Սեւանա լիճ մուտքը կարգելվի
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր «Սեւան» ազգային պարկում տեղի է ունեցել խորհրդակցություն` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի, մարզի իրավապահ մարմինների, համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին բնապահպանության նախարարի հրամանի եւ այդ ընթացքում մի շարք գերատեսչությունների համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման հետ կապված հարցեր:
Այսօրվանից Սեւանի ավազանի բնակչության համար իրազեկման լայն աշխատանքներ կիրականացվեն ԲՆ հրամանով նախատեսված կարգի վերաբերյալ, համաձայն որի` դեկտեմբերի 5-8-ը լճից կհանվեն բոլոր տեսակի լողամիջոցները եւ կարգելվի մուտքը լիճ: Միայն դեկտեմբերի 28-31-ը լճում կթույլատրվի «կարաս» ձկնատեսակի եւ խեցգետնի որսը, որից հետո մուտքը լիճ կարգելվի մինչեւ հունվարի 20-ը:
«Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի ղեկավարությամբ եւ մարզի իրավապահ մամինների ներգրավվածությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը շուրջօրյա հսկողություն կիրականացնի սահմանված կարգը պահպանելու եւ ձկնագողության բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ: Կարգազանցների նկատմամբ կկիրառվեն օրենքով նախատեսված ամենախիստ միջոցները:
Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը կարեւորել է այդ ժամանակահատվածում միջոցառումների արդյունավետ կազմակերպումը եւ ներգրավված բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել