչ մի գաղափարի չէր հարում, բայց հաղթեցինք ու թուրքի մեջքը կոտրեցինք: Համախմբված պայքար եղավ նաեւ Արցախի ժամանակ: Դրա համար մեր միջից պետք է վերացնենք նարցիզմը, թե իբր ամեն մեկս թագավոր ենք ու ամենախելացին: Ոչ: Մենք փոքր ազգ ենք ու պիտի մի թագավոր ունենանք, մի սպարապետ, և յուրաքանչյուրս էլ իր բաժին գործը պիտի անի, մեր ազգային ծրագրի մեջ մեկս հովիվ, մյուսս`  որսորդ, էն մյուսն էլ ուսուցիչ կամ շինարար: Ու այդ ժամանակ էլ ամեն հարց իր դրական լուծումը կունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter