HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը ծանոթացել է արտեզյան հորերի վերազինմանը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն  այսօր ծանոթացավ Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի վերազինման աշխատանքներին, որոնք իրականացվում են «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի  ծրագրերի շրջանակում: Փոխվարչապետը մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Արարատի մարզի Դաշտավան եւ Սայաթ-Նովա համայնքներում, որտեղ արտեզյան հորերը  զինվում են ջրաչափիչ սարքավորումներով եւ փականային համակարգերով: Փոխվարչապետին ներկայացվեց, որ ջրաչափ սարքավորումներն ընտրելիս հաշվի են առնվել Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի որակական հատկանիշները: Նշվեց, որ ջրաչափերի տեղադրումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ տվյալներ ունենալ օգտագործվող ջրի ծավալների մասին, ինչը կարեւորվում է ջրային պաշարների կառավարման եւ արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Արարատյան դաշտավայրում իրականացվում է  44 արտեզյան հորի վերազինում, վթարային վիճակում գտնվող 5 հոր փակվելու է: Ներկայումս Արարատի եւ Արմավիրի մարզերում արդեն ավարտվել  են 24 հորի աշխատանքները: Սայաթ-Նովա համայնքում տեղակայված 5 արտեզյան հորից վերազինվել է 3-ը, մյուս 2-ը նախագծման ընթացքում են: Դաշտավան համայնքում 4 հորից ավարտվել են 3-ի աշխատանքները: Անդրադառնալով «ՀՄՀ-Հայաստան»-ի ոռոգման ենթակառուցվածքների վերկանգնմանն ուղղված ծրագրերին` Ա. Գեւորգյանը կարեւորեց աշխատանքների որակը: Նա հույս հայտնեց, որ դրանք կիրականացվեն պահպանելով ժամանակացույցը եւ կավարտվեն նախանշված ժամկետներում` թույլ տալով ոռոգման  նոր շրջանն սկսել նոր հնարավորություններով: Փոխվարչապետը տեղում շփվեց նաեւ բնակչության հետ, որոնց հիմնականում մտահոգում էր ջրամատակարարման խնդիրը: Խմելու ջրի մատակարարման առումով կարեւորվեց ներքին ցանցերի եւ ջրի որակի բարելավումը: Խնդիրներ են առաջանում նաեւ մշակվող հողատարածքներում անհրաժեշտ քանակի ոռոգման ջրի մատակարարման առումով: Նշվեց, որ նախորդ տարիների համեմատ այժմ խիստ նվազել են օգտագործվող ստորգետնյա ջրի ծավալները, ինչը խնդիրներ է առաջացնում ջրային համակարգի համար` բավարար ջրամատակարարում ապահովելու տեսանկյունից: Փոխվարչապետը մարզպետին եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց  քննարկել բարձրացված հարցերը եւ լուծումներ առաջարկել հատկապես ոռոգման ջրի ապահովման առումով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter