Տեսչության պետը պաշտոնանկ է արվել հանուն Դավիթ Հարությունյանի դստեր բիզնեսի
Գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանը պատասխանել է «Հետքի» հարցերին:
Ավելի վաղ հայտարարել էիք, որ պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով են Ձեզ աշխատանքից ազատել: Ի՞նչ խնդիր եք ունեցել պատգամավորի դստեր հետ:
Դավիթ Հարությունյանի աղջիկը թղթե բաժակներ ու նվերի պայուսակներ է ներկրում հանրապետություն: Երկար ժամանակ այդ ապրանքները ներկրել է ու իրեն բրոքեր է աջակցել: Բրոքերը նրանից միշտ մեծ փողեր է վերցրել: Ասել է, թե Ֆիտոսանիտարիայի տեսուչն է մեծ փողեր ուզում, մաքսայինն է փող ուզում եւ այլն: Վերջին 4 անգամը աղջիկն ինքն է զբաղվել այդ ձեւակերպումների հարցերով: Դավիթ Հարությունյանի ասելով, իմ տեսուչը աղջկան 3 անգամ շատ լավ ընդունել է, շատ լավ սպասարկել է (իհարկե չիմանալով, որ Դավիթ Հարությունյանի աղջիկն է), չորրորդ անգամը «նամյոկ» է արել, որ աղջիկ ջան մենք պիտի գանք ապրանքը նայենք, եթե կարիքը լինի լաբորատորիա ուղարկենք եւ այլն: Այսինքն` այն ինչն ամբողջությամբ մտնում է իր պարտականությունների կատարման մեջ: Հետո ասել է` աղջիկ ջան, քանի որ բերածդ թուղթ է, մի քանի անգամ էլ նայել ենք, դա վարունգ չէ, կարտոֆիլ չէ, որ առավել ուշադիր լինենք, դրա համար արագ-արագ սպասարկում ենք, դու էլ շնորհակալություն ես ասում ու գնում ես: Բա, դատարկ շնորհակալություն ասելով կլինի՞: Աղջիկն էլ ասել է` ինչ է, ինձանից փող ես ուզո՞ւմ: Տեսուչն էլ ասել է` քո նման սիրուն աղջկանից ո՞նց կարելի է փող ուզել:
Դավիթ Հարությունյանը զանգել է իմ դամբուլ նախարարին: Նախարարն էլ ասել է` ես գիտեմ, որ այդ հիմնարկում մեծ փողեր են հավաքվում, բայց ես գործ չունեմ, որովհետեւ Գյուլզադյան Վռամը ինձ չի ենթարկվում: Դավիթ Հարությունյանն էլ զանգել է վարչապետին:
Վարչապետն էլ զանգել է նախարարին, նա էլ վարչապետին ասել է նույնը եւ ատելությամբ լի կեղծիքները ներկայացրել է որպես իրականություն: Վարչապետն էլ առանց ուսումնասիրելու նախարարի կեղծիքները հիմք է ընդունել:
Դա էլ դարձել է այդ գործընթացի պատճառը, բայց քանի որ դրանով չէին կարող քաղծառայողին մեղադրել, առաջ քաշեցին արդեն ծեծված ստուգումների թեման: Մի բան, որին ես չեմ մասնակցել, որովհետեւ նախարարը ինձ մեկուսացրել էր եւ այդ գործը հանձնարարել էր Լիցենզավորման վարչության պետ, ՕԵԿ անդամ Տիգրան Գասպարյանին:
Դրա արդյունքում Տիգրան Գասպարյանը նախապես դիմում էր գրել գործից դուրս էր եկել գործը լավ չանելու համար: Այդ գործը շուռ տվեցին իմ դեմ, թե իմ տեսուչը մասնակցել է, ես էլ լավ չեմ վերահսկել, ուրեմն` մեղավոր եմ: Քաղծառայության խորհուրդն էլ, որին շատ հարգում ու հավատում եմ, ուղղակի կպավ կամ կառչեց զուտ իրավաբանական հիմբերից: Բանավոր, բարոյական դաշտի հիմնավորումները չանցան, իսկ ես իրավական առումով չկարողացա հիմնավորել, որ ես գործին չեմ մասնակցել: Դրա համար կայացվեց որոշում եւ համաձայնություն տրվեց, որ ինձ գործից հանեն:
Հենց սկզբից, երբ տեսաք, որ Ձեր նկատմամբ ճնշումներ կան, պատգամավորն էլ արդեն զանգել էր վարչապետին, ինչո՞ւ այս ամենը չբարձրաձայնեցիք:
Ես դա չգիտեի, արձակուրդում էի: Իմ արձակուրդի հաշվին, իմ միջոցների հաշվին գնացել էի Վրաստան` մասնակցելու միջազգային մեր կազմակերպության ժողովին: Նախարարն ինձ թույլ չտվեց, որ գնայի, ես արձակուրդ վերցրի իմ հաշվին գնացի: Անցյալ տարի էլ նույնը` մեկնեցի Ռուսաստան եւ ընտրվեցի ԱՊՀ երկրների խորհրդի նախագահի տեղակալ:
Բայց վարչապետն արդեն հեռուստատեսությամբ հայտարարել էր, նախնական քննարկումների ժամանակ ինձ չեն հրավիրել: Չնայած, որ ես ի պաշտոնե ուղղակի հաշվետու եմ նաեւ վարչապետին, բայց ինձ խորհրդակցությանը չեն հրավիրել, որ ես էլ իմ ասելիքն ասեմ: Վարչապետն ընդունել է նախարարի առաջարկած կեղծիքները, հավատացել է եւ կայացրել է որոշում:
Չե՞ք պատրաստվում բողոքել որոշման դեմ եւ վերականգնվել աշխատանքում:
Չէ, ինձ ապօրինի չեն ազատել, իրավաբանորեն Քաղծառայության խորհուրդը ճիշտ է:
Չեմ պատրաստվում վերակագնվել աշխատանքում, որովհետեւ նախ` ես զզվում եմ այս նախարարի հետ աշխատելուց, երկրորդը` Քաղծառայության խորհուրդը իրավական հարթության վրա ճիշտ որոշում է կայացրել, եւ ես Քաղծառայությանն ավելի շատ եմ հավատում, քան դատական համակարգին:
Այսինքն` ընդունո՞ւմ եք, որ որոշ սխալներ, այնուամենայնիվ, թույլ տվել եք:
Չէ: Ես ընդունում եմ, որ իմ պարտականությունները հանձնարարել էր կատարելու լիցենզիայի վարչության պետին, եւ ես այդ պրոցեսին չեմ մասնակցել ու այդ ժամանակ աղմուկ չեմ բարձրացրել, չեմ դիմել վարչապետին կամ Քաղծառայության խորհրդին, որ իմ ֆունկցիաները վերցրել ուրիշին է տվել: Այդ հարցով ես իրենց հետ համաձայն եմ: Պետք է ժամանակին զեկուցագիր ներկայացնեի, որ ինքը (նախարար Գերասիմ Ալավերդյանը- հեղ.) ինձ զրկել է իմ ֆունկցիաները կատարելուց: Ես դա չեմ արել, իմ բացթողումը դա է, եթե ժամանակին արած լինեի հաստատ Քաղծառայության խորհուրդն իր համաձայնությունը չէր տա:
Պաշտոնանկությունից հետո ինչո՞վ եք զբաղված:
Օ~յ, ես մինչեւ հիմա ֆերմերությամբ եմ զբաղվում, շարունակելու եմ զբաղվել: գյուղատնտեսության ֆերմերների ազգային միության եւ ագրարագյուղացիական միության հասարակական կազմակերպության հետ աշխատանքներով: Նաեւ պատրաստվելու եմ մասնակցել այս նույն տեղի համար հայտարարվելիք մրցույթին:
Եթե նախարարից «զզվում» եք, մրցույթում հաղթեք ինչպե՞ս եք նրա հետ աշխատելու:
Համոզված եմ, որ մինչեւ մրցույթ լինի, այս դամբուլն արդեն նախարար չի լինի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել