
Թերթի տեղեկություններով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարական պետական տեսչության պետ Վռամ Գյուլզադյանին աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով:
Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Տիգրան Սարգսյանը քննադատել էր մի քանի գերտեսչությունների, այդ թվում նաև գյուղնախարարության աշխատանքները: Դրանից հետո պաշտոններից ազատվեցին փոխնախարարներ և վարչության պետեր, նաև` Գլուլզադյանը:
Այդ դեպքերից մի քանի օր հետո Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Վ. Գյուլզադյանի պաշտոնանկումը կապեց «Զվարթնոց» օդանավակայանում պատգամավորներից մեկի դստեր բեռի արգելափակման հետ` չնշելով, թե կոնկրետ որ պատգամավորին նկատի ունի:
Խոսքը, թերթի տեղեկություններով, վերաբերել է ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, ում դուստրը զբաղվում է այնպիսի նյութերի ներկրման բիզնեսով, որոնք պետք է ստուգվեն նշված տեսչության կողմից:
Ըստ թերթի աղբյուրների, «Զվարթնոց» օդանավակայանում այդ տեսչության տեսուչները մի փոքր ուշացրել են պատգամավորի դստեր բեռի զննումը, ինչի համար էլ Դ. Հարությունյանը բողոքել է Տ. Սարգսյանին: Այս տեղեկատվության առնչությամբ Դ. Հարությունյանից մեկնաբանություն ստանալ երեկ չի հաջողվել, քանի որ վերջինս բացակայում է հանրապետությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել