Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են վարքի պատճառով
«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Ն.Փաշինյանի` նոյեմբերի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխումը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաև դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ: Այս մասին ասված է ՀՀ արդարադատության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի տարածած հաղորդագրությունում:
Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի` «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարունակելու նպատակով»:
«Լրատվության առանձին միջոցների և քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև դատապարտյալի «ճակատագրով» իբր մտահոգված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ և պարզ գործառույթը քաղաքականացնելուց:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ լրատվության առանձին միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, քրեակատարողական վարչության կողմից նախօրեին հայտարարվել էր, որ դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս անվտանգության նկատառումներով, որևէ աղերս չունի իրականության հետ: Քրեակատարողական վարչության կողմից լրատվության որևէ միջոցի նման տեղեկություն չի տրամադրել»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել