ԼՂՀ հարցով հռչակագիր` Աստանայում
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարություն ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովին
Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայնեցին, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկել` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ ենթատեքստում նրանք հղում արեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Մոսկվայի 2008 թ. նոյեմբերի 2-ի եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի հայտարարություններին: Նրանք համաձայնություն հայտնեցին, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն եւ անվտանգություն կբերի եւ կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջեւ համաձայնության հասնելու համար:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին իրենց հանձնառությունը ձգտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009թ. հուլիսի 10-ի լ’Ակվիլայի եւ 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա:
Միջնորդ երեք երկրները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որոնք կանգնած են անհրաժեշտ որոշումների կայացման առջեւ: Նրանք կոչ արեցին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին նոր էներգիայով կենտրոնանալ հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, եւ հանձնարարեցին համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի հետ` աջակցելով ձեռնարկվող ջանքերին:
Բանակցությունների ընթացքի մթնոլորտի բարելավման համար, նրանք կոչ արեցին հավելյալ քայլեր ձեռնարկել` ուղղված հրադադարի ամրապնդմանը եւ վստահության միջոցների իրականացմանը բոլոր բնագավառներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել