Հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող 1900 մարդ կա
Համընդհանուր հասանելիության ապահովումն ու մարդու իրավունքների պահպանումը ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման կարևոր նախապայմաններն են
ՄԻԱՎ վարակի համաճարակն այսօր վերաճել է գլոբալ ճգնաժամի և դարձել զարգացմանը խոչընդոտող հազարամյակի մարտահրավեր: Եթե ՁԻԱՀ-ով առաջին հիվանդը գրանցվել է 1981թ., ապա 2009թ. աշխարհում արդեն ապրում էր մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 1988թ. մինչև 2010թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 956 և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 228 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 1900:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներին լայն հասարակության ուշադրությունը հրավիրելու հարցում կարևոր նշանակություն ունի 1988թ.-ից ի վեր ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ին նշվող ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամեն տարի այդ օրն անցկացվում է որևէ կարգախոսի ներքո, որն ար-տացոլում է ընթացիկ ժամանակաշրջանի կենսական խնդիրները: Արդեն երկրորդ տարին է, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվում է «Համընդհանուր հասանելիություն և մարդու իրավունքներ» կարգախոսով: Այն ընտրվել է` ընդգծելու ՄԻԱՎ վարակի համաճարակին հակազդման գործում կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության և մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը: Սա նաև կոչ է երկրներին` վերանայելու ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, կանանց և խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունք առաջացնող օրենքները:
ՄԻԱՎ վարակը յուրահատուկ հիվանդություն է, որի ազդեցությունը մարդկային հասարակության վրա միայն մարդկանց առողջությանը ֆիզիկական վնաս հասցնելով չի սահմանափակվում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն ընդգրկել է մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառները` ստեղծելով բազմաթիվ սոցիալական, բարոյական և իրավական խնդիրներ, դրանց թվում նաև մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:
Մարդու իրավունքներն արժանի են համընդհանուր հարգանքի, պաշտպանության և կենսագործման: Մարդու հիմնական սահմանադրական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հանրության առողջության, այլ մարդկանց իրավունքների և ազատությունների համար:
Մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր նշանակություն ունի հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, առողջապահության ոլորտում ևս: ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ մարդու իրավունքների նկատ-մամբ հարգանքի մթնոլորտում նվազում է ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելիությունը, ապահովվում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արժանավայել, առանց խտրականության կյանքը, նվազում է համաճարակի բացա-սական ազդեցությունն անհատի և հասարակության վրա: Մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է ՄԻԱՎ վարակի համաճարակին արդյունավետ, իրավաբանորեն հիմնավորված հակազդեցություն ցույց տալու համար: Սա ենթադրում է մարդու բոլոր իրավունքների և հիմնական ազատությունների իրականացում` ըստ մարդու իրավունքների գործող միջազգային նորմերի:
2001թ. հունիսին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ նիստի ժամանակ ՄԱԿ-ի անդամ պետությունները, դրանց թվում` ՀՀ-ն, ընդունեցին «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքա-րի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը», որը դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլոր-տում միջոցառումների առաջին գլոբալ ծրագիրը: Հռչակագրում հստակ սահմանված է, որ «Բոլորի համար մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրագործումը չափազանց կարևոր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ խոցելիության նվազեցման գործում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց իրավունքների նկատմամբ հարգանքը համաճարակին արդյունավետ հակազդման երաշխիք է»:
Մարդու իրավունքների ոտնահարումը բացասաբար է անդրադառնում համաճարակի զարգացման վրա: Երբ չեն պահպանվում մարդկանց տնտեսական, սոցիալական իրավունքները, նրանք դառնում են վարակի նկատմամբ առավել խոցելի: Օրինակ` որևէ երկրում առանց համապատասխան փաստաթղթերի գտնվող միգրանտները, ունենալով ցածր իրավական և սոցիալական պաշտպանվածություն, կարող են ենթարկվել խտրական վերաբերմունքի, շահագործման ինչը նրանց դարձնում է խոցելի ՄԻԱՎ-ի նկատմամբ:
Այնտեղ, որտեղ չեն պահպանվում քաղաքացիական իրավունքները, իսկ խոսքի ազատությունը սահմանափակվում է, դժվար կամ անհնարին է արդյունավետորեն հակազդել համաճարակին: Մի շարք երկրներում գործող օրենքները խոչընդոտում են ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերում կանխարգելիչ միջոցառումների անցկացմանը, քանի որ արգելում են որոշ խմբերի գրանցումը և նրանց հասարա-կական կազմակերպությունների գործունեությունը:
Այսպիսով` հասարակության առողջության պահպանումը և մարդու իրավունքների պաշտպանությու-նը միմյանց լրացնող խնդիրներ են: Սակայն հանրային առողջության պաշտպանությունը չպետք է պատժամիջոցների արդարացման պատրվակ դառնա: Նման գործողությունները կարող են ընդհատակ մղել նրանց, ովքեր առավել շատ կարիք ունեն կանխարգելիչ և բուժական ծառայությունների« և դրանով իսկ անհնարին դարձնել վարակման նոր դեպքերի կանխարգելումը, նաև սահմանափակել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց խնամքի և աջակցության հնարավորությունները:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները ՀՀ-ում պաշտպանված են «Մարդու իմունային անբավա-րարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1997թ.: Ըստ այդ օրենքի` անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու փաստը չի կարող հիմք հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման համար` բացառությամբ օրենքով նա-խատեսված դեպքերի:
19.03.09թ. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը: Կատարված փոփոխություններն ու լրացումներն ուղղված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ամրապնդմանը: Դրանց շնորհիվ օրենքը համապատասխանեցվել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային ղեկավարող սկզբունքներին: Մասնավորապես զգալիորեն կրճատվել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ պարտադիր հետազոտման ենթակա խմբերը, ուժը կորցրած է ճանաչվել երեք ամսից ավելի ժամկետով ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց կողմից պարտադիր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման հավաստագիր ներկայացնելու մասին հոդվածը, վերացվել է ՀՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը հաստատելուց հետո նրանց ՀՀ-ից վարչական վտարման ենթարկելու մասին դրույթը:
Իրավական դաշտի հետագա բարեփոխումների, նաև լայնածավալ և շարունակական կրթական աշխատանքների միջոցով է հնարավոր պաշտպանել մարդու իրավունքները և կանխել ՄԻԱՎ վարակի համաճարակի հետագա զարգացումը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հատկապես ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերին: Անհրաժեշտ է վերանայել նրանց վերաբերող օրենքներն այն ուղղությամբ, որ դրանք չնպաստեն ՄԻԱՎ վարակի տարածմանը բնակչության ավելի լայն շերտերի շրջանում: Խստագույն օրենքների առկայությունը հանգեցնում է խոցելի խմբերի մեկուսացմանը և ընդ-հատակ անցնելուն` դժվարացնելով նրանց հետ աշխատանքը: Արդյունքում անհնարին է դառնում ան-վտանգ սեռական վարքագծի ձևավորման և վնասի նվազեցման նպատակով նրանց շրջանում տեղեկա-տվական-կրթական միջոցառումների անցկացումը:
ՄԻԱՎ-ով վարակված կամ դրանում կասկածվող միլիոնավոր մարդկանց նկատմամբ խարանն ու խտրականությունը կարող են հանգեցնել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց իրավունքների ոտնահարման: Նրանք կարող են մերժվել բուժօգնություն, կրթություն կամ աշխատանք ստանալու համար դիմելիս: Հաճախ գործատուն հրաժարվում է աշխատանքի ընդունել ՄԻԱՎ-ով վարակված մարդուն կամ իմանալով ՄԻԱՎ-ի նկատմամբ իր աշխատակցի դրական կարգավիճակի մասին` հեռացնում է նրան: Նմանապես ուսումնական հաստատության ղեկավարը կարող է հաստա-տությունից հեռացնել ՄԻԱՎ-ով վարակված սովորողին: Շատ հաճախ բուժաշխատողները, իմանալով անձի ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին, հրաժարվում են նրան օգնություն ցուցաբերել:
Խարանի և խտրականության հետևանքով ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ աջակցություն չեն ստանում այն ժամանակ, երբ առավելագույնս ունեն դրա կարիքը: Հաճախ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, վախենալով տնից կամ համայնքից վտարվելու հեռանկարից, թաքցնում են իրենց հիվանդությունը և չեն դիմում օգնության, որը կարող էր բարելավել նրանց կյանքի որակը և երկարացնել կյանքի տևողությունը:
Խարանը և հնարավոր ֆիզիկական ու հոգեկան բռնության հանդեպ վախը միլիոնավոր մարդկանց հետ են պահում ՄԻԱՎ-ի վերաբերյալ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն անցնելուց: ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի չիմացությունը հնարավորություն չի տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց` ուրիշներին վարակի փոխանցումը կանխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կամ էլ օգտվելու հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում, մորից երեխային վարակի փոխանցման կանխարգելում, խնամք և այլ ծառայություններ տրամադրող ծրագրերից:
Թշնամական, ատելությամբ ու անհան-դուրժողականությամբ լի միջավայրում դժվար է բաց և անկեղծորեն քննարկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող հարցերը, դրանց նշանակությունը մարդկանց համար: Դրա հետևանքով տուժում են կանխարգելմանն ուղղված ջանքերը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խարանն ու խտրականությունն անմիջականորեն խոչընդոտում են համաճարակին հակազդելու միջոցառումների արդյունավետությանը: Խարանի և խտրականության են-թարկվելու վախը ոչ միայն մարդկանց հետ է պահում հետազոտվելուց և ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը պարզելուց, այլև բացասաբար է անդրադառնում նրանց կողմից պաշտպանական միջոցների կիրառման վրա: Օրինակ` վարակվածությունը թաքցնելու համար հիվանդները չեն օգտա-գործում պահպանակներ, իսկ մայրերը, վախենալով ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակի բացահայտումից, շարունակում են կրծքով կերակրել երեխաներին` վտանգելով նրանց առողջությունը:
Խարանը և խտրականությունը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, նաև` նրանց ընտանիքի անդամների համար: Օրինակ, ՄԻԱՎ-ի նկատմամբ դրական կար-գավիճակի պատճառով աշխատանքից ազատված անձը բախվում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու և իր ընտանիքի բարեկեցության ապահովմանն առնչվող ֆինանսական դժվարությունների հետ: Խարանն ու խտրականությունը խոչընդոտում են հասարակութ-յան մեջ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ինտեգրմանը:
Վերոնշյալը հաստատում է այն իրողությունը, որ խարանի և խտրականության դեմ պայքարը ՄԻԱՎ վարակի համաճարակի հետագա ծավալումը կասեցնելու կարևոր նախապայմաններից է: Ուստի անհ-րաժեշտ է պաշտպանել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները, ստեղծել իրավական ու էթիկական նորմեր նրանց պաշտպանելու համար, անել այնպես, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ չտառապեն խտրա-կանությունից և կարողանան արժանապատիվ կյանքով ապրել: Այս գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու համար անհրաժեշտ է համախմբել հասարակության բոլոր խավերին, բնակչությանը տրամադրել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն, պայքարել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց նկատմամբ քննադատական վերաբերմունքի, վախի և սխալ պատկերացումների դեմ, ընդլայնել ՄԻԱՎ-ով ապրող կամ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից տուժած մարդկանց տրամադրվող աջակցությունն ու խնամքը:
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են: Համաշխարհային փորձը վկայում է, որ նրանց իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքի շնորհիվ հնարավոր է նվազեցնել համաճարակի պատճառած վնասները և կանխել դրա հետագա տարա-ծումը:
ՄԻԱՎ վարակի համաճարակը դեռևս շարունակում է ամեն տարի միլիոնավոր մարդկային կյանքեր խլել: Սակայն այսօր իրավիճակը փոքր ինչ փոխվել է այն առումով, որ շնորհիվ հակառետրովիրուսային բուժման ՄԻԱՎ վարակն այլևս անբուժելիի փոխարեն համարվում է քրոնիկ հիվանդություն: Բուժման շնորհիվ հնարավոր է կառավարել ՄԻԱՎ վարակի զարգացման ընթացքը, երկարաձգել ՄԻԱՎ-ով ապրողների կյանքն ու բարելավել դրա որակը: Բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության պայմաններում կարելի է արդյունավետորեն դիմակայել ՁԻԱՀ-ին և զգալիորեն նվազեցնել դրանից մահացությունը:
Որոշ հետազոտողներ դեռևս շարունակում են ընդդիմանալ ՀՌՎ բուժման ծավալների մեծացմանը` փորձելով ապացուցել, որ կանխարգելումը տնտեսապես ավելի շահավետ է: Սակայն մի շարք հետազոտությունների արդյունքում (մասնավորապես Բրազիլիայում կատարված) պարզվել է, որ ՀՌՎ բուժման ներդրման շնորհիվ տնտեսվում են հսկայական միջոցներ, որոնք պետք է ծախսվեին ՄԻԱՎ վարակով հիվանդների հիվանդանոցային խնամքի համար: Դրանից զատ« ՀՌՎ բուժումը զգալիորեն նվազեցնում է մահացությունն ու հիվանդացությունը, կրճատում է ՄԻԱՎ վարակով հիվանդների հոսպիտալացումների թիվը` նպաստելով նրանց ակտիվ կենսակերպ վարելուն:
Հարկ է նաև նշել, որ գոյություն ունի սերտ կապ բուժման հասանելիության և կանխարգելման միջև: Որքան մատչելի և հասանելի լինի ՀՌՎ բուժումը, այնքան ավելի շատ մարդիկ կդիմեն կամավոր խորհրդատվության և հետազոտության ծառայություններ` ՄԻԱՎ-ի նկատմամբ իրենց կարգավիճակը ճշտելու համար: Դա էլ իր հերթին հնարավորություն կտա բացահայտելու համաճարակի իրական տարածվածությունը, պլանավորելու և ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները: Մյուս կողմից, արդեն իսկ հաստատված է, որ ՀՌՎ բուժման ֆոնին էապես նվազում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանակությունը, այսինքն բուժումն ունի նաև անմիջական կանխարգելիչ նշանակություն:
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտավորությունների հռչակագիրը» սահմանում է, որ խնամքը, աջակցությունը և բուժումը համաճարակին արդյունավետ հակազդման հիմնական տարրերն են, իսկ 2006թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին նվիրված մեկ այլ նիստին ընդունված քաղաքական պարտավորությունների հռչակագրով պետությունները նաև պարտավորվել էին մինչև 2010թ. ապահովել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիություն: Այսօր արդեն ակնհայտ է, որ գլոբալ մասշտաբով այս պարտավորությունը, ցավոք, չի կատարվել: Հաջորդ` 2011թ. աշխարհը նշելու է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ոլորտում պարտա-վորությունների հռչակագրի» ընդունման 10 տարին և ամփոփելու է դրա իրականացման արդյունքները: Հաջորդ տարի նաև լրանում է ՁԻԱՀ-ի առաջին դեպքերի արձանագրման 30 տարին: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող միլիոնավոր մարդիկ հույսով, հավատով սպասում են առողջության պահպանման, բուժման իրենց իրավունքի լիակատար իրականացմանը և շարունակում են բարձրաձայնել 2005թ.-ից ի վեր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային քարոզարշավի կարգախոսը` «Կանգնեցրե'ք ՁԻԱՀ-ը: Կատարե°ք խոստումը»` ուղերձ հղելով իրենց երկրների կառավարություններին ակտիվացնելու ջանքերը վերոնշյալ hռչակագրերով ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար:
ՀՀ կառավարությունը` կարևորելով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խնդիրն ու հետևողական լինելով հռչակագրերի ընդունմամբ ստանձնած պարտավորություններին, հաստատել է 2007-2011թթ. ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագիրը, որը հաջորդում է նախորդ հնգամյա ծրագրին: Ծրագրի շրջանակներում ՀՀ ողջ տարածքում իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ ծրագրեր ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի և երիտասարդության շրջանում, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց տրամադրվում է բուժում, խնամք և աջակցություն, իրականացվում է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, տրամադրվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվություն և հետազոտություն, ապահովվում է դոնորական արան անվտանգությունը, կատարվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշմանն ուղղված լաբորատոր հետազոտություններ և այլն:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրի շրջանակներում 2005թ.-ից ՄԻԱՎ վարակով հիվանդ ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է անվճար ՀՌՎ բուժում, իրականացվում է բուժման մոնիտորինգ, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելիչ բուժում և հետկոնտակտային կանխարգելում: Ներկայում ՀՀ-ում ՀՌՎ բուժումը հասանելի է բոլոր դրա կարիքն ունեցողներին: Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում, այդ թվում կանխարգելիչ ՀՌՎ բուժում, տրամադրվում է ՄԻԱՎ վարակ ունեցող բոլոր հղի կանանց: ՄԻԱՎ վարակ ունեցող մայրերից ծնված բոլոր երեխաներն ապահովվում են ՀՌՎ օշարակներով և կաթնախառնուրդներով:
Իրականացված միջոցառումների արդյունքում, համեմատելով 2005թ.-ին և 2007թ.-ին իրականացված հետազոտությունների տվյալները, կարելի է փաստել, որ մեր երկրում տեղի է ունեցել թե' կենսա-բանական, թե' վարքագծային ցուցանիշների բարելավում: Մասնավորապես, ՄԻԱՎ-ի տարածվածութ-յունը հիմնական խոցելի խմբում`ԹՆՕ-ների շրջանում 9,3%-ից նվազել է մինչև 6,8%: ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող բոլոր խմբերի շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի որոշակի աճ և ռիսկային վարքագծի դրսևորումների նվազում: Այս դրական տեղաշարժերը վկայում են բնակչության տարբեր խմբերում իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և վնասի նվազեցման ծրագրերի արդյունավետության մասին, որոնց մեթոդական օգնություն և օժանդակություն է ցուցաբերում ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: Իսկ արդյունավետ կանխարգելումը բուժման, խնամքի և աջակցության համար պահանջվող միլիարդավոր դրամների տնտեսում է:
Ընդհանուր առմամբ, մինչ օրս իրականացված նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել մեր երկրում կասեցնել համաճարակի հետագա զարգացումը, հասնել հիմնական խոցելի խմբերում ՄԻԱՎ-ի տարածման տեմպերի նվազեցման և կայունացման: Սակայն արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ ի հայտ են եկել նոր խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Անվիճելի է, որ ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումն է: ՄԻԱՎ վարակի կանխարգելումը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փո-փոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով:
Իրականացվող միջոցառումների անընդհատությունն ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան միջոցներ, պետական աջակցության ընդլայնում: Այս առու-մով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրագործման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Միաժամանակ կարիք կա ընդլայնելու գործող ծրագրերը` մեծացնելու դրանց աշխարհագրական ծածկույթն ու ծրագրերում ընդգրկված շահառուների թիվը: Այսօր առաջացել է նաև ՄԻԱՎ-ի դեղորայքակայունությունը որոշելու անհրաժեշտություն: Այդ անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ՀՌՎ բուժումն սկսելուց հետո անցած հինգ տարիների ընթացքում որոշ հիվանդների մոտ բուժման սկզբնական սխեմաներն այլևս արդյունավետ չեն և կարիք ունեն փոփոխման` երկրորդ շարքի բուժման սխեմաների կիրառման, իսկ արդյունավետ սխեմաների ընտրության համար չափազանց կարևոր է ՄԻԱՎ-ի դեղորայքակայունության որոշումը: Սրանից բացի, հիվանդների մի զգալի մասը վարակվել է արտերկրներում, որտեղ ավելի վաղ է սկսվել ՀՌՎ բուժման տրամադրումը: Հետևաբար չի բացառվում, որ նրանք վարակված լինեն ՄԻԱՎ-ի արդեն իսկ դեղորայքակայուն ենթատեսակներով: Ուստի անհրաժեշտ է այդ հիվանդների մոտ որոշել ՄԻԱՎ-ի դեղորայքակայունությունը նախքան ՀՌՎ բուժումն սկսելը: Նշված խնդիրների լուծման համար պահանջվում են համապատասխան ֆինանսական միջոցներ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Մեզանից յուրաքանչյուրը կա-րող է էական ներդրում ունենալ այդ պայքարում` դիմակայելով խարանին և խտրականությանը, հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատ-մամբ սեփական կարգավիճակը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է նաև բո-լոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագծից:
ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն
Թեժ գիծ` 61-08-20
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել