Աքորիի համայնքապետը ոստիկաններից կարողացավ «ազատվել»
2008 թ. օգոստոսի 18-ին «Հետքի» հրապարակած «Գյուղական բյուջեներ. ինչու են դրանք հսկողությունից դուրս» հոդվածում հրապարակված փաստերի առթիվ հրապարակումից մեկ տարի անց ոստիկանության Լոռու մարզի Ալավերդու բաժնում հարուցվել էր քրեական գործ: Հոդվածը Աքորի գյուղի համայնքապետ Կամո Սիմոնյանի կողմից համայնքի բյուջեի անարդյունավետ ծախսումների եւ յուրացումների մասին էր:
Մեր հարցմանն ի պատասխան` քննչական բաժինն այդ ժամանակ տեղեկացրեց, որ Աքորի համայնքում իրականացնում է ֆինանսական գործունեության ուսումնասիրություններ: Սեպտեմբերի 16-ին Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանից տեղեկացանք, որ Աքորիի գյուղապետի գործի վարույթն արդեն ավարտվել է: Նոյեմբերի 22-ին Հատուկ քննչական ծառայության Ալավերդու բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանը հայտնեց, որ Աքորիի գյուղապետի քրեական գործով վերականգնվել է 370,000 դրամ: «Փորձագետների կողմից այդքան է հայտնաբերվել` պակաս իրականացված աշխատանքների դիմաց. որն ավելի շատ առնչվում է շինարարին, գյուղապետը փոխանցել է համապատասխան շինարարական կազմակերպությանը»,- ասաց քննչականի բաժնի պետը: ՀՀ Քր. օր.-ի 308 հոդվածի առաջին մասը սահմանում է, որ պաշտոնական անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահման արարքը հաստատվում է, երբ նրա պատճառած գույքային վնասը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` 500 հազար դրամը: Հոդվածում մենք նշել էինք բազմաթիվ թվեր` ցույց տալով, որ գումարները մսխվել են` առանց որեւէ աշխատանք կատարվելու: Մասնավորապես` տնկարան կառուցելու համար ծախսվել էր 2,2 մլն դրամ, սակայն իրականում այն գոյություն չուներ: «Տնկարանը ավագանու որոշումով ա կատարվել, թող ինչ-որ մարդիկ գան, արենդայով վերցնեն, էնտեղ տնկիներ ցանեն: Որ մարդ չկա, որ ուզենա դա անի, ես ի՞նչ անեմ»,- ասաց քննչականի բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանը: Իսկ «Սեդվի-Աքորի» ջրատարի անբավարար ջրամատակարարման մասին հարցին պատասխանեց. «Ջրատարի 40 մլն դրամ գումարն իրենք չեն տնօրինել, ուրիշ կազմակերպություն ա դա արել»: «Աքորիի «Տափի դուզ» հանդամասի ոռոգման նպատակով ծախսվել էր 8,9 մլն դրամ, սակայն այն գոյություն չունի: Սա ակնհայտ յուրացում չէ՞»,- հարցրինք Ռուդիկ Ստեփանյանին: Եվ ստացանք այսպիսի բացատրություն. «Ավագանին որոշել ա, ինքն էլ արել ա»: Թե ինչպես է ոստիկանության Ալավերդու բաժնի քննչականի աչքից «վրիպել» այս ամենը, թողնում ենք իրենց խղճին: Իսկ Աքորիում, այդուհանդերձ, մի նորություն կա. համայնքապետ Կամո Սիմոնյանը նոր մեքենա է գնել` «Մերսեդես E»: Գյուղացիները նույնիսկ գիտեն, թե ինչքան է նա վճարել` 8 հազար դոլար: Ըստ երեւույթին, համայնքապետն ինքն իրեն «մաղարիչ» է արել` ոստիկանությունից «պրծնելու» համար:
Մեկնաբանել