Հայրս
Գոլի Թարաղի
Այս պատմվածքը «Հիշողության պատառիկներ» պատմվածքների ժողովածուից է, որը հրատարակվել է 1994 թ. Գոլի Թարաղիի` 1980 թ. Ֆրանսիայում բնակություն հաստատելուց հետո: Ավելի ուշ` 2003 թ., լույս է տեսնում նաեւ «Երկու աշխարհ» ժողովածուն: Այդ ժամանակաշրջանի նրա ստեղծագործությունների հիմնական թեման հիշողություններն են` կապված հայրենի երկրի, մանկության հետ, կամ օտարության մեջ ապրող մարդու կյանքի դժվարությունների, ներաշխարհում առաջացած մոլորվածության մասին են:
Շամիրանի ընտանիքը մի մեծ տոհմի մասնիկն է, եւ մենք` երեխաներս` մեծ ու փոքր, ուրախ ու անհոգ, թավրիզցի երիտասարդներին հետեւելով, մեծանում էինք` մեր մեջ կրելով կանաչ մարգագետինների հարատեւությունն ու մրգատու ծառերի արգասավորությունը: Շամիրանի ընտանիքում ոչ ոք մահվան մասին չէր մտածում: Գերհզոր տանիքի տակ` ես, մայրս, խոհարարը` Հասան աղան, ու տան մնացած անդամները, ժամանակի ու ճակատագրի հարվածներից մեզ պաշտպանված էինք զգում: Հայրս ասում էր. «Ես պողպատից եմ, իսկ պողպատը երբեք չի ժանգոտում»: Հենց այնպես չէր ասում, նրան ոչ ոք հիվանդ չէր տեսել: Երկաթյա կամք ուներ, նյարդերն ասես քարից լինեին: Երեք բանի էր հավատում` արդարադատությանը, գիտությանը եւ, իհարկե, հարստությանը: Հարստություն` իշխանության հասնելու, իշխանություն` անկախ լինելու համար, անկախություն` տկարությունից, կարիքից, նվաստացումից հեռու լինելու համար: Պատահում էր` երեկոյան, երբ տրամադրությունը տեղն էր լինում, եղբորս ու ինձ կանչում, ժպտում էր, ձեռքը գլխիս դնում: Նրա ամուր ձեռքից ինչ-որ գերբնական զորություն էր փոխանցվում, նստում հոգուս մեջ: Մի հզոր ուժ` դարերի խորքից եկած, պապից պապ, ձեռքից ձեռք փոխանցված: Սրբազան մասունքի նման պաշար էր դառնում գալիքի համար: Աստված մի արասցե, կարող էին վատ օրեր, անվճռական պահեր, հուսահատ, մութ ժամանակներ գալ: Հարցրեց` որերորդ դասարանում եմ: Ասացի` յոթերորդ: Ստեցի, մեկ դասարան պակասեցրի: «Որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու»: Այդ հարցը հարյուր անգամ էր տվել: Ասացի. «Գրող»: Հարցրեց. «Գրող` խելացի՞, թե՞ պճնամոլ բանաստեղծ»: «Հարուստ գրող, որ անկախ լինեմ»,- պատասխանեցի: Ծիծաղեց: Գոհ էր: Մեզ զգուշացրել էր, որ հնարավորինս շուտ պիտի ընտանիքի դրախտային գրկից դուրս գանք, մի այլ տեղ` աշխարհի մյուս ծայրում, որի տեղը չգիտեինք, սովորելու եւ աշխատանք գտնելու գնայինք: Ասաց. «Իշու քուռակներ, պետք է արտասահման հասնեք, ոտքի կանգնեք, մարդ դառնաք»: Այդ խոսքերից հետո էր, որ միսթր Ղազնը` անգլերենի դասատուն, մեր կյանք մտավ: Նա ամեն բան մեզ սովորեցրեց` բացի անգլերենից: Պատրաստվում էինք ճաշել, երբ հայրս դասատուի հետ առաջին անգամ ներս մտավ: Բոլորիս կանչեց, պորտֆելը տվեց խոհարար Հասան աղային, կոշիկները դռան մոտ հանեց, բաճկոնն ու փողկապը մորս հանձնեց ու ներկայացրեց շեմին կանգնած փնթի, ճարպոտ ու սեւ մի մարդու: Ասաց. «Come in Mr. Ghazni»1: Ապշած նայում էինք ներս մտած անճոռնի մարդուն, եւ հորս նկատմամբ ունեցած ահն էր, որ մեզ թույլ չտվեց ծիծաղել կամ մի բան ասել: Միսթր Ղազնին չքավոր հնդիկ էր: Դեւի էր նման` դուրս պրծած կարմիր աչքերով, դեղնած մաշկով, փռված քթով ու լայն քթանցքներով, կապույտ շուրթերով, փոքր գլխով: Աչքը գետնից չէր կտրում: Մեր զարմացած հայացքներում տեսնում էր իր տգեղությունն ու ամոթից իրեն կորցրել էր: Քրտինքի հոտը խառնվել էր հնդկական օծանելիքի անհրապույր բույրին ու ալիքվում էր օդում: Դա էլ էր զգում. գերի ընկած կենդանու նման, աղերսագին հորս ու դռանն էր նայում: Սեղանը պատրաստ էր: Հայրս նստեց, ափսեն առաջը քաշեց: Առանց գլուխը բարձրացնելու` նշան արեց, որ Ղազնին էլ նստի: Ասաց. «Com. Sit.cat»: Միսթր Ղազնին լարովի տիկնիկի նման հնազանդվեց: Մի քանի քայլ առաջ եկավ: Գլուխը չէր բարձրացնում: Աթոռի ծայրին նստեց: Ինքն էլ էր զգում քրտինքի ու հնդկական օծանելիքի թունդ հոտը: Կուչ եկավ` աշխատելով հնարավորինս քիչ տեղ զբաղեցնել: Ձեռքերն ավելորդ էին, չէր կարողանում տեղավորել: Հայրիկի կարգադրությամբ Հասան աղան դժկամությամբ, քթի տակ փնթփնթալով, ափսե ու բաժակ բերեց դասատուի համար: Նրա շարժուձեւը վկայում էր, որ այս հնդիկը հայ կամ եվրոպացի ուսուցիչների վարկն ու հեղինակությունը չուներ: Միսթր Ղազնին զգում էր ինքնագոհ խոհարարի արհամարհանքն ու իրեն վերեւից նայելը: Հենց Հասան աղան մոտեցավ, հնդիկն ակամայից ոտքի կանգնեց, շնորհակալություն հայտնեց: Ես ու եղբայրս լայն ժպտացինք: Միսթր Ղազնին նկատեց: Նրա կարմիր աչքերը, չարաճճի երեխաների աչքերի նման, կայծկլտացին: Դեմքի խոժոռությունը միանգամից անցավ: Ասես ստվարաթղթե դիմակ էր դրել, որի հետեւում սեր ու սրտաբացություն էր թաքցված: Հայրս կարողացել էր դիմակից այն կողմ տեսնել, թափանցել նրա հոգու խորքը, գիտեր, որ Ղազնին ցեմենտե բարձր պատով պարփակված, հուռթի ու բուրավետ այգու է նման: Ասաց. «Նա ձեր անգլերենի դասատուն է. ով որ նրա հետ պարսկերեն խոսի, կտուգանվի»: Հետո շրջվեց դեպի Ղազնին, շարունակեց. «What is your nameգ»2: Միսթր Ղազնին աճապարանքով պատասխանեց. «My name is Ghaznii, Sir»3: Եղբայրս բարձր ծիծաղեց, ու նորից անգլերենի ուսուցչի դյուրահավատ աչքերն ուրախությունից փայլեցին: Ինչ-որ լավ ու բարի բան կար նրա հայացքում: Հայացք, որ փոքր-ինչ վախեցած էր եւ աչքի պոչով ապշած ինչ-որ բաներ էր զննում: Հայացք, որ սեր, առօրյա` խաղ ու ջերմ խոսքեր եւ հարաբերություն էր որոնում: Ինձ թվում էր` սկսում էի վստահել այդ օտար հնդիկին, սիրել ու մտերմանալ: Հասան աղայի խոհանոցին հարող պահեստը կիսադատարկ էր: Մաքրեցին, մի հին գորգ փռեցին հատակին, թախտ, սեղան, լամպ դրեցին եւ սենյակը հանձնեցին անգլերենի դասատուին: Միսթր Ղազնին ընտանիքի անդամ դարձավ եւ ապրեց մեր տանը: Հորս կարգադրությամբ նրա համար սպիտակ վերնաշապիկ ու տաբատ գնեցին: Հայրս իր կոշիկներից երկու զույգ նրան նվիրեց: Միսթր Ղազնիին ուղարկեցին բաղնիք ու վարսավիրանոց: Հնդկական էժանագին օծանելիքն օգտագործելն արգելվեց: Նրան պատեցին բուրումնավետ նյութերով ու միջատասպան քսուքով: Եվ նորահարսի նման զուգված, զարդարված, կոկիկ հագնված, ժպտերես (ինչպես դեւը) միսթր Ղազնին նախաճաշի սեղանի մոտ հայտնվեց: Բարեւեց մեզ: Ողջույնի խոսքերը պարսկերենով էին: Հինգ թուման տուգանվեց: Երբ հայրս տանը չէր լինում, մոռանում էինք անգլերենի դասերի մասին: Ղազնին բոլորովին այլ մարդ էր դառնում: Նրա ձեռքից ամեն ինչ գալիս էր: Հասան աղայի օգնականն էր դարձել: Նստում էր խոհանոցում, բրինձ, կանաչի, լոբի էր մաքրում: Երբ հյուր էինք ունենում, հագնում էր սպիտակ բաճկոնն ու թեյ, հյութ էր մատուցում: Մայրս ինքնագոհ ժպիտով Ազամ խանումին ու Ֆախրալսալթանեի աղջիկներին էր նայում, կարճ, անգլերեն նախադասություններով դիմում Ղազնիին. «Գնա», «Արի»... Ղազնին դարձավ մեր` երեխաներիս խաղընկերը եւ Հասան աղայի մտերիմը: Երեկոյան, երբ մենակ էինք լինում, մեզ Հնդկաստանի հրաշալիքների, անգլիական զորքերի դեմ ազատագրական կռիվների ժամանակ իր կատարած քաջագործությունների մասին էր պատմում: Մի հուշատետր ուներ: Նրա պատմություններն ավելի հետաքրքիր էին, քան «Հազար ու մի գիշերվա» հեքիաթները: Գուցե հորինում էր, գուցե մի ցնորամիտ ստեղծագործող էր: Շամիրանի տան տխուր գիշերները (երբ մայրս տանը չէր) նոր երանգ ու բույր ստացան: Նույնիսկ գոռոզ ու սնապարծ խոհարարը, որ ճնճղուկի չափ ուղեղ ու ծաղկակաղամբի տերեւների լայնությամբ ներաշխարհ ուներ, հոտերից ձեռք քաշեց ու միսթր Ղազնիի ընկերն ու համախոհը դարձավ: Հայրս իր մեթոդն ուներ. ամեն օր` քնելուց առաջ, անգլերեն էր սովորում: Էջ առ էջ բառարանից երեսուն-քառասուն բառ էր անգիր անում: Հետո միսթր Ղազնին ստուգում էր: Արտասովոր, օտար բառեր` կախարդական երկրներից եկած, անծանոթ հնչողությամբ` դյութիչ բույրով, ըմբոստ բառեր` ագրեսոր ու գայթակղիչ, լի խոստումներով, անթույլատրելի գգվանքով` կույսի մարմինը շոյող օտար ձեռքերի նման: Ես երկյուղում էի օտար լեզվի մուտքից, ինչպես կվախենաս համաճարակից: Գիտեի, որ նոր հնչյունների ու կերպարների մուտքը մեր կյանք մեզ կտրելու է անհոգ, երջանիկ մանկությունից ու մեզ տեղափոխելու է ապագա: Հաջորդ տարվա մեջ եղբորս Ամերիկա ուղարկեցին: Հետո իմ հերթն էր: Ամառվա օրերը շատ արագ անցան` հաճելի, միաժամանակ փոքր-ինչ վախով ու սպասումով: Հայրս բառարանի ութսուներեքերորոդ էջին էր հասել: Միսթր Ղազնին շաբաթը մեկ անգամ գնում էր տուն` ընտանիքի անդամներին տեսնելու: Մենք նրանց մասին ոչինչ չգիտեինք: Պատմում էր իր երիտասարդության, աշխարհի տարբեր երկրներ կատարած ճամփորդությունների մասին, իսկ ներկայից ոչինչ չէր ասում: Երբ մենք էինք հարցնում, մտամոլոր մեզ էր նայում: Ասես բան չէր հիշում: Կարծես վերջին քսան տարվա մասին հիշողությունը կորել էր: Մի անգամ, երբ գնաց, ժամանակին չվերադարձավ եւ տուգանվեց: Գունատ էր, թորշոմած, հեւալով էր խոսում: Ուզում էր հազալ, բայց մորս ահից հազը կոկորդում էր պահում: Շատ չանցած` երեք շաբաթ բացակայեց: Լուր ուղարկեց, թե հիվանդ է: Երբ վերադարձավ, նրան չճանաչեցինք: Աչքերի տակն այնքան էր սեւացել, որ վախեցանք: Այտերը փոս էին ընկել, բերանն ավելի էր ձգվել: Հայացքը փախցնում էր: Ծիծաղը նվվոցի էր նման: Հայրս հավելյալ աշխատավարձ տվեց, ուղարկեց տուն: Նրա հեռանալը չէի մոռանում. ձեռքը` դռան բռնակին, անվճռական, մեջքով դեպի մեզ, բայց գլուխը շրջած, հայացքը գամած ինձ, մորս, Հասան աղային: Կիսաբաց բերանով ասված կցկտուր նախադասություններ` երախտիքի, ողջույնի, մնաս բարովի խառնուրդ` պարսկերեն, հնդկերեն, անգլերեն: Հասան աղայի ասած` թութակի ծղրտոցի նմանվող լեզուներով, լռության ու հիշողությունների, անգլերեն բառարանի լեզվով: Նրա արտաբերած առաջին նախադասությունը չմոռացվեց. «My name is Ghaznii, Sir»: Անցավ մի ամիս: Միսթր Ղազնիից լուր չունեինք: Նրա հասցեն չգիտեինք: Ղազնիի գնալը ծանր էինք տանում: Ասես դա սկիզբն էր մնացածի հեռանալուն եւս: Ձմռան սկիզբն էր, երբ նրա կինը մեր տուն եկավ: Մի կին` սեւ ու դալուկ: Հնդկերենի առոգանությամբ պարսկերեն էր խոսում: Խոսում էր ու լալիս: Մայրս հասկացավ: Հորս համար էլ էր պարզ: Գնացինք նրան տեսության` ես, հայրս, վարորդ Մահմուդ աղան: Նրանց տունն աշխարհի մյուս ծայրին էր` քաղաքից դուրս` ավերակների հետեւում` քարքարոտ բակի խորքում` լի թիթեղյա ամաններով, աղբով, հին անվադողերով: Ապրում էին ավտոտնակի մեջ` մի սենյակում: Յոթ-ութ հնդիկ երեխա` մեծ ու փոքր, իրար կպած, կանգնել էին պատի տակ` լուռ, արձանի նման: Միսթր Ղազնին պառկած էր սենյակի կենտրոնում փռված ներքնակի վրա: Բոցավառ կրակաման կար գլխավերեւում. դրա վրա դրված թիթեղյա թասից վատ հոտ էր գալիս: Առաստաղից կախված լամպը մոմից էլ քիչ էր լույս տալիս: Բոլորը լուռ էին: Մի անծանոթ աշխարհ էինք մուտք գործել, մեռելների աշխարհ` լի ուրվականներով: Միսթր Ղազնին, կիսաքուն ու կիսակյանք, փռված էր ներքնակի վրա: Երբ լսեց հորս ձայնը, շունչ առավ: Ճիգ գործադրեց, փոքր-ինչ բարձրացավ: Ձայնը փորից դուրս չէր գալիս: Քրտինքի մեջ կորել էր: Հորս համար ջարդված ոտքով մի աթոռ բերեցին: Տանտիկինը թաշկինակով չորացրեց ամուսնու գլխի ու երեսի քրտինքը: Երեխաները չէին շարժվում: Միսթր Ղազնին ինձ նայեց: Նույն պարզ աչքերն էին` հետզհետե նվազող փայլով: Հայրս վարորդին բժիշկ Քոսուրի հետեւից ուղարկեց, հետո կռացավ, ձեռքը դրեց միսթր Ղազնիի ճակատին: Տիկինը ծնկի էր իջել ամուսնու մոտ` գետնի վրա: Ոչ ոք չէր խոսում: Միայն ես էի ծածուկ արտասվում: Նստեցինք մեքենայի մեջ: Հուզված էինք, մտացիր, սպասման մեջ: Հայացքս գամված էր դրսի մթությանը: Անսահման խավար` տարածված ամբողջ աշխարհում, օվկիանոսի նման սեւ, լուռ, ծանր, ահարկու: Հայրս մոտեցավ դանդաղ ու հատու քայլերով: Նստեց մեքենան: Շփոթված էր, հոգնած: Ասաց. «Հնդիկի վերջն եկել է: Տեսնես մեր հերթը ե՞րբ է գալու»: Աչքերն արցունքոտվեցին: Հավատս չէր գալիս: Նրա արտասվելը երբեւէ չէի տեսել: «Ես պողպատից եմ, իսկ պողպատը երբեք չի ժանգոտում»: Բայց պողպատը արտասվում էր: Իմ կարծիքով, դա ավելի ողբերգական էր, քան ժանգոտվելը: Վախենում էի, բայց այդ վախը տարբերվում էր երբեւէ զգացածներիցս: Գուցե եւ վախ էլ չէր: Անծանոթ, նոր մի զգացողություն էր` ցավի նման` մարմնից դուրս, օդի, աշխարհի, դրսի խավարի մեջ. վերք կամ հին վիշտ էր, որ բոլորինս էր` մորս, միսթր Ղազնիինը, Ազամ խանումինը, Հասան աղայինը եւ աշխարհի բոլոր մարդկանցը, նույնիսկ ունեւոր, նույնիսկ մոդայիկ ամսագրերի շապիկներին հայտնված գեղեցկատես դերասանուհիներինը, նույնիսկ հայիկինս, նույնիսկ շահինը: Գիշերը երազում միսթր Ղազնիին տեսա: Բոկոտն` ձյան միջով քայլում էր: Ուրախ էր, խաղում էր, սահում: Բիբիջանն ու հայրիկս էլ էին: Նրանք էլ էին ոտաբոբիկ, բայց չէին մրսում: Շուրջբոլորը անսահման ճերմակ անապատ էր: Որտե՞ղ էին: Արթնացա: Վերմակի տակ էի, բայց դողում էի: Վատ երազ էր` մահացած մարդկանց մասին երազ: Բայց հայրս այնտեղ ի՞նչ էր անում: Նրա ձայնը պտտվում էր ականջիս մեջ. «Մեր հերթը ե՞րբ է գալու»: 1. «Համեցեք, պարոն Ղազնի»: 2. «Ի՞նչ է Ձեր անունը»: 3. «Իմ անունը Ղազնի է, պարոն»:
Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել