HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական «կառավարվող դեմոկրատիայի» հմայքը

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած` Единая Россия իշխող կուսակցության համագումարը, ինչպես նաեւ դրանից հետո փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկությունն ու այդ ամենի հետ կապված զարգացումները շատ լավ նյութ են Ռուսաստանի վարչակարգը բնորոշող, այսպես կոչված, «կառավարվող» կամ «սուվերեն» ժողովրդավարության մոդելի էությունը վերստին հասկանալու եւ վերլուծելու համար:

Единая Россия-ի համագումարում, որը կոչված էր նախապատրաստելու կուսակցության մասնակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններին, ըստ էության, որոշվեց ինչպես այդ, այնպես էլ գալիք նախագահական ընտրությունների ճակատագիրը, ուրվագծվեց մոտակա առնվազն վեց տարիների ընթացքում իշխանությունների կոնֆիգուրացիան: 

Համագումարն ընդամենը վավերացրեց ետնաբեմերի նեղ շրջանակներում կայացրած որոշումները: Համագումարին մասնակցող` ՌԴ անկուսակցական նախագահն առաջարկեց իշխող կուսակցության ղեկավար Վլադիմիր Պուտինին` առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում: Եվ դա այն դեպքում, երբ մինչեւ նախագահական ընտրություններ դեռ պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրությունները: Պուտինն էլ` ընդունելով առաջարկը, իր հերթին առաջարկեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մեդվեդեւը գլխավորի Единая Россия-ն, իսկ իր նախագահ դառնալուց հետո գլխավորի նաեւ կառավարությունը: Մեդվեդեւը միանգամից ընդունեց առաջարկը: 

Հայտարարվեց նաեւ, որ խնդրո վերաբերյալ Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ քննարկումներ են եղել դեռ այն ժամանակ, երբ որոշվել էր վերջինիս առաջադրել նախագահի թեկնածու: Փաստորեն պետության գլուխ կանգնած երկու մարդու միջեւ տարիներ առաջ ձեռք բերված ներքին պայմանավորվածությամբ է որոշվում, թե իշխող կուսակցության կողմից ովքեր են լինելու պետության բարձրագույն պաշտոնների հավակնորդները: Համագումարի ժամանակ կուսակցականներից ոչ ոք, կարծես թե, դեմ դուրս չեկավ այդ իրողությանը: Գրեթե համոզված կարելի է ասել, որ նույն պատկերը կլիներ, եթե Պուտինը հայտարարեր, թե ինքը չի առաջադրվում եւ առաջարկում է, որ Մեդվեդեւը կամ մեկ ուրիշը լինի կուսակցության թեկնածուն:

Բանն այն է, որ վերոնշյալ առաջարկներն անելուց առաջ դրանք երբեւէ հրապարակավ չեն քննարկվել Պուտինի կուսակցությունում եւ այդ առաջարկներն անելուց հետո նույնպես որեւէ քննարկում տեղի չունեցավ: Փաստորեն իշխանության գլուխ կանգնած երկու մարդկանց միջեւ ներքին պայմանավորվածության հրապարակայնացումը 100%-ով ապահովում է դրա իրագործումը: 

Եվ, ուրեմն, ռուսաստանյան ամենախոշոր` իշխող կուսակցության ներսում չկան կուսակցությանը հուզող կարեւորագույն խնդիրների վերաբերյալ որեւէ հրապարակային, բաց քննարկում, բանավեճ, մրցակցություն: 

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցը մինչեւ խորհրդարանական ընտրություններ որոշելուն. եվրոպական պետություններում եթե, օրինակ, կուսակցությունը չի հավաքում այնքան ձայն, որքան ակնկալում էր ստանալ, նրա ղեկավարը կամ կուսակցության ցուցակը գլխավորողը շատ հաճախ հրաժարական են տալիս, վերանայում են ծրագիրը եւ այլն: Իսկ այս պարագայում ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որեւէ կերպ չեն կարող ազդել կուսակցության ներքին իրավիճակի, ղեկավարության, կազմի, ծրագրի վրա: 

«Փոխատեղման» ծրագրի հրապարակումից հետո Կուդրինը հայտարարեց, որ նա տնտեսական հարցերում Մեդվեդեւի հետ ունի տարաձայնություններ, եւ որ կհրաժարվի ապագայում տեղ զբաղեցնել վերջինիս կառավարությունում: Մեդվեդեւը հրապարակավ դժգոհություն հայտնեց սույն փաստի առումով: Նա նշեց, որ նախագահի տնտեսական քաղաքականությունը նաեւ կառավարության քաղաքականությունն է, եւ այս դեպքում նախագահի հետ անհամաձայնությունը նշանակում է անհամաձայնություն կառավարության հետ, ուստի հետաքրքրվեց, թե արդյոք Կուդրինը պատրաստվում է հրաժարականի դիմում գրել: 

Ըստ ՌԴ սահմանադրության, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը, իսկ կառավարության գործունեության հիմնական ուղղությունները սահմանում է վարչապետը, այլ ոչ թե նախագահը: Այսինքն` նախագահի մոտեցումները տնտեսական օրակարգի վերաբերյալ կարող են եւ չհամընկնել կառավարության դիրքորոշման հետ, Ռուսաստանում  տնտեսական քաղաքականության ձեւավորման համար վարչապետի մոտեցումներն են հիմք ծառայում: Վերջինիս վերաբերյալ Կուդրինը հրապարակայնորեն դժգոհություն չի արտահայտել, Պուտինն էլ, իր հերթին, Կուդրինից չի բողոքել: 

Ստացվում է, որ Մեդվեդեւը տնտեսության վերաբերյալ իր սուբյեկտիվ մոտեցումները չկիսելու համար Կուդրինին առաջարկում էր հրաժարական տալ: Կուդրինը հայտարարեց, որ կպատասխանի ՌԴ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո: Նույն օրը այս հարցը հանգուցալուծվեց նրանով, որ վարչապետի առաջարկությամբ ՌԴ նախագահը պաշտոնանկ արեց նրան: Պետք է նշել, որ այլ կերպ, ըստ Սահմանադրության, նախագահը չէր կարող պաշտոնանկ անել փոխվարչապետին: 

Պուտինը դեմ չգնաց նախագահի ցանկությանը, եւ դա այն դեպքում, երբ ինքը առնվազն հրապարակայնորեն դժգոհություն չի հայտնել Կուդրինից, իսկ վերջինիս պաշտոնանկության հարցը, ըստ Սահմանադրության, միայն ինքը կարող էր լուծել: Բայց Ռուսաստանի նախագահի հրապարակավ հայտնած ցանկությունը պետք է անվերապահորեն ի կատար ածվի, հավանաբար, դրանով էր պայմանավորված Պուտինի նման վարքը: Կուդրինին պաշտպանելը կարող էր վերոնշյալ կանոնը կասկածի տակ դնող վտանգավոր նախադեպ առաջացնել: 

Էդգար Վարդանյան
ՌԱՀՀԿ փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter