«Ժառանգությունը» պնդում է, որ ավտոմեքենաների ապահովագրման գործընթացը վաղ է և անթույլատրելի
«Ժառանգությունը» առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը
Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ Զարուհի Փոստանջյանը հանդես եկան «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթով:
Սույն օրենքի ընդունումը, որն իրենից ենթադրում էր ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել:
Գնաճային գործընթացներին դժվարությամբ դիմակայող քաղաքացիների համար ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը հավելյալ ֆինանսական մեծ բեռ է, որն այս պայմաններում ցածր եկամուտ ունեցողների համար (որը բնակչության գերակշիռ մասն է կազմում) վաղ է եւ անթույլատրելի:
Հասարակության ներսում առկա գործընթացներն արդեն իսկ փաստում են, որ քաղաքացիներն ունեն բացասական դիրքորոշում, քանի որ ի վիճակի չեն վճարելու եւ կյանքի կոչելու օրինագծի դրույթներից բխող պարտավորությունները: Այն մի կողմից բերում է ֆինանսական հավելյալ չնախատեսված ծախսերի, մյուս կողմից` ուղղված է մի քանի տնտեսվարողներին երաշխավորված գերշահույթներ ապահովելուն:
Օրենքը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, որով ամրագրված են Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության եւ գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որեւէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա, ինչպես նաեւ` քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց:
Անհրաժեշտ է կիրառել սահմանադրորեն ամրագրված այն դրույթը, ըստ որի` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ` պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը սահմանվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել