HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Գրողն ու մարդը նրա մեջ համահունչ էին

Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր Ահնիձորում ամփոփվեց գրողի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Հրանտ Մաթևոսյանի ժամանակակիցները խոսում են Մաթևոսյան գրողի և մարդու մասին: Համլետ Մաթևոսյան` Հրանտ Մաթևոսյանի եղբայրը Գրողն ու մարդը նրա մեջ համահունչ էին, նույնն էին: Գրականության մեջ էն ա, ինչ որ իրական կյանքում: *** Մաթևոսյանի գրականության մեջ բազմաթիվ հակասություններ ես գիտեմ, եթե խոր ընթերցեք, դուք էլ կտեսնեք: Դա ոչ թե թուլություն ա, այլ մեծ գրողի արժեքն ա: Հակասություն ամեն մարդու մեջ կա, և հակասությունը գրականության մեջ կա, ինչպես կյանքն ա հակասություն: Հակասականությունը նրա էությունն ա, բնավորությո՞ւնը… Բնավորությունը շատ փոքր մասն ա նրա մեծ էության: Նա նախ և առաջ մեծ էություն ա, ոչ թե զուտ խառնվածք: Բոլորս էլ խառնվածք ենք վերջին հաշվով` պարզունակ խառնվածք կամ խոր խառնվածք: Նրանը էություն ա` մեծ և անընդգրկելի էություն: *** Քաղաքում ինքը իր տեղում չէր… Իրեն տրված հարցին` որտեղ կուզենայիք ապրել, տվել ա առաջին պահ շատ տարօրինակ, բայց ճշգրիտ պատասխան` եթե Հայաստանը չլիներ, կուզեի ապրել Սկանդինավյան կղզիներում: Դա ոչ թե լավ կյանքի մղումն ա, այլ էն երանելի կյանքը, որ նա կուզեր հենց բուն հայրենիքում, իսկ Մաթևոսյանի և նրա պես մտածող յուրաքանչյուրի տեղը պետք ա իր «փոքր հայրենիքը» լինի: «Փոքր հայրենիքի» գյուտը հենց Մաթևոսյանինն ա: Մինչ այդ մեր գրականության մեջ չկա. ուզում եք Ակսել ասեք, ուզում եք, այսպես կոչված` գյուղագիրներ ասեք. առաջինը Մաթևոսյանն ա: *** Ես քաղաք չգնացի. ես «փոքր աշխարհի» բնակիչն եմ: Դա ինձ համար տիեզերքի ամենամեծ տարածքն ա` անընդգրկելի, պետք ա պարզապես տեսնել կարողանալ: Նույնը արել ա նաև Սահյանը` «այս փոքրիկ տունն ու այս մեծ երկիրը». դրանք համահունչ են: Ով չունի այդ փոքրիկ հայրենիքը, նա մեծ հայրենիքի զգացողություն ամենևին չունի: *** Մաթևոսյանի կերպարները իրական մարդիկ են: Նա ոչ այնքան կերպար ա ստեղծել, որքան իրական մարդկանցով բնակեցրել ա գրականության իր մեծ կալվածքը: Ես բախտավորություն եմ ունեցել էդ կերպարների կամ մարդոց մեջ լինել նրա ամենաերիտասարդ տարիքի ձեռագրերից մինչև վերջին հարցազրույցները: Բայց Մաթևոսյանն ինձ արարելով` ինձնով արարել և կրկնել ա իր մանկությունը: Իսկ ամենամեծ կերպարը ինքն ա, և յուրաքանչյուր կերպար Մաթևոսյան ա` ավագ եղբայրն ա, թե Համո Մաթևոսյանը, մեր մյուս եղբայրը կամ քույրը, Աղունը, Սիմոնը, մեծ ու փոքր հորեղբայրները, Ռոստոմը. ում ուզում եք թվարկեք, ամենքի մեջ ինքը կա` անօտարելի, անհեռացնելի: Եթե ինքը չկա, նշանակում ա` էդ կերպարը առ ի չգոյ ա հաստատ: *** Ինքնագովության պես մի բան ասեմ` շուտ եմ հասկացել, որ նա գրող ա, ու ինձ թվում էր` միայն ես եմ հասկանում: Էդպես էլ հասուն տարիքում յուրաքանչյուր խոր ընթերցողի թվում ա, թե միայն ինքն ա հասկանում, կողքինը չի հասկանում, կարծում ա` միակ բախտավորը ինքն ա: Իսկ էդ բախտավորները էսօր տեսնում եմ, որ շատ են: Դա լավ ա: *** Շատ տարօրինակություններ ուներ: Բայց Բեռնարդ Շոուի պես էքսցենտրիկ չէր, ոչ էլ ցուցադրական տարօրինակություն էր. ինքնեղ, ինքնաբուխ, ինքն իր ներսից: Տարօրինակություններն էլ շատ օրինակելի, շատ բնական էին, իրեն շատ էին սազում: *** Անճար համեստներից չէր: Շատ հանճարներ կան, որ ասում են` մենք համեստ ենք, բայց գիտեն իրենց տեղը. համեստ չըլնեն, ինչ են անելու: Մաթևոսյանը իր մեծությունը լավ գիտեր: Եթե հանդուգն մարդիկ համարձակվում էին գնահատել նրան, կարողանում էր նրանց բերանը փակել և պատասխանել ոնց որ պետքն էր, ոչ թե կոպտությամբ, այլ գրականության էջով: *** Ինքը միշտ դժգոհում ա խոսքի ավելորդաբանությունից: Կոչ ա անում լինել պատմող: Ու ինքն էլ տարակուսում ա` ես հանդարտ էպիկ չեղա: Սխալվում ա էդ մի հարցում` անկրկնելի պատմող ա` ինքնասույզ և միևնույն ժամանակ բաց զրուցող: *** Դժգոհեցի մի անգամ. կարդացել էի «Մխիթար սպարապետը», ասեցի` ինչի չես Խանզադյանի նման մեծ վեպ գրում: Ծիծաղեց ու անունս դրեց Սերո: Նույն տարի տպվեց, անունս էլ մնաց Սերո: Լավ կերպար ա ստեղծել: *** Մաթևոսյանը գյուղագիր չի: Գյուղագրությունը քաղաքագիրների, ուրբանիստների հորինած բանն ա: Մաթևոսյանը գյուղագիր չի, ուրբանիստ չի. մեծ գրող ա. նայում ա աշխարհին, մարդուն. դա իր խոսքերն են: *** Ով որ չի հասկանում նրան, թող չսիրի: Ովքեր ծուլամիտ են, ում գլուխը ցավում ա մտածելուց, նրանք չեն կարող հասկանալ: Մեղմ ասած` նաղլաբանությո՞ւն են ուզում, աշխարհը լիքը գիրք ա, թող դրանք կարդան, հասկանան: *** Մինչև ինքը կբարեհաճեր ուսուցչություն անել, ես աշակերտել եմ իրեն հենց իր պատմվածքներով: Իր փոքր եղբորը կշտացնում էր գրքերով և սիրելով: Հետո տեսավ, որ ես լավ ընթերցող եմ: Շատախոս չէր, չէր կարողանում քարոզ անել: Ինձ համար օրինակելի էր նրա ապրած կյանքը: Գուցե ոմանց համար էլ անընդունելի էր. ոմանք չէին կարող էդ կենցաղով ապրել, բայց ես առել եմ էդ օրինակը, որ պետք ա ապրել Մաթևոսյանի պես, նրա պես մտածել, նրա պես լինել: *** Մաթևոսյանական գենը հանճարեղ գեն ա: Իմ մերը անգրագետ էր, իմ հերը անգրագետ էր, բայց գրագիտությունը կարծեմ գիրք կարդալով չէր նրանց, ինքնաբուխ կար: Համալսարանական կրթություն չունեն, դպրոց չեն գնացել, կողքից ոչ մեկը չի սովորեցրել. իրենցից ա: Մեծ հորեղբայրս էլ չի դպրոց գնացել, բայց գրքի պաշտամունք ուներ, իմ երեխաներին Պուշկին էր կարդում: Գենը իրա մեջ դրսևորվեց: Բա ինքը պետք ա լիներ, ով պետք ա լիներ… Թումանյանի հետ ազգակցական կապ կա: Բայց ասացեք խնդրեմ, իմ տղան էլ կապ ունի Մաթևոսյանի հետ, դա նշանակում ա` պետք ա գրո՞ղ դառնա: Ազգակցական կապը խաբուսիկ ա, ի վերջո տրված ա մեկին կամ երկուսին. Հրանտին, Հրաչիկին ա տրված, ես էլ ընթերցող եմ. էդքանով ազգակցական կապ ունեմ մորս հետ, գրականության գծով: Վանիկ Քառյան` Ահնիձորի գյուղապետ «Ահնիձորը» որ տպվել էր, էս մարդուն նեղել էին մի քիչ, որովհետև իշխանությանը ճանկռտելու պես մի բան էր: Հիշում եմ, որ ահնիձորցիք խոսում էին, մի տեսակ տարակուսանք կար` ոնց թե իշխանություններին դեմ ա… Դժվարհասանելի էր: Հիմա հասկանում եմ արդեն` ինչը ոնց ա: Ինքը ներկայացրել էր ճիշտը, որը էն վախտվա իշխանությունների կողմից ընդունելի չէր: Իսկ նա իրականությունն էր ներկայացրել` ոնց որ կար: Ներկայացրել էր Ահնիձորը` իրա մեծով, փոքրով, իրա լավ ու վատով, բարքերով, բնությամբ: Ինքը չէր ուզում, որ ճանապարհները ասֆալտ ըլնեն: Սոճուտ ունենք, էն ժամանակ ուզում էին տուրիստական բազա ստեղծեն, էս մարդը դեմ էր: Ասում էր` թող անաղարտ մնա մեր անկյունը, մաքուր մնա, թող ճամփեքը թենց դժվարանցանելի մնան, որպեսզի «ուրիշ տիպի» մարդիկ չլցվեն ըստեղ: Թող մաքուր մնա` էս էն մարդու տեսակետն էր: Հըմի ներկայիս իշխանությունները դրան են գնըմ, որ մաքուր մնա Ահնիձո՞րը, որ էս ճամփեքը չեն շինըմ, թե՞ պարզապես… Ամեն տարի խոսվում ա, որ ճամփեքը բարվոք տեսքի բերվեն, միշտ խաբում են. հավատ չունենք: Շահիլ Դանիելյան` Մաթևոսյանի ժամանակակիցն ու համագյուղացին Մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր: Բարի հոգով, բնություն սիրող, ժողովուրդ սիրող մարդ էր: Մաթևոսյանի գրականության հըմար նըշվում ա` Մաթևոսյանի բնությունը, նրա մանկությունը, ապրումները: Երբ ընթերցըմ ես, չես տեսնըմ` ներկայիս մեքենան կամ տրանսպորտը. հին գյուղական կյանքն ա: Մաթևոսյանը իրա ուղեղը ծանրաբեռնըմ ա և հավերժացնըմ Ահնիձոր գյուղը: Սիրըմ էր մեր սարերը, մեր գեղեցիկ Կալքարը, ասէր` ըստեղ մի բաժակ բան խմեմ, մի կտոր հաց ուտեմ: Ինքը որ գալիս էր գյուղ, հանգստանըմ էր: Անհատական բոլոր գյուղացիներին իրանց անուններով ներկայացրել ա` Ավագը, Իշխանը, Վանիչկեն: Չափազանցություն չկա, բոլորը իրական մարդիկ են, իրականությանը համապատասխան ա: Մեկն էլ իմ հերն ա, նույն իմ հոր բառերն ա գրել` «հայ կրակ, հայ կնիկ, հայ աշխարհ»: Հերոսներն էլ, դերասաններն էլ ոնց որ նույն էդ մարդիկն ըլեն. Ավագը դեմքով նույն Ազատ Շերենցն ա, Իշխանը` Մհեր Մկրտչյանը, Պավլեն` Խորեն Աբրահամյանը: Քառյան Զավեն` Մաթևոսյանի մանկության ընկերը Մեր պարգևն ա էդ տղեն: Մեր գյուղումը աչքի լույս տղա ա էլել, ամեն ինչով գերազանց` թե խասիաթով, թե սովորելու տեսակետից, թե ազնվությամբ: Ինքը խաթրից շատ մաքուր տղա էր: Սարըմն էի. հովիվ էի, ավտոյով էկավ սարը: Իրա հայրը` Իգնատը, ձեն տվուց, գնացի մի լավ գառը մորթեցի: Մաշկեցի, կախ արի, ուզեի կըտորեմ: Հրանտն ասավ կացնով չկպչես, թողեց ոչ, որ կացնով ողնաշարը կես անեմ, նոր կըտորեմ: Ինքը դանակը վերցրուց, խաղեխաղ միսը կըտորեց, կտորնին դրեց պղնձի տակին, մի 3-4 հատ պամիդոր դրուց, մի բաժակ պիվա լցուց, ղփուլը դրուց վրին: Վերցուց, տեհանք` միսը ոսկրահան ա էլել, եփել: …Ես տոլչով խմող էի, ինքը` կում անող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter