HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովում «կարիքավոր» պատգամավորներ էլ կան

Պարզվում է` Երեւանում բնակարան չունի Ազգային ժողովի ընդամենը 5 պատգամավոր: ՀՀԿ խմբակցությունից Ռաֆիկ Գրիգորյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը, Արծրունի Աղաջանյանը եւ Իշխան Խաչատրյանը, բացի իրենց աշխատավարձից, ամեն ամիս ԱԺ-ից ստանում են 45,000 դրամ: «Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն` Երեւան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Արդեն 8 տարի է` գումարի չափը չի փոխվել: Երբ զրուցում էինք նշված պատգամավորների հետ, նրանցից ոչ մեկը սկզբում չէր ասում, որ վարձով է ապրում Երեւանում. նշում էին, թե քառօրյաներին ամեն օր գնում-գալիս են: Սակայն երբ հիշատակում էինք 45,000 դրամի մասին, միանգամից ասում էին, թե Երեւանում տուն են վարձել: Միանշանակ կարելի է պնդել, որ Երեւանում 45 հազար դրամով բնակարան հիմա հնարավոր չէ վարձակալել: «Այսօր բոլորն էլ այդ գումարի կարիքն ունեն, ոչ միայն ես» «Չկա մի նիստ, որին չմասնակցեմ: Հաճույքով էլ գնում-գալիս եմ»,- ասաց պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Երբ հետաքրքրվեցի, թե ինչի վրա է ծախսում ԱԺ-ից ստացած 45,000 դրամը, եթե ամեն անգամ գնում-գալիս է, պատգամավորն անմիջապես խոսքը փոխեց. «Նիստի օրերին հիմնականում Երեւանում եմ լինում, ամեն օր 120 կմ չեմ կարող գնալ-գալ: Բնակարան եմ վարձել»,- նշեց Ռ. Գրիգորյանը: Պատգամավորը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից է: Ռաֆիկ Գրիգորյանը դժգոհ է հատկացվող 45,000 դրամից: Ասում է, որ այդ գումարով հնարավոր չէ բնակարան վարձել: «Բայց ո՞վ կգնա խնդիր կբարձրացնի: Մի քանի տարի առաջ այդ գնով հնարավոր էր բնակարան վարձել, հիմա` չէ»,- ավելացրեց Ռ. Գրիգորյանը: Արդեն 6 տարի է` նա ամեն ամիս ստանում է այդ գումարը, բայց համարձակություն չի ունենում ասելու, որ ավելի շատ գումարի կարիք ունի: «Դուք այդ գումարի կարիքն ունե՞ք»,- հարցրի պատգամավորին: «Այսօր բոլորն էլ այդ գումարի կարիքն ունեն, ոչ միայն ես»,- հնչեց պատասխանը: Ռաֆիկ Գրիգորյանը բավականին լուրջ պաշտոններ է զբաղեցրել: 1982-1985 թթ. եւ 1989-1992 թթ. եղել է Չերկասսիի (Ուկրաինա) սերմնաբուծական գիտահետազոտական տնտեսության գլխավոր տնօրենի տեղակալը, 1992-1996 թթ.` «Շինարար» ՍՊԸ-ի տնօրենը, 1996-1999 թթ. ղեկավարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը, 1999-2003 թթ. զբաղեցրել Գեղարքունիքի փոխմարզպետի պաշտոնը, 2003 թ. մինչ օրս էլ պատգամավոր է: Դժվար է հավատալ, որ այս պաշտոնները զբաղեցրած պատգամավորը կարիքի մեջ է: Ոչ բիզնեսմեն է, ոչ էլ «մեծ» փողեր ունի Արարատ գյուղում բնակվող Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ ինքը նույնպես քառօրյայի ժամանակ գնում-գալիս է, մեկ-մեկ էլ պատահում է, որ մնում է Երեւանում: Պատգամավորի ասելով` Երեւանում բնակարան է վարձակալում: 45,000 դրամը նրան էլ չի բավականացնում, բնակարանի վարձը տալու համար նա մի բան էլ իր աշխատավարձից է ավելացնում: Պատգամավորը հավաստիացնում է, որ այդ գումարի կարիքն ունի: Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1990-1993 թթ. եղել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետը, 1993-1996 թթ.՝ Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալը, 1996-1998 թթ.` Արարատի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանշինբաժնի վարիչը, 1998-1999 թթ. զբաղեցրել է Արարատի փոխմարզպետի պաշտոնը: Պատգամավոր է 1998 թվականից: «Ինձ պիտի ճանաչես, նոր ֆինանսական հարցեր տաս: Եթե այդ գումարը ստանում եմ, ուրեմն որոշակի կարիք կա, իհարկե կարիքն ունեմ»,- ասաց Լ. Ալեքսանյանը, երբ նրան հարցրի` արդյո՞ք 45,000 դրամն իրեն խիստ անհրաժեշտ է: Ըստ նրա` պարտադիր չէ, որ իշխող կուսակցության պատգամավորն ապահովված լինի: Հարցին, թե ինչու ՀՀԿ-ն չի օգնում ֆինանսական դժվարություններ ունեցող իր պատգամավորներին, Լ. Ալեքսանյանը պատասխանեց. «ՀՀԿ անդամն անպայման պետք է բիզնես ունենա, փող ունենա, հա՞: Կուսակցությունը մեզ ո՞նց կօգնի, երբ մենք ենք կուսակցությանն անդամավճար տալիս: Ինչի՞ պիտի կուսակցությունը մեզ օգնի»: Լեռնիկ Ալեքսանյանը մոտ 8 տարի է` ստանում է այդ գումարը: Նրա ասելով` հատկացված 45,000 դրամը ոչ միայն բնակարանի, այլեւ կոմունալ վարձերի համար է տրվում: «Կարող է նույնիսկ բնակարան չվարձես ու այդ գումարով կոմունալ վճարումները կատարես: Այդ գումարը նույնիսկ կոմունալ վարձերին չի հերիքում: Նույնիսկ ճանապարհածախս կարող է լինել, գնալ-գալու փող է: Այն պատգամավորներին, ովքեր Երեւանում չեն ապրում, խոշոր բիզնեսմեններ չեն, մեծ փողեր չունեն, Ազգային ժողովն օգնում է: Մենք էլ դեմ չենք, որ օգնում է»,- ավելացրեց Լեռնիկ Ալեքսանյանը` մոռանալով, որ պատգամավորն օրենքով բիզնեսով զբաղվելու իրավունք ընդհանրապես չունի: Թեեւ պատգամավորն իր վիճակը ծանր ներկայացրեց եւ ասաց, որ «կարիքավոր» է, այնուամենայնիվ, նշենք, որ Լ. Ալեքսանյանը Արարատ գյուղում ունի 5-6 հա ծիրանի այգիներ եւ որոշակի եկամուտ է ստանում (բացառությամբ այս տարվա, քանի որ տարին բարենպաստ չէր): 7 հոգանոց ընտանիքն ապրում է 240 հազար դրամո՞վ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանն ապրում է Արթիկում: Պատգամավորին հարցրինք, թե ինչպես է ԱԺ քառօրյաներին մասնակցում: «Ինձ մեքենա է հատկացված»,- ասաց Ա. Աղաջանյանը: «Ամեն քառօրյայի ավտոմեքենան Ձեզ տանում-բերու՞մ է»,- հարցրի նրան: «Այո»,- պատասխանեց Ա. Աղաջանյանը: Հետո ասաց, որ շաբաթվա առնվազն 3-4 օրը Երեւանում է լինում, իսկ 3 օրը` Արթիկում: «Ամսվա կեսը Երեւանում եմ լինում, մի տեղ պետք է վարձեմ, որ մնամ, չէ՞»,- ավելացրեց նա: Երբ պատգամավորին ներկայացրի մեր զրույցի հիմնական թեման, սկսեց կոպիտ խոսել ու վիրավորել: «Ես գիտեմ, որ պատվեր են տվել, որ ուզում ես ինչ-որ բան գրես, ի՞նչ ես ուզում գրես: Բոլորի մեջ, որոնք չգիտեմ ինչեր են անում, դու ընտրել ես Արծրունի Աղաջանյանին եւ ուզում ես գրել, որ պետությանը վնա՞ս է տալիս»,- ասաց Ա. Աղաջանյանը: Հետո հանդարտվեց ու պատասխանեց հարցերին: Արծրունի Աղաջանյանին նույնպես հարցրի, թե ինչ նպատակով է ծախսում ԱԺ-ից ստացած 45,000 դրամը: «Ես էլ ձեզ հարցնեմ` դուք որեւէ տեղ տեսե՞լ եք, որ ես բիզնես ունեմ, կողքից եկամուտ ունեմ...: Բազմազավակ ընտանիք ունեմ, 7 հոգանոց ընտանիքս ապրում է միայն իմ աշխատավարձով: Եթե բիզնես չունեմ, 240,000 դրամ աշխատավարձով որպես պատգամավոր ի՞նչ անեմ»,- հակադարձեց պատգամավորը: Արծրունի Աղաջանյանը մինչ պատգամավոր դառնալը նույնպես լուրջ պաշտոններ է զբաղեցրել: 1999-2003 թթ. եղել է ԱԺ պատգամավոր, 2003-2005 թթ.` Շիրակի մարզպետի տեղակալ, 2005-2006 թթ.` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, սակայն դժգոհ է իր եկամուտներից: Ասում է, որ հասարակ մարդկանց համեմատ պատգամավորի ծախսերն ավելի շատ են, եւ աշխատավարձը չի բավականացնում: «Եթե դու ոչ մի տեղ չես գնում, կարող ես ամենահասարակ շորը հագնել, կարող ես 1-2 կոստյումով բավարարվել կամ 1 փողկապ ունենալ, կամ ընդհանրապես փողկապ չկապել, բայց պատգամավորն այդպես չի կարող»,- ասաց Արծրունի Աղաջանյանը: Պատգամավորը դժգոհեց, որ իր աշխատավարձով առնվազն 50-60 հազար դրամի լրացուցիչ բենզին է գնում, քանի որ ինքն «ակտիվ գործող» պատգամավոր է: Ըստ նրա` Երեւան գալու եւ Արթիկ վերադառնալու համար առնվազն 40 լիտր բենզին է անհրաժեշտ: Ազգային ժողովի հատկացրած վառելանյութով 4 անգամ կարող է գնալ-գալ, մինչդեռ նա մի 10 անգամ Արթիկ է գնում: «Ավտոմեքենայի ծախսերի համար ԱԺ-ն ընդհանրապես գումար չի նախատեսել: Այս տարի իմ գրպանից ակումուլյատոր եմ փոխել, պոմպ եմ փոխել, մոտ 250,000 դրամ ավտոմեքենայի վրա եմ ծախսել»,- պատմեց Ա. Աղաջանյանը: ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանից եւ Իշխան Խաչատրյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Հ. Մարգարյանն ասաց, որ իր հարազատներից մեկին դժբախտություն է պատահել, եւ չի կարող հարցազրույց տալ, իսկ Ի. Խաչատրյանի փոխարեն հեռախոսազանգերին միշտ պատասխանում էր կամ օգնականը, կամ վարորդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter