Բացահայտվել են «լճափնյա» գողություններ
Երեկ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1965 թ. ծնված Կոնստանտին Ա.-ին: Պարզվել է, որ նա Սևանի լճափնյա «Ծովակ» հանգստյան գոտու տնակներից մեկի տանիքից գողացել է ալյումինե թիթեղներ:
Հետագա քննությամբ պարզվել է, Կոնստանտին Ա.-ն նոյեմբեր ամսին գողություններ է կատարել նաև Սևանի «Եթեր» և «Վոյաժ» հանգստյան գոտիների տարածքներից:
Կատարվում է քննություն:
Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներին հաջողվել է «լճափնյա» մեկ այլ գողություն բացահայտել. ժամը 17.00-ին բերման է ենթարկվել Ծովագյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Միշա Խ.-ն:
Պարզվել է, որ նա նոյեմբերի 25-ի երեկոյան «Սևան-2» հանգստյան տան հարակից վագոն-տնակի պատուհանի ապակին կոտրելով՝ մտել է ներս և գողացել ռադիոընդունիչ, ապա փորձել է գողանալ ալեհավաքը, սակայն չի կարողացել:
Պատճառված վնասի չափը 50.000 դրամ է: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել