HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եվրոպային սպառնում է կարմրուկը, իսկ Ճապոնիային` կապույտ հազը

Եվրոպական երկրներում 1000 կենդանածին նորածնի հաշվով մանկական մահացությունը 3.7 է, իսկ կենտրոնական Ասիայում' 17.8 մարդ: Մահացության պատճառներից մեկն էլ վարակիչ հիվանդություններն են, որոնց դեմ հնարավոր է պայքարել պատվաստումներով:

Եվրոպական տարածաշրջանում մանկական ինֆեկցիաների դեմ պատվաստումների ցուցանիշը կազմում է մոտ 94%, սակայն 24 մլն երեխա դեռեւս մնում է չպատվաստված: Այս տվյալները հրապարակեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մանրէային եւ վիրուսային պատրաստուկների բաժնի պետ Արման Բադալյանը' վկայակոչելով առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների միջոցով կանխվոմ է 1.4 միլիոն մահվան դեպք, որը կարող էր վրա հասնել բնական ծաղիկ, պոլեոմելիտ, դիֆթերիա, կարմրուկ, կապույտ հազ եւ այլ հիվանդություններից:

Հայաստանում պոլիոմելիտի դեմ պատվասումները 2009թ կազմել են 94%, իսկ 2010-ին' 96%: Պոլիոմելիտը անբուժելի հիվանդություն է, եւ մարդուն մինչեւ կյանքի վերջ գամում է հաշմանդամության սայլակին: Մեր երկրում 1996 թվականից հետո պոլիոլելիտի նոր դեպք չի գրանցվել: Պոլիոմելիտը սկսվում է ջերմության բարձրացումով: Սկզբում սուր շնչառական եւ աղիքային հիվանդության նման է արտահայտվում: Այդ փուլը տեւում է մոտ 10 օր, հետո դադար է լինում, և սկսվում է մարդու վերջույթների թուլացման փուլը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ԱՊՀ երկրներում արձանագրվել է դիֆթերիայի 50 հազար նոր դեպք, Ճապոնիային սպառնում է կապույտ հազը' 13 հազար նոր դեպով, իսկ Տաջիկստանում մոլեգնում է պոլիոմելիտ հիվանդությունը: Այս երկրում միայն 2010թ. արձանագրվել է 458 նոր դեպք: Գ. Սահակյանի ասելով' 2011թ.-ին եվրոպական երկրներում արդեն գրանցվել է կարմրուկի համաճարակ;

«Աշխարհի յուրաքանչյուր երկիր իր տվյալները հաղորդում է ԱՀԿ-ին: Տաջիկստանը միշտ հաղորդել է պատվաստումների 95-98% ընդգրկվածություն: Իրական ընդգրկվածության արդյունքում այս կարգի բռնկում չպետք է տեղի ունենար: Առավելագույնը 1-2 պոլիոմելիտի դեպք կարող էր գրանցվել: Դա հիմք հանդիասացավ, որ Տաջիկստանում իրական ընդգրկվածության ստուգում անցկացվի: Արդյունքում պարզվեց, որ երեխաների 40%-ն է պատվաստվել, մնացածը կեղծ գրանցումներ է եղել»,-ասում է Գայանե Սահակյանը:

Գրեթե նույն վիճակն է նաեւ հարեւան Ուզբեկստանում: ԱՀԿ-ին հաղորդվել է պատվաստումների 95% ընդգրկվածություն այն դեպքում, երբ Ուզբեկստանը մեկ տարի շարունակ վակցինա չի ունեցել:

«Ուզբեկստանը թաքցնում է դեպքերը, այնտեղ պոլիոմելիտի մեծ թվով դեպքեր են գրանցվում, բայց քանի որ նմուշները չի ուղարկվում հատուկ ստուգման, ոչ ոք չգիտի իրական վիճակը: Նույնն է նաև Ղազախստանում»,-նշում է Գ. Սահակյանը:

Ըստ նրա' Ուզբեկստանում հիվանդության իրական վիճակը թաքցնում են կառավարական մակարդակով: Նախագահի ցուցումով արգելել են միջազգային կազմակերպությունների մուտքը երկիր:

Գայանե Սահակյանը կոչ է անում բոլոր ծնողներին իրենց երեխաներին պարտադիր տանել պատվաստման' հավատացնելով, որ մեկ պատվաստումը փրկում է բազմաթիվ մարդկային կյանքեր: Միեւնույն ժամանակ հավաստում է, որ Հայաստան է ներմուծվում բարձրորակ պատվաստանյութեր: «Եթե ծնողը կասկածում է որակի կամ ժամկետի խախտումների առումով, ապա կարող է հենց տեղում նայել սրվակի վրա առկա գրառումները եւ համոզվել, որ ժամկետանց եւ ցածրորակ դեղ չի ներկրվում»,-ավելացրեց Գ. Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter