Ստամբուլի հայերը պահանջում են պատրիարքի նոր ընտրություններ անցկացնել
«Աթեշեանը մեր շահերը չի ներկայացնում»,- հայտարարել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները պահանջում են որ թուրքական կառավարությունն իրենց թույլ տա նոր պատրիարքի ընտրություններ անցկացնել:
Երեկ «Մենք ենք ուզում ընտրել մեր պատրիարքին» նախաձեռնող խմբի անադամները մամուլի ասուլիս են հրավիրել, որը լայնորեն լուսաբանվել է նաև թուրքական լրատվամիջոցներով: Նրանք պնդում են, որ թուրքական կառավարությունը զրկել է հայ համայնքին իր եկեղեցական առաջնորդին ընտրելու իրավունքից: Ասուլիսում բողոքի նախաձեռնող խմբի անդամ Մարքար Եսաեանն ասել է, որ իրենց իրավունքը ոտնահարվել է:
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհուրդում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշեանն ընտրվել էր որպես Պոլսո պատրիարքական փոխանորդ:
Նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ կառավարությունը, ստեղծելով մինչև օրս հայկական եկեղեցում գոյություն չունեցող մի կոչում, այն շնորհել է Արամ Աթեշեանին: « Թուրքիայի հայերից խլեցին պատրիարք ընտրելու հնագույն իրավունքը։ Մենք պահանջում ենք մեր ընտրելու իրավունքը»:
Նախաձեռնող խմբի անդամ Կարո Պալեանը նշել է, որ Աթեշեանը պաշտպանում է թուրքական կառավարության տեսակետը, և ամեն տեղ գնալիս հայտարարում է, որ հայերը խնդիրներ չունեն թուրքական պետության հետ. «Մենք ուզում ենք որևէ մեկին, ով չի վախենա արտահայտել իր կարծիքը և կկարողանա ներկայացնել մեր համայնքը իրականությանը համահունչ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել