HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Փոսը չի լցնում, բնակչին էլ չի փոխհատուցում

Վանաձորի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների հատման հյուսիսարևելյան մասում գտնվող երկրաշարժից ավերված «ֆոտոէտյուդի» շենքի տարածքը վանաձորցիներն անվանել են «էլիտար փոս». էլիտար շենք կառուցելու համար Վանաձորի քաղաքապետն այս փոսը փորել ու տարիներով չի լցնում։

Շենքը քանդվելուց հետո բնակիչները հենց շենքի բակում տնակներ էին տեղադրել ու երկար տարիներ ապրում էին։ Ժամանակ առ ժամանակ իրենց բնակարանային խնդրով դիմում էին համայնքի ղեկավարությանը և միշտ նույն պատասխանն էին ստանում, որ շենքն անպայման կվերակառուցվի։ Ներկայիս քաղաքապետ Սամվել Դարբինյանն էլ ընտրված օրվանից (առաջին ընտրությունը 1999-ին էր) խոստանում է բնակիչներին. «Ժողովուրդ ջան, սարքելու եմ, պետք ա տուն ունենաք»։ Այսպես՝ մինչև 2007 թվականը։ 2007-ին քաղաքապետարանի աշխատակիցները հաշվառեցին փաստացի տնակներում, բնակվող քանդված շենքի բնակիչներին՝ 12 ընտանիք, և նույն թվականի փետրվարի 26-ին քաղաքապետարանը պայմանագրեր կնքեց նրանց հետ։ Բնակիչները պարտավորվում էին 15-օրյա ժամկետում ազատել իրենց զբաղեցրած տարածքը, իսկ համայնքը պարտավորվում էր տարածքն ամբողջությամբ ազատելուց հետո երկամսյա ժամկետում հայտարարել աճուրդ՝ բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով նշված հողամասը վաճառելու վերաբերյալ։ Շենքի կառուցումից հետո բնակիչներին պետք է բնակարաններ հատկացվեին նորակառույց շենքում` նախկին բնակմակերեսի չափով։ Ըստ պայմանագրի՝ շենքը պետք է կառուցվեր, և բնակարանները բնակիչներին հատկացվեին` տարածքն ամբողջությամբ շինություններից ազատելուց հետո` երեք տարի երկու ամսվա ընթացքում։ Հակառակ դեպքում համայնքը պարտավորվում էր բնակիչներին տալ բնակարանի շուկայական արժեքին համարժեք դրամական հատուցում։ 2007 թ. ապրիլի 30-ին «Ֆոտոէտյուդի» տարածքը աճուրդային եղանակով վաճառվեց «Վիմպերգ» ՍՊԸ-ին։ Մեկ տարվա ընթացքում հազիվ «էլիտար փոսը» փորվեց, և այսքանով «էլիտար» շենքի կառուցումն ավարտվեց։ ՏԻՄ վերջին ընտրություններից առաջ՝ 2008-ին, քաղաքապետ Սամվել Դարբինյանը կանչել է բնակիչներին ու խոստացել, որ «շենքը սարքելու է 100%-ով։ Երդվել է հոր գերեզմանով, ասել է՝ էրեխեքիս խերը չտեսնեմ, թե խաբում եմ»։ Խոստացել է մարտից սկսել շինարարությունը։ Բայց ընտրվելուց հետո դարձյալ մոռացել է իր երդումները։ 2007-ից «Ֆոտոէտյուդի» տարածքն այլևս համայնքային սեփականություն չէ։ Այն պատկանում է «Վիմպերգ» ՍՊԻ տնօրեն Արթուր Վարդանյանին։ Բայց քաղաքապետը շարունակում է խոստումներ տալ ուրիշի սեփականության վերաբերյալ։ Բնակիչների խոսքով՝ անցած տարի քաղաքապետն իրենց կանչել ու բնակարանի գնման վկայագրեր է առաջարկել, ինչից բնակիչները կտրականապես հրաժարվել են. նրա առաջարկած գումարով կենտրոնում չեն կարող տուն գնել, ծայրամասի տների գին է առաջարկում, իսկ իրենք չեն պատրաստվում ծայրամաս տեղափոխվել։ Բնակիչների և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է 2010 թ. ապրիլի 26-ին, իսկ շենքի շինարարությունը չի էլ սկսվել։ Վերջերս քաղաքապետը դարձյալ կանչել է բնակիչներին՝ իմանալու՝ դատի կտա՞ն, թե՞ ոչ։ Քաղաքապետի անհանգստության պատճառն այն է, որ բնակիչներից մեկը՝ Ռոբերտ Չատինյանը, դատական հայց է ներկայացրել քաղաքապետարանի դեմ։ Քաղաքապետը մտահոգվում է, որ մյուս բնակիչներն էլ կհետևեն նրա օրինակին։ Հայցի հիմքը պայմանագիրն է։ Պայմանագրի ժամկետը լրացել է, իսկ քաղաքապետարանը չի կատարել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունը. չի կառուցել շենքը։ Բնակիչն էլ պահանջում է իրեն փոխհատուցել իր բնակարանի գումարային արժեքով։ Դատարանը վճռել է հօգուտ հայցվորի բռնագանձել այդ գումարը։ Վանաձորի քաղաքապետը, սակայն, չի պատրաստվում այդքան հեշտ փոխհատուցել Չատինյաններին։ Նախ՝ առարկություն է ներկայացրել դատարանին բնակարանի շուկայական արժեքի վերաբերյալ։ Երկու անգամ դատական փորձաքննություն է նշանակվել։ Փորձագետի վերջնական եզրակացությամբ՝ դատարանը բնակարանի արժեքը գնահատել է 13 մլն 600 հազար դրամ՝ քաղաքապետարանի ներկայացրած 10 մլն 500 հազարի փոխարեն։ Վանաձորի քաղաքապետարանը վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ խնդրել բեկանել գումարի բռնագանձման մասին վճիռը, ապա փոփոխություն կատարել պայմանագրի մեջ՝ երկարացնել պայմանագրի ժամկետը։ Բողոքի հիմքում դրել է պայմանագրի՝ բնակիչների կողմից 15-օրյա ժամկետում տարածքն ազատելու վերաբերյալ պայմանը, ինչը, ըստ Ռոբերտ Չատինյանի պաշտպան Կարեն Թումանյանի, ընդհանրապես անհիմն է, քանի որ բնակիչները ժամանակին են ազատել տարածքը։ Կոնկրետ Չատինյաններն իրենց զբաղեցրած տարածքն ազատել են նշված ժամկետից էլ շուտ՝ մեկշաբաթյա ժամկետում։ Իսկ տարածքն ամբողջությամբ շինություններից ազատվել է մարտ ամսվա ընթացքում։ Բացի դրանից` սահմանված ժամկետում տարածքն ազատելու վերաբերյալ հարցը բարձրացվել է նաև դատարանում։ Սակայն այս հարցով կողմերի միջև ընդհանրապես վեճ չի եղել։ Ըստ փաստաբանի՝ եթե այդ փաստը չի վիճարկվել առաջին ատյանի դատարանում, ապա այն չի կարող վիճարկվել վերաքննիչ դատարանում։ Ինչ վերաբերում է պայմանագրի ժամկետը երկարացնելուն, ապա, ինչպես փաստաբանն է նշում, չգործող պայմանագրի մեջ չի կարող փոփոխություն կատարվել։ Իսկ պայմանագրի ժամկետը վաղուց է լրացել։ Փաստաբան Կարեն Թումանյանը համոզված է, որ քաղաքապետարանը չի ունեցել և չունի իր ստանձնած պարտավորությունները կատարելու որևէ մտադրություն. ոչ մի քայլ չի ձեռնարկել շինարարական աշխատանքները սկսելու ուղղությամբ: «Չի ներկայացրել ճարտարապետահատակագծային առաջադրանք, չի ստացել շինարարության թույլտվություն, չի կազմել նախագիծ, նախահաշվային փաստաթղթեր,- ասում է փաստաբանը:- Հետևաբար, չի էլ կարող կատարել պայմանագրով բնակարանի կառուցման և բնակարանների տրամադրման իր պարտավորությունները, առավել ևս, որ նշված տարածքն այլևս իր սեփականությունը չի»։ Փաստաբանի կարծիքով՝ պայմանագրի ժամկետի մեջ փոփոխություն կատարելու դեպքում էլ չի կարող կատարել իր պարտավորությունները. «Ծախել ա, չունի այդ հողատարածքը. որտե՞ղ կառուցի։ Ուզենա էլ, չի կարող կառուցել»,- ասում է Կարեն Թումանյանը։ Պատասխանելով «Հետքի» հարցադիմումին՝ քաղաքապետարանը տրամադրել է 2007 թ. հոկտեմբերի 12-ին հաստատված՝ շենքի շինարարության թույլտվությունը։ Փաստաթղթի գոյությունը զարմացրեց փաստաբանին։ «Նախ` սրա ժամանակն անցել է։ Ժամկետը լրացել է 2009 թ. հոկտեմբերի 12-ին»,- ասաց Կ. Թումանյանը։ Ապա տեղեկացրեց, որ 2009-ի մայիսի 22-ին ինքը հարցում է արել այս նույն փաստաթղթի մասին, որն իրենց չեն տրամադրել։ Նա եզրակացնում է, որ եթե նման տարեթվով ու ամսաթվով փաստաթուղթ կա, նշանակում է` իր հարցման ժամանակ էլ պետք է որ գոյություն ունենար։ Իսկ նրան պատասխանել են՝ «չունենք»։ Այս ամենը կասկածի տակ է դնում «Հետքին» տրամադրված ժամկետանց փաստաթղթի իսկությունը։ Փաստաբանը համոզված է, որ այս պահին էլ այդ շենքի համար շինարարության թույլտվություն եւ նախագիծ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter