
Բանից պարզվում է` վերջերս մեծ հանդիսավորությամբ Շիրակի մարզում բացված շաքարի գործարանն անորոշ ժամանակով փոկվել է, աշխատողներին էլ տուն են ուղարկել ու տեղեկացրել, որ երբ պետք լինի, կկանչեն:
«ՉԻ» - Զավեշտն այն է, որ այդ գործարանի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը եւ նույնիսկ հուզիչ ճառ արտասանել այն մասին, որ այդ գործարանը Շիրակի մարզում մոտ 1000 աշխատատեղ կապահովի, կխթանի գյուղատնտեսությանը եւ այլն:
Հիմա պարզվում է` ոչ թե 1000 աշխատատեղ է ապահովել, այլ 1000 արձակուրդատեղ: Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվել: Որովհետեւ Սամվել Ալեքսանյանն արագ-արագ ինչքան իրեն պետք է եղել արտադրել է ու փակել գործարանը, ինչն իր հերթին նշանակում է, որ «հարեւան երկրներին շաքարով ապահովելու» եւ «արտաքին շուկաները նվաճելու» ծրագրերը, մեղմ ասած, հեքիաթներ էին:
Պարզ ասած` «արտաքին շուկաներում» հայկական շաքարը տեղ չունի: Եվ գիտե՞ք, թե ինչու: Որովհետեւ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, մրցակցություն կա: Այնպես որ, այդ գործարանը միայն Հայաստանի համար է աշխատելու:
Մեր շուկան էլ այնքան փոքր է, որ գործարանը տարին 2 ամիս աշխատի, լրիվ հերիք է: Ինչը եւ տեղի է ունենում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել