HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

84 դպրոցի ուսուցիչները «հանրապետականացվո՞ւմ» են

Օրերս «Հետքը» նամակ է ստացել ընթերցողներից մեկից, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Քանաքեռի թիվ 84 (Խ. Աբովյանի անվան) միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Էլոյանը հերթական անգամ չարաշահում է իր պաշտոնական դիրքը` ստիպելով ուսուցչական անձնակազմին անդամակցել «Հանրապետական» կուսակցությանը:

Վեջինս, նախքան վերջին նախագահական ընտրությունները, անդամակցում էր «Օրինաց երկիր» կուսակցությանն ու էլի ստիպում կամ «ընկերաբար» հորդորում էր միանալ իրեն:
Նաև ամեն նախընտրական շրջանում ստիպողաբար հավաքում է ուսուցիչների անձնագրերի տվյալները (կարծում եմ՝ պարզ է, թե ինչ նպատակով):

Ա. Էլոյանը բոլոր աշակերտներից և ուսիցիչներից ամսական գանձում է «ֆոնդի փող»: Սակայն վերջին շրջանում եղած բողոքներից հետո ստիպված դադարել է գանձել աշակերտներից և ամսական պահումներ է անում միայն ուսուցիչներից (2000-3000 դրամ ամեն ամիս):

Խնդրում եմ հրապարակել այս նամակը: Ես համոզված չեմ, որ եթե դիմեք ուսուցիչներին, իրենք ներկայանալով բաց կխոսեն, սակայն, կարծում եմ, որ հետևյալ հրապարակումը կկանգնեցնի տնօրենին... »:

Այսօր այցելեցինք 84 դպրոց: Ներկայացնում ենք դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանի հետ մեր զրույցը.

Ձեր դպրոցի ուսուցիչները բողոքում են, որ Դուք նրանց ստիպողաբար գրանցում եք «Հանրապետական» կուսակցությունում:

Ո՞վ ա ասել: Նման բան չկա: Սա դպրոց է, ոչ թե կուսակցական տեղամաս:

Հենց դա է խնդիրը, որ դպրոցում կուսակցական գործունեություն եք ծավալում:

Սուտ է, չկա նման բան: Ձեզ ինչ որ ասել են, հերյուրանք է:

Իսկ Դուք կուսակցակա՞ն եք:

Այո, «Հանրապետական» կուսակցությունից եմ:

Որքա՞ն ժամանակ է` անդամակցում եք «Հանրապետականին»:

Շատ երկար` մոտ 10 տարի:

Ընտրությունների ժամանակ ինչպե՞ս եք աջակցում Ձեր կուսակցությանը:

Իմ կուսակցությունն է, իհարկե, աջակցում եմ: Իմ ձայնով` մեկ ձայնով աջակցում եմ:

Իսկ դպրոցի միջոցո՞վ:

Չէ, ինչո՞ւ դպրոցի միջոցով: Ես դպրոցում քաղաքականությամբ չեմ զբաղվում եւ, ընդհանրապես, արգելվում է դպրոցում քաղաքականությամբ զբաղվելը: Ինչպե՞ս կարող եմ որեւէ մեկին ստիպել, որ «Հանրապետականում» գրանցվի: Եթե նախասիրություն ունեն անդամագրվելու, կարող են գնալ տեղամասերում գրանցվել: Եւ, ընդհանրապես, ես ո՞նց կարող եմ որեւէ ուսուցչի ստիպել, որ քվեարկեն ինչ-որ մեկի օգտին, երբ ընտրությունները փակ են, քվեաթերթիկները` եւս: Ուղեղից պակաս դպրոցի տնօրեն տեսե՞լ եք հեչ, որ ստիպի ուսուցչին` ինչ-որ մեկի օգտին քվեարկել: Դա չլինող բան է:

Մեզ հայտնել են, որ Դուք արդեն «Հանրապետական»-ում գրանցվելու թերթիկներ եք բաժանել ուսուցիչներին:

Ի՞նչ թերթիկներ: Սուտ է (գրանցման թերթիկների մասին խոսելիս` դպրոցի տնօրենն աչքերով զննում է իր սեղանին դրված թղթերը: Իսկ սեղանին ցուցակներ էին` անուն-ազգանուններով եւ ստորագրություններով - հեղինակ): 

Իսկ կա՞ Ձեր ուսուցիչներից որեւէ մեկը, ով Սերժ Սարգսյանին չի ընտրելու եւ «Հանրապետականից» չէ:

Ես ի՞նչ իմանամ: Իրենք, իրենց քաղաքական հայացքները:

Իսկ ինչո՞ւ եք որոշել անդամակցել «Հանրապետական»-ին:

Ախր, դա հարց չի, որ տալիս եք. ոչ լրագրողի, ոչ էլ ընկերոջ: Գաղափարախոսությանն եմ... Դա իմ անձնական ընտրությունն է: Կարծում եք` բոլորը պետք է անկուսակցական լինեն եւ դա նորմա՞լ է:

Չէ, ամենեւին, ուղղակի զարմանալի է, որ չեք ուզում կիսվել` ինչո՞ւ եք անդամակցում «Հանրապետական»-ին:

Որովհետեւ այնտեղ օրինակելի, ազնիվ մարդիկ են հիմնականում: Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի հետ ես շատ մոտ եմ եղել:

Մեր ընթերցողը բողոքում էր, որ ուսուցիչներից եւ աշակերտներից ամսական 2000-3000 դրամի չափով ֆոնդի գումար եք հավաքում: Աշակերտներից գումար գանձելը դադարեցրել եք, իսկ ուսուցիչները դեռեւս վճարում են այդ գումարը: Ո՞ւր են գնում այդ գումարները:

Դուք ուղղակի վատ ժամանակ եք եկել, որ ուսուցչակազմն այստեղ չէ: Թե չէ մենք կհարցնեինք, տեսնեինք՝ իրենցից մի լումա հավաքվո՞ւմ է: Երկուշաբթի եկեք, բակում լիքը աշակերտներ ու ծնողներ են լինելու. իրենցից հարցրեք` գումար հավաքո՞ւմ են:

Ուսուցիչներն էլ որոշակի գումար իրենց կամքով հավաքել են, «Օգնիր դպրոցիդ» կայք կա, ներդրել ենք այնտեղ` 70 հազար դրամ: Գումարները կայքում, մեր հաշվին նստած են:

Իսկ ինչ վերաբերում է էդ բողոքներին, այն տեղեկությունները, որ Ձեզ հասել են, ճորթված են:

Հ. Գ. Դպրոցից դուրս գալիս հանդիպեցի աշխատողներից մեկին, ով «Հանրապետական» կուսակցության անդամ էր: «Ես դեռ մի երեք-չորս տարի առաջ եմ գրանցվել, երբ մանկապարտեզում էի աշխատում: Դե, աշխատում էինք, ասացին՝ պիտի գրանցվեք, գրանցվեցինք: Բայց ոչ մի բան ես չեմ ստանում էդ կուսակցությունից, վարձով էլ ապրում եմ, երեխեք ունեմ: ԲՀԿ-ում էն ա, գրանցվում են, ահագին օգնություն-բան են ստանում»,- ցավով նշեց նա:

Մեկնաբանություններ (3)

Goga
Հարգարժա'ն խմբագիր,պատվախնդիր յուրաքանչյուր լրագրող պետք է լինի ճշմարտության,ազնվության մունետիկ,իսկ Դուք և Ձեր լրագրողուհին առանց խորազնին ուսումնասիրություն կատարելու տպագրում եք հոդված,հարցազրույց:Ժողովուրդն ասում է.,յուրաքանչյուր կոլեկտիվում էլ կա մի մարդուկ, որը է զգում, երբ վարկաբեկում,զազրախոսում է` փորձելով հեղինակազրկել աշխատասեր տնօրենին և կոլեկտիվին:Եթե Դուք արհեստավարժ լրագրող լինեիք ,ապա կոլեկտիվի անդամների հետ զրուցելուց հետո կգտնեիք ճշմարտության հատիկը և կհասկանայիք,որ այդ նամակը կեղծ բարբաջանք է: Չի կարելի սենսացիա անելու համար տպագրել չճշտված նամակ: Գ.Գասպարյան .Մ.Մարտիրոսյան, Լ.Հարությունյան
Ararat
ուղղակի ցավալ;ի ե,որ ամեն մարդ չի կարողանում իր անհատականությունը պահպանել եվ զոհ է գնում անման ղեկավարների ձեռքին: Պետք է ամեն կերպ պաշտպանել սեփակա ն իրավունքները եվ ով կարող է ստիպել մարդուն,որ այս կամ այն կուսակցությանը անդամագրվել: ԻՆչ գրված է նամակում,ե ս համավատում եմ,որ այդպես է: Դեռ քիչ է ասված: Բայց ,մարդիկ վախենում են որ իրենց հետևից կընկնեն: աղր զարմանում եմ, թե ինչու են զարմանում: Երբ ասեն, դիմում տուր և ազատվիր, այդ ժամանակ կարող ես նման անօրեն տնօրենին հարցնել ,,Իսկ կարող ես հարգարժանս մակարգրել այն ազատման դիմումի տակ,որ խախտելով ՀՀ Սահնանադրության այս կամ այն հոդվածը` ստիպելով,որ կուսակցական դառնամ,, ?? Իհարկե ,ա սյտեղ նման ղեկավարը կկանգնի արգելքի առաձ: Օրինական արգելիքի առաջ: Աղր չկաաաաաաաաա իրավագիտակցություն: Ցավը ու խնդիրը սրանում է:
Մանուշակ
Ես ամաչում եմ նման անգլուխ, անտեսակետ, կուսակցությունից կուսակցություն թռչող,քծնող,շողոքորթ տնօրեններ ունենալու հա- մար, որի պատճառով մեր դպրոցները ծաղկում են:Պարոն տնօրեն. օրինացին ծառայելուց հետո պիտի նամուս ունենայիր ու լռեիր.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter