HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մադրասի հայ համայնքի ձևավորման պատմությունից

Հայ Մադրասի 300-ամյակին ընդառաջ Հայը ոչ միայն օգտուեր է իր շուրջ երեւան եկած ու ծաղկած քաղաքակրթութիւններէ, այլ եւ եղեր է անոնց իւրացնողը եւ տարածողը հեռաւոր հորիզոններ: Ան եղեր է միջնորդ: Յաճախ իրմէն բան մը դրեր ու տուեր է ուրիշին: (Գեւորգ Մեսրոպ)

Հայ-հնդկական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն:

Եռանդուն և աշխատասեր հայ վաճառականների համբավը վաղնջական ժամանակներից հայտնի էր ոչ միայն Հնդկաստանում, այլև ողջ Ասիայում և Եվրոպայում: Հին աշխարհի հայտնի մտածողներ Քսենոփոնը, Հերոդոտոսը, Ստրաբոնը և Պլինիոսը գովեստով պատմում են, որ հայերը վաճառականություն են անում Պարսկաստանի, Բաբելոնի, Հնդկաստանի, Հունաստանի և Իտալիայի հետ: Իսկ ավելի ուշ Հնդկաստանի եվրոպական վաճառականության պատմության գիտակ Ռայնալը հայերին կոչում է «Տեր կամ ուսուցիչ Ասիայի ներքին վաճառականության... դրամատեր, միանգամայն վերջին աստիճանի ժուժկալ ու խնայող, դաշնակից պարսիկների և հնդիկների, մանրազննին քննող և ընդարձակամիտ»:

Հարավային Հնդկաստանում հայերն առաջինը հաստատվում են Մադրասում (Չեննայ)` իրենց ազդեցիկ դիրքը պահպանելով ընդհուպ մինչև 18-րդ դարավերջ: Մադրասը Հնդկաստանի առաջին եվրոպականացված քաղաքն է, որտեղ եվրոպացիները` ի դեմս պորտուգալացիների, հաստատվում են 15-րդ դարում: Հաջորդ դարակեսին անգլիացի գաղութատերերը պորտուգալացիներից կարողանում են խլել առաջնությունը: Եվրոպական պետությունների միջև Հնդկաստանում հաստատվելու համար մղվող պայքարը հետապնդում էր գաղութատիրական, միսիոներական նպատակներ, մինչդեռ հայերի ներկայությունն ի սկզբանե պայմանավորված էր բացառապես վաճառականությամբ: Հայտնի է, որ քրիստոնեությունը Մադրաս մուտք է գործել 4-րդ դարում` Թովմաս առաքյալի հետևորդների կողմից:

Ըստ Տ. Թ. Պատ. Գուշակյանի` այդ քարզիչների մեջ եղել են նաև հայեր: Հնդկական աղբյուրներում իբրև Ս. Թովմասի (հին Մադրաս) բլրի առաջին բնակիչներ հիշատակվում են հնդիկները, պորտուգալացիները և հայերը: Մադրասի հիմնադրման պատմության մեջ հայտնի են մի քանի վարկածներ: Նախ նշենք, որ այն կապվում է քրիստոնեության հետ: Ավանդությամբ քաղաքի հիմնադիր է համարվում Թովմաս առաքյալը, որը 68թ. հաստատվում է Մայլաբուրում (Սան Թոմե): Մեկ այլ վարկածով 780թ. քրիստոնյա վաճառական Թովմաս Կանան Մուղլի կայսրից թույլտվություն է ստանում Կրանգանորի մոտ հիմնել քաղաք, որտեղ աստիճանաբար գերակշռում են քրիստոնյաները` ձեռք բերելով կրոնական, առևտրային և սոցիալական արտոնություններ: Այս մարդը հայտնի է նաև Թովմաս Կանարեո կամ Մար Թովմաս անունով:

Առկա աղբյուրներում նշվում է նաև ազգությամբ հայ Թովմասի` Հնդկաստան տեղափոխվելու մասին, որը համապատասխանում է նույն ժամանակաշրջանին: Վերջինս իր շուրջն է համախմբում մի խումբ հավատացյալների` նոր զարթոնք տալով քրիստոնեությանը: Նա ձեռնադրվա՞ծ էր, թե՞ ոչ` հայտնի չէ, սակայն ըստ “Armenian Settlements in India from the earliest times to the present day” գրքի հեղինակ Ա. Բասիլի` նրա շուրջ համախմբված քրիստոնյաներին դադարում են հալածելուց: Չհերքելով պատահականության վարկածը` ավելացնենք, որ հնարավոր է` երկու դեպքում էլ մենք գործ ունենք նույն մարդու հետ: Անհերքելի փաստ է, որ Մադրասի ձևավորման պատմության մեջ անգնահատելի դեր ունեն հայերը: Դրա վառ վկայությունն է Ս. Թովմասի բարձունքի վրա կառուցված եկեղեցու պատին պահպանվող գրությունը. «Gregorio Parao (Gregory Sarkis of Erevan, a pearl merchant), Armenio, 1707», որը համարվում է քաղաքի ամենահին արձանագրությունը: Հնդիկ հեղինակ Ս. Մութահը Մադրասին նվիրված իր աշխատության մեջ հետևյալ հարցադրումն է անում. «Արդյո՞ք այս ամենը վկայում է, որ քաղաքի հիմնադիրներից մեկը Գրիգորի Սարգիսն էր»:

Մադրասում հայ վաճառականների հայտնի լինելու լավագույն ապացույցներից է նաև այն, որ արդեն 17-րդ դարակեսին նրանք վերահսկում էին առևտուրը ինչպես Հնդկաստանի ներսում, այնպես էլ դեպի Եվրոպա, Իրան և Մանիլիա` արտահանելով թանկարժեք քարեր և գործվածքներ: Անգլիացի հեղինակ Ջ. Կոտոնը 1905թ. հրատարակում է “List of inscriptions on tombs or monuments in Madras” աշխատությունը, որում, թվելով Մայլաբուրի Սան Թոմե եկեղեցու հին գերեզմանաքարերը, ուշադրություն է դարձնում Խոջա Մարտինիոյին պատկանող գերեզմանաքարին (16-րդ դ.):

«Ինչո՞ւ է եվրոպացուն կցվել խոջա անվանումը, այս անունը հայտնի է հայերի հետ կապված, օրինակ Խոջա Պետրոս»,- նշում է հեղինակը: Չբացառելով նրա հայ լինելը` բերենք մի հետաքրքիր դրվագ. 1783թ. անգլիացի Ջորջ Ֆորսթերը ճանապարհորդություն է սկսում դեպի Հնդկաստան, Աֆղանստան, Թուրքմենստան և Ռուսաստան: Նա ստիպված է լինում հագնել հայկական տարազ, վերցնել հայի անուն և ձևանալ հայ վաճառական: Միջնադարում հայի անունը եվրոպացիները հաճախ կրել են Ասիա և Աֆրիկա ներթափանցելու համար, որը բացատրվում է վերջիններիս ունեցած բարի համբավով, իսկ «խոջան» Հնդկաստանում կապվել է հայ վաճառականների անվան հետ:

Հայերի` Մադրասում հայտնի լինելու լավագույն վկայություններից մեկն էլ Պանդիչեյի ֆրանսիական գաղութի հիմնադիր Ֆ. Մարթինի հուշերն են, որոնք նա գրել է Սան Թոմեում 1665-1696թթ.: Անդրադարնալով հայերին` նա նշում է. «Քաղաքում կան բազմաթիվ հայեր, որոնք զբաղվում են առևտրով…»: Այս ամենին հավելենք, որ Մադրասի ամենահին գերեզմանաքարը պատկանում է Խոջա Դավթին և թվագրված է 1663թ.: Համայնքի ձևավորման և ստվարացման առումով առավել կարևոր էր պարսկահայերի հաստատվելը քաղաքում: Վերջիններս վաղնջական ժամանակներից իրենց առևտրային գործունեությամբ հայտնի էին Հնդկաստանում: Այս վաճառականների մեջ բավական մեծ թիվ էին կազմում Ջուղայի հայերը, որոնք Շահ Աբասի կողմից Պարսկաստան տեղափոխվելուց հետո շարունակում էին միջնորդ առևտրականների առաքելություն կատարել Ասիայի և Եվրոպայի միջև: Շահ Հուսեինի կառավարման շրջանում հալածանքները Պարսկաստանում մեծանում են քրիստոնյաների նկատմամբ, և հայերի զգալի մասը գաղթում է կասպյան ափամերձ երկրներ, իսկ մոտ 10.000 հայ տեղափոխվում է Հնդկաստան, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում նորջուղայահայերը: Այդ է պատճառը, որ Մադրասի հայ համայնքի ձևավորման մեջ կարևորվում է նրանց դերը:

1880թ. հրատարակած «Ի Նոր Ջուղա» գրքի հեղինակ Հարություն Թ. Տեր Հովհանյանցի կարծիքով` «Սկիզբն վաճառականութեան Հայոց` ի Պարսկաստան և ընդ սահմանին Հնդկաց եղև նախքան զհիմնարկութիւնն Նոր Ջուղայու...»: Հնդկահայոց պատմության գիտակ Մ. Սեթը հայտնաբերել է 1790թ. Մասուլիպատամում գրված ոմն Սարգիս Հովհաննեսին պատկանող նամակ, որից կարելի է ենթադրել, որ Մադրասի կանոնավոր հայ համայնքը հիմնվել է 1666թ.: Մինչդեռ Ա. Բեսիլը համարում է, որ դա տեղի է ունեցել ավելի վաղ: Վերջինս հիմք է ընդունում այն, որ Քոլքոնդայի արքան, երբ 1662թ. պորտուգալացիներից նվաճում է Սան Թոմեն, համագործակցում է Մարգար Էրեզադ անունով հայի հետ, այսինքն` կարելի է ենթադրել, որ հայերը արդեն ազդեցիկ էին քաղաքում: Մադրասում հայերի ազդեցության լավագույն ապացույցներից մեկն էլ Ջ. Կոտոնի այն վկայությունն է, որ հայերը 1688թ. ստեղծում են իրենց առաջին առևտրային կազմակերպությունը` կարևոր դեր զբաղեցնելով երկրի տնտեսության մեջ: Նույն թվականին է վերագրվում նաև «Ոսկեփորիկ» ձեռագիրը, որը պահվում է բրիտանական թանգարանում:

Այսպիսով, Մադրասի հայ համայնքի ձևավորումը տեղի է ունեցել աստիճանաբար, որը կանոնավոր տեսք է ստացել 17-րդ դարավերջին: Հայ համայնքի կազմավորման լավագույն վկայություններից է նաև 1712թ. Ս. Գեորգևյան բերդի մոտ Մադրասի առաջին Հայ առաքելական մատուռի հիմնումը, որի տեղում հետագայում կառուցվում է ներկայիս Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին: Հարկ ենք համարում նշել, որ հայերը երբեք, անգամ համայնքի ծաղկման շրջանում մեծ թիվ չեն կազմել քաղաքում (1784թ.` 293, 1842թ.` 145, 1906թ.` 36, 1961թ.` 5, 2010` 1), սակայն իրենց ազդեցությամբ և կարողությամբ, ինչպես նաև հայրենանվեր և ազգանպաստ գործունեությամբ գերազանցել են ժամանակի առավել հայաշատ, այդ թվում եվրոպական գաղթօջախներին` անգնահատելի հետք թողնելով հայ տարեգրության պատմության ոսկե էջերում:

Հերմինե Ադամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter