HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Գժական պատասխան

Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Գյումրի, նախագահությամբ Էդ. Նահապետյանի) վարույթ է ընդունել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Գյումրու քաղաքապետի դեմ հայցադիմումի պատճառը եղել է

«Հետք» թերթի համար նախատեսված հոդվածաշարը Ալեքսանդրապոլի հին տոհմերի եւ 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում տեղի ունեցած կարեւորագույն իրադարձությունների մասին: Գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի` Դրամփյանների պատմությունը ներկայացվել է «Հետքի» թիվ 21 համարում: Անդրադառնալով այս տոհմին` չի շրջանցվել նաեւ նրանց ժառանգ Իրինա Աբաջյանի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ երկարատեւ դատական վեճը: Այս առիթով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Գյումրու քաղաքապետին դեռեւս այս տարվա հուլիսի 6-ին 8 հարցերից բաղկացած տեղեկատվություն ստանալու նամակ է ուղարկել` խնդրելով պատասխանել: Եւ ահա նոյեմբերի 25-ին` մոտ հինգ ամիս անց, ստացել ենք մի պատասխան: Նշենք, որ այս հինգ ամիսների ընթացքում Գյումրու քաղաքապետը հասցրել է դառնալ ինչ-որ ակադեմիայի անդամ, շրջագայել տարբեր երկրներում, բիզնես-նախագծեր իրականացնել եւ միայն դատարան դիմելուց հետո մի քանի րոպե ժամանակ է գտել եւ գրել այս պատասխանը: Այն ներկայացնում ենք նույնությամբ. «Գյումրու քաղաքապետին հասցեագրված Ձեր 06.07.10 թ. թիվ 19-h15-ին պատասխան չի տրվել քաղաքապետարանի ամենօրյա իրականացվող գերլարված եւ ծանրաբեռնված աշխատանքի, ինչպես եւ այն պատճառով, որ նշված գրության բովանդակության ուսումնասիրությամբ մեզ համար ակնհայտ էր պատահական, թե կանխամտածված Ձեր բարեխիղճ մոլորության մեջ գտնվելը: Ի գիտություն Ձեզ, քաղ. Իրինա Աբաջյանը չի հանդիսացել եւ չի հանդիսանում Դրամփյանների ժառանգորդ: Նրա եւ քաղաքապետարանի միջեւ դատական վեճի տեւողությունը շուրջ տասն անգամ պակաս է եղել Ձեր նշածից: Ձեր կողմից բարձրացված հարցերին. 1. Որեւէ անշարժ գույքի սեփականությունը ճշտելու համար, գործող օրենսդրության համաձայն, անհրաժեշտ է դիմել անշարժ գույքի կադաստրին: 2. Ձեր երկրորդ հարցի պատասխանը տես 1-ին կետում: 3. Ձեր երրորդ հարցի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքապետարանը չի տիրապետում: Միգուցե այդ հարցով դիմեք Իրինա Աբաջյանի՞ն: 4. Ձեր չորրորդ հարցի պատասխանը տես 3-րդ կետում: 5. Ձեր հինգերորդ, ինչպես եւ վեցերորդ հարցերը առնչվում են ոչ թե տեղեկատվություն ստանալուն, այլ կարծիք հայտնելուն, որն իմանալու համար հարցազրույցի խնդրանքով հարկ է դիմել հասցեատիրոջը: 6. Ձեր յոթերորդ եւ ութերորդ հարցերի պատասխանները տես առաջին երկու կետերում: Պրն Բաղդասարյան, չե՞ք գտնում, որ Ձեր հարցադրումներով ոչ թե ցանկացել եք ստանալ տեղեկատվություն, այլ պատվիրված կարգով եւ անձնավորված հետին նպատակներ եք հետապնդել: Ինչեւէ»:

Նամակը ստորագրել է Գյումրու քաղաքապետի տեղակալ Գագիկ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter