Քննարկել են ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքը
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նախօրեին ընդունել է Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը: Քննարկվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի շրջանակում իրականացվող ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի ընթացքը:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ վերոնշյալ ծրագրերը գտնվում են ՀՀ կառավարության հետեւողական ուշադրության կենտրոնում, կառավարությունը շահագրգռված է դրանց հաջող իրականացմամբ, ինչպես նաեւ պատրաստակամ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Երկուստեք կարեւորվել է աշխատանքները ժամանակին ավարտելու, նոր ոռոգման շրջանում վերականգնված եւ վերազինված պոմպակայանների հնարավորություններն օգտագործելու հանգամանքը: Արձանագրվել է, որ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում` ծրագրերը շարունակելու եւ ամբողջությամբ իրականացնելու համար: Աշխատանքների կազմակերպման հարցում առկա որոշակի խնդիրների վերաբերյալ երկուստեք կարեւորվել է շինարարական ու նախագծող ընկերությունների միջեւ փոխգործակցված աշխատանքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչեւ ոռոգման նոր շրջանի սկիզբը որոշ պոմպակայանների պատրաստ չլինելու դեպքում ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն կներկայացնի առաջարկություններ` հողատարածքներն այլ եղանակով ոռոգելու վերաբերյալ:
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ շինարարական կազմակերպությունների հետ իր պարբերական հանդիպումների ընթացքում վերջիններս հավաստիացրել են, որ աշխատանքները կավարտեն ժամանակին: Ա. Գեւորգյանը հույս է հայտնել, որ իրականացվող բոլոր ծրագրերը հաջողությամբ կավարտվեն: Միաժամանակ նա կարեւորել է աշխատանքների որակը` նշելով, որ նախանշված ժամկետում ավարտը չպետք է լինի որակի հաշվին:
Փոխվարչապետը կարեւորել է նաեւ ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաեւ հանրային վերահսկողությունը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը` իրականացվող ծրագրերի համար:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ`հյուրերը գոհունակություն են հայտնել ծրագրերի իրականացման նկատմամբ կառավարության ցուցաբերած ուշադրությունից` ավելացնելով, որ ՀՄԿ-ն աջակցում է այդ ջանքերին եւ դրանք կարեւորում ծրագրերի հաջող իրականացման տեսանկյունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել