Ողջունում են Ջավախքի հիմնախնդիրների լուծմամբ զբաղվելու ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի որոշումը
Ըստ լրատվամիջոցների՝ վերջերս ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը Հայ Դատի վաշինգտոնյան գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանի ուղեկցությամբ այցելել է Վրաստան՝ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկելով Թբիլիսիի և Ջավախքի հայության համայնքային, սոցիալ-տնտեսական, հոգևոր և մշակութային կյանքին վերաբերող հարցեր:
Պրն Խաչիկյանը, ամփոփելով շրջագայության արդյունքները, հայտարարել է, որ Հայ Դատի հանձնախումբը հետամուտ է լինելու Ջավախքի ամրապնդմանն ու անվտանգությանը: Նա նաև նշել է, որ «Ջավախքում մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև, որոնք, աշխատելով միասնաբար, կարող ենք հաղթահարել» (տե՛ս՝ http://asbarez.com/98280/trust-and-mutual-respect-vital-to-strengthening-armenia-diaspora-relations-says-hachikian ):
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը ողջունում է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահի այս հայտարարությունը: Մեր կառույցը դեռևս 2010թ. հոկտեմբերի 13-ին կոչ էր արել ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել վրաց իշխանությունների կողմից ջավախքահայության իրավունքների ոտնահարման խնդրին (տե՛ս՝ http://yerkir.org/index.php?level_id=280&lang=arm ), և այսօր մենք ուրախ ենք այդ ուղղությամբ Հայ Դատի հանձնախմբի գործադրվող ջանքերին:
Լիահույս ենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ձեռնամուխ է լինելու այլ գործնական քայլերի՝ ուղղված ջավախքահայության խնդիրների լուծմանը: Մենք պատրաստ ենք ցույց տալ Հայ Դատի հանձնախմբին, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող հայկական այլ լոբբիստական կազմակերպություններին, բոլոր հնարավոր աջակցությունը Թբիլիսիի և Ջավախքի հայության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը հասնելու գործում: Այդ խնդիրներն են.
- Ջավախքահայության քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոտնահարման քաղաքականության վերացումը, ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ քաղաքական հալածանքների դադարեցումը, Վահագն Չախալյանի ազատ արձակումը,
- Ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնումը և ինքնակառավարման մակարդակի բարձրացումը,
- Վրաստանի հայաբնակ շրջաններում (Սամցխե-Ջավախք-Ծալկա) հայոց լեզվին տարածաշրջանային պաշտոնական լեզվի կարգավիճակի շնորհումը,
- Հայ Առաքելական եկեղեցու գրանցումը, խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված եկեղեցական կառույցների վերադարձը,
- Ջավախքահայության արտագաղթի կանխումը և կրթա-մշակութային զարգացման հնարավորությունների ստեղծումը, այդ նպատակով Ախալքալաքում հայ-վրացական համալսարանի հիմնադրումը:
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ
2011թ. սեպտեմբերի 30,
Ախալքալաք-Երևան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել