HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղարքունիքում նվազել են հարկերի հավաքագրման տեմպերը

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ Գեղարքունիքի մարզպետարանում այսօր անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարզում տարվա ընթացքում իրականացված աշխատանքները: Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, նախորդ տարիների աշխատավարձերի պարտքերի մարման ընթացքը: Արձանագրվել է, որ մարզում նվազել են հողի հարկի, տեղական տուրքերի եւ վարձակալության գումարների հավաքագրման տեմպերը: Ա. Գեւորգյանը հորդորել է քայլեր ձեռնարկել ցուցանիշները բարելավելու ուղղությամբ: Կարեւորվել է մինչեւ տարեվերջ համայնքների 2011 թ. բյուջեների ընդունումը: Փոխվարչապետը մարզպետարանի աշխատակիցներին հանձնարարել է վերահսկողություն իրականացնել բյուջեների կազմման գործընթացի նկատմամբ` նկատելով, որ նախորդ տարիներին կուտակված պարտքերը նաեւ ոչ իրատեսական բյուջեների հետեւանքով են առաջացել: Փոխվարչապետին զեկուցվել է մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվել, որ թեեւ նախորդ տարվա համեմատ այս տարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մշակվող ցանքատարածությունների ծավալը նվազել է, սակայն գյուղատնտեսական արտադրանքը, հատկապես կարտոֆիլը, իրացվել է ավելի բարձր գնով: Միեւնույն ժամանակ այս տարի մարզում ավելի քիչ աշնանացան է կատարվել, սակայն 2011թ. նախատեսվում է կարտոֆիլի ցանքատարածությունների ավելացում: Ինչ վերաբերում է անասնաբուծության ոլորտին, ապա նախորդ տարվա ցուցանիշները պահպանվել են, իսկ կաթի մթերման գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ բարձրացել է: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել նաեւ Սեւանա լճի հարակից համայնքների գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներին: Փոխվարչապետը մարզպետին հանձնարարել է համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների` ակնկալելով գործընթացի իրականացում արդեն հաջորդ տարվանից: Քննարկվել են նաեւ մարզի խնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի շրջանակում փոխվարչապետը` բնապահպանության նախարար Ա. Հարությունյանի, նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Ն. Պողոսյանի ուղեկցությամբ, Լճաշենի տարածքում ծանոթացել է նաեւ Սեւանի ափամերձ հատվածում իրականացվող անտառմաքրման աշխատանքների ընթացքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter