
«Հայկական ուժերն ավելի լավ են պատրաստված եւ ընդունակ են դիմանալ Ադրբեջանի հետ տեւական հակամարտությանը»,- նման գնահատական է պարունակվում Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցում: «Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական մրցակցությունը շատ սուր է: 2009թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 1,4 միլիարդ դոլար (շնորհիվ գազի եւ նավթի), ինչը 4 անգամ գերազանցում է հայկական ռազմական բյուջեին:
Ադրբեջանի բանակը 67 հազար է, հայկականը` 47 հազար` չհաշված Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին` մոտ 20 հազար զինծառայողներ: Սակայն հայկական ուժերն ավելի լավ են պատրաստված եւ կարող են դիմանալ երկար հակամարտությանը: Ադրբեջանը լուրջ հնարավորությունների կարիք ունի` անհրաժեշտ հաղթանակի հասնելու համար»,- ասված է զեկույցում:
Ինստիտուտի վերլուծաբանները նշել են, որ ռազմական արդիականացման եւ ուսուցման հարցերում Ադրբեջանը հենվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի աջակցության վրա, սակայն սպառազինություններ է գնել նաեւ Ուկրաինայից` 30 ՄԻԳ-25 կործանիչներ եւ հեռահար 12 հռթիռներ: Իսկ C-300 համալիրների ձեռքբերումը կարող է ապահովել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների հուսալի պաշտպանություն, որը պատերազմի դեպքում լինելու է Հայաստանի առանցքային թիրախը:
Ըստ զեկույցի հեղինակների` Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, զգալի զենք է գնել էժան գներով: Աշխարհագրական դիրքը եւս առավելություն է, հայկական ուժերը բարձր դիրք են զբաղեցնում լեռնային տարածքում, նաեւ մի շարք ամրացված դիրքեր ունեն: Բրիտանացի փորձագետների կարծիքով` ամրությունների եւ աշխարհագրական դիրքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը վճռականորեն հանդես է գալիս տարածքների հանձնման դեմ:
Վերլուծաբանները նշում են, որ եթե Հայաստանը հանձնի տարածքները, Ադրբեջանը հնարավորություն կստանա ուժով հետ նվաճել Լեռնային Ղարաբաղը:
Զեկույցում նշվում է, որ չնայած հայկական ուժերը պաշտպանում են իրենց տարածքները, Ռուսաստանի աջակցությունը պատերազմի դեպքում ակնհայտ չէ: Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին եւ վերջին համաձայնություններին` Մոսկվայում քչերն են կարծում, թե Ռուսաստանն ինքնաբերաբար կմիջամտի պատերազմին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել