Օզոնային սարքը` պահարանի դերում
Հանրապետության տարբեր բուժհաստատություններ ինչպես պետբյուջեի ֆինանսավորմամբ, այնպես էլ որպես արտերկրից ուղարկված օգնություն, ստանում են բժշկական տարբեր սարքավորումներ:
Այդ բուժհաստատությունների ղեկավարներն, անշուշտ, պարտավոր են ստացված սարքերը ծառայեցնել հիվանդների ախտորոշման ճշտությունը եւ բուժման արդյունավետությունը բարձրացնելուն, ինչպես նաեւ բուժսպասարկման որակի բարելավմանն ընդհանրապես:
«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ՀՀ առողջապահության նախարարությունից 2008-2009 թթ. որպես օգնություն ստացել է կարեւոր սարքավորումներ, բայց ինչպե՞ս է վարվել դրանց հետ:
690,000 դրամ արժողության ախտահանման օզոնային սարքը, որը նախատեսված է վիրահատական գործիքների ախտահանման համար, ինչպես ՀՀ վերահսկիչ պալատն է պարզել, օգտագործվում է որպես տնտեսական ապրանքների պահարան: Միկրոհատիչ սառեցնող սարքը` 1,386,000 դրամ արժողության, որը պետք է օգտագործվեր ախտահյուսվածքաբանական լաբորատորիայում, չի օգտագործվել: Պատճառն այն է, որ ընկերությունը ձեռք չի բերել սարքի աշխատանքի համար անհրաժեշտ, ոչ թանկարժեք ածխաթթու գազով բալոնը, որը չի մտնում սարքի համակազմի մեջ:
ՎՊ-ն արձանագրել է, որ 16.04.2009 թ. ստացված թվով 3 սարքավորում` 3,606,000 դրամ ընդհանուր արժողության, մինչեւ ստուգման պահը չի օգտագործվել: Պալատը ՀՀ առողջապահության նախարարության կատարած 3,606,000 դրամի ծախսն անարդյունավետ է գնահատել:
Վստահ ենք, որ վերը ներկայացվածը հանրապետությունում առկա նմանաբնույթ օրինակների սոսկ մի փոքր մասն է:
Ա. Հովհաննիսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել