Արմավիրում միայն խաղողի բերքն է գերազանցել անցյալ տարվա ցուցանիշը
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզպետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցության: Հիմնական հարցերը վերաբերել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, մինչեւ տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունմանը, գյուղատնտեսական աշխատանքների ավարտին:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերին` փոխվարչապետը հորդորել է քայլեր ձեռնարկել` հատկապես հողի հարկի մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Փոխվարչապետին զեկուցվել է մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվել, որ նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարվա ցուցանիշը եւ մթերվել է անկորուստ` 1 կգ-ն միջինը 120 դրամով:
Զեկուցվել է, որ գյուղացիական տնտեսություններին այս տարի վնասներ են պատճառել նաեւ կրծողները, եւ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվում են դրանց դեմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցված վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրվել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մեջ են եւս 40 կայանի տեղադրման աշխատանքները:
Ներկայացվել է նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել, որ դրենաժային ցանցի մաքրման աշխատանքներ են կատարվում 13 համայնքում, մարզի 24 համայնք ընդգրկված է երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում, որոնց մի մասն արդեն կատարել է անհրաժեշտ համաֆինանսավորումը: Փոխվարչապետը կարեւորել է նշված բոլոր համայնքների կողմից համաֆինանսվորման իրականացումը` նկատելով, որ ծրագիրը ներտնտեսային ցանցերի վերականգնման լավ հնարավորություն է:
Մարզի գյուղատնտեսության զարգացման համար փոխվարչապետը նշանակալի է համարել Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքների վերականգնումը: Նա միաժամանակ հորդորել է մարզպետարանի աշխատակիցներին վերահսկողություն իրականացնել աշխատանքների որակի նկատմամբ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Ա. Գեւորգյանն անդրադարձել է նաեւ մարզում սանիտարական վիճակին` տեղեկացնելով, որ հարցը մշտապես լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Քննարկվել են նաեւ մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել