Ինչու ես չեմ մասնակցում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի նիստին
Ինչու ես չեմ մասնակցում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ազգային պլատֆորմի դեկտեմբերյան նիստին, և խնդրանք օգնել Ֆորումի արդյունավետ գործունեությանը Ես շնորհակալ եմ Բեռլինյան ֆորումի պատվիրակներ ընտրողներին, որ ինձ ուղարկեցին Ֆորումի կոնֆերանսին երկրորդ անգամ:
Շահերի պաշտպանության (ադվոկասիի) նման ծավալուն պրոյեկտներն այնքան բարդ են, որ առաջին անգամից, անցյալ տարվա Բրյուսելյան կոնֆերանսից, ես չէի կարող հասկանալ, թե ինչպես կարող եմ ես հարաբերվել այդ պրոցեսին բովանդակային առումով, իրոք օգուտ բերել: Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները բարդ, ծավալուն համակարգ է, աղերսները, ծրագրերը շատ են ու բարդ: Ծրագրին մասնակցելու երկու ձև կա. կամ բան չես հասկանում, բայց ընկել ես մեջը ու մասնակցում ես, և եթե քննություն հանձնել չեն պահանջում, չեն էլ իմանում, որ բան չես հասկանում... Կամ փորձում ես հասկանալ ու օգուտ բերել: Օրինակ, մեր օֆիսը սկսեց իր Եվրոպա ծրագիրը, երկար քննարկելուց հետո, հետևյալ ամենապարզ, կարելի է ասել՝ պարզունակ գործողությունից. ձեռնարկներ պատրաստել այն մասին, թե ինչ է Եվրամիությունը, պարզ, գեղեցիկ լեզվով հայերեն: Որ նախ ինքներս իմանանք, հետո տարածենք ու քննարկենք Հայաստանով մեկ: Որովհետև հասկանալը բարդ է: Կա այդպիսի գիտություն, մասնագիտություն՝ Եվրոպական հետազոտություններ, որը Հայաստանում էլ արդեն կա, բայց միևնույն է քիչ մարդ է հասկանում, թե ինչի մասին է խոսքը, և մանավանդ քչերս գիտենք, թե ինչով օժանդակել: Ես չեմ սիրում ժամանակ կորցնել այն կոնֆերանսներին, որտեղ կամ բան չեմ հասկանում, կամ դեր չունեմ: Եւ առաջին Ֆորումին մի քիչ այդպես էի ինձ զգում: Ես սիրում եմ կոնկրետ ծրագրեր իրագործել և արդյունքներ ստանալ: Իսկ այս ձևաչափը դեռ այդ հնարավորությունը չէր տալիս: Բայց այս մի տարվա ընթացքում՝ երկու Ֆորումների միջև, ես մի քիչ սկսեցի հասկանալ: Կոնֆլիկտը Առաջին իսկ պահից, սակայն, տհաճ էր այն, որ մի շարք գործընկերներ ամենակարևոր հանգամանքը համարեցին իշխանաբաշխությունը, ազգային համակարգողի ընտրությունները, որ ըստ իս՝ պիտի հենված լիներ ծրագրի վրա, ու պիտի ընտրվեր այն մարդը, որը բան է հասկանում ու արժանի է, հենվելով թեկնածուների ծրագրի քննարկման վրա: Համակարգողն ընտրվեց արդար այլընտրանքային ընտրությամբ, բայց ափսոս, ծրագրերի քննարկում չեղավ: Հետո գործընկերներս ասացին, որ հիմա էլ պիտի ազգային պլատֆորմը շուտափույթ ընտրել, էլի առանց բովանդակային չափանիշների, միայն ըստ նրա՝ թե ով ում է ճանաչում: Հետո՝ ասացին «նոր համակարգող խորհուրդը պիտի շտապ ընտրենք», էլի առանց քննարկման, թե ինչու՛ հենց սրանց: Հայավարի իրար ասում էին՝ «դե մենք բոլորս իրար ճանաչում ենք, էլի»: Ամբողջ պրոցեսի բովանդակությունը սահմանափակվում էր այն ծրագրով, որ ընդունել էր բրյուսելյան Ֆորումը: Իսկ դա, առանց բացատրության ու տեղայնացնելու՝ օֆիցիալ լեզվով մի քանի էջ է, նորմալ մարդուն քիչ բան ասող: Համակարգող խորհորդն ընտրեցին, հետո պարզվեց՝ կռիվ են արել այն հարցի շուրջ, թե ով է գնալու Բեռլին: Եւ այդ կռվից բացի՝ մի քանի ամիս գրեթե ուրիշ ոչինչ չէին արել: Բայց իհարկե Բեռլին գնալու հարցը միայն մի դրսևորումն էր անհամաձայնության: Գլխավոր տարբերութունը այն է, որ մի խումբ մարդիկ ուզում են իսկապես գործ անել, իսկ մյուսները՝ չեղած տեղից իշխանություն վերաբաշխել: Բայց նույնիսկ սա էլ է մակերեսային: Էլ ավելի խորքում այս կոնֆլիկտն ունի ավելի խորը պատճառ: Մի շարք կազմակերպությունների ղեկավարներ չեն ուզում, որ Ֆորումը գործ անի իրոք: Որ հասկանա այն բարդ հարցը, թե ինչի մասին է Արևելյան գործընկերությունը և ինչպես նրան աջակցել: Ուզում են խանգարել Ֆորումին, ժամանակը ծախսել իշխանաբաշխության և կոնֆլիկտի վրա, իսկ եթե կոնֆլիկտի չգնաս, իրենց հետ համաձայնես՝ մեկ է փորձելու են բեկանել Ֆորումի աշխատանքը: Ինչու՞: Չգիտեմ: Գուցե անձնական թշնամանքից: Գուցե առաջադրանք են կատարում: Գուցե ուզում են, որ ամեն ինչ իրենցով լինի: Չգիտեմ: Փող դեռ այս պրոցեսում չկա գրեթե, գուցե գալիք (անհայտ է, կլինի թե չէ) փողի սպասու՞մն է պատճառն այս հակամարտության: Թե՞ անհանգստությունը՝ որ Ֆորումը եթե նույնիսկ քիչ գործ է անում՝ բայց կարծես մի կախարդանքով բացահայտում է՝ ո՛ր ՀԿ-ն է գործ անում, իսկ ո՛րը՝ իմիտացիա: Բացահայտում է մի տարօրինակ ձևով՝ և՛ նրան, և՛ նրան երես առ երես բերելով: Եթե մինչ այդ ամեն ՀԿ կարող էր գործել իր որմնախորշում, տարիների ընթացքում տաքացրած ու հարմարավետ, որևէ արժեքավորումից ապահով, դուրս՝ այս պրոցեսը նրանց երես առ երես է բերում, և արդյունքում շատ պարզ երևում է, թե ով ով է: Ես սրանում համոզվեցի, երբ, թվում էր, լեզու գտանք, գնացինք Բեռլինի Ֆորում, մեզ լավ պահեցինք և հաղթող վերադարձանք՝ Կառավարող խորհրդում ստանալով երեք տեղ, միակը որևէ ազգային պատվիրակությունից, աննախադեպ հաջողություն հայկական պատվիրակության համար՝ տարիների և ցանկացած այլ նման պրոցեսների կտրվածքով: Ախր տաղանդավոր ենք, է, որ ուզում ենք՝ թասիբով ենք, կարող ենք: Թվում է՝ հիմա պիտի կպած գործի անցնենք: Ոչ: Խախտելով նախաֆորումյան համաձայնությունները, նորից խախտելով պայմանավորված և ընդունված օրինակարգը՝ առանց Ֆորումի մասնակիցների հետ խորհրդակցելու՝ այժմ ազգային պլատֆորմի նիստ են հայտարարում, ավելին՝ նոր անդամագրությամբ: Այսինքն դեռ չգիտեն ինչ են անելու, ինչով են զբաղվելու՝ բայց արդեն ընդլայնվում են, էլի իշխանություն կիսում: Ոմանք բացահայտ էլ ասում են՝ «ես էսքան ձայն կբերեմ, դու՝ էնքան»: Երևում է էնքան են ենթագիտակցորեն ազդվել անվերջ ընտրախաղերից՝ որ իրենց կյանքն առանց դրանց չեն պատկերացնում:
Ինչ անել 1
Ես ժամանակ չունեմ ընտրախաղերի վրա ծախսելու: Իսկ անելիք շատ կա: Նախ՝ պետք է հավաքագրել ֆորումի բոլոր փաստաթղթերը, քննարկել, հայկական բովանդակությամբ լցնել, մեր տարբերակը մշակել: Իրոք, խորքի՛ց որոշել, թե ո՛ր ասպարեզում ո՛վ ի՛նչ է անելու: Ֆորումի ամենամեծ դերն առայժմ եռախոսությունն ապահովելն է. պետության, Եվրամիության և քաղաքացիական հասարակության միջև: Իսկ ինչու՞ դրա կարիքը կա: Որ՝ Եվրոպային մերձենալու պրոցեսը թափանցիկ լինի, արդյունավետ, իմիտացիոն չլինի, հայտնի լինի հասարակությանը, ժողովրդին, և եթե կան նոր գաղափարներ, պետության համակարգից դուրս տաղանդ՝ գա լցվի այս պրոցեսի մեջ, օժանդակի: Բայց կա նաև մեկ այլ խնդիր. Ֆորումի անունից հաղորդագրությունը ձևակերպել Եվրամիությանը՝ որ պրոցեսը չսառի: Եթե մեսիջը չձևակերպվի, Եվրամիությունը կսառի այս պրոցեսի նկատմամբ, և մենք, ինչպես հաճախ, կմնանք խաղից դուրս: Հատկապես կարևոր է մեսիջն ուղարկել կարևոր իրադարձություններից առաջ, ինչպես, օրինակ, այժմ՝ Հունգարիայի՝ Եվրամիության նախագահող դառնալուց առաջ: Իսկ մենք ուժ ունենք լուրջ մեսիջ ձևակերպելու, քանի որ, ի միջի այլոց, Կառավարող խորհրդոււմ ունենք երեք անդամ. մեզ կլսե՛ն: Մենք ունենք ՀԿ-ներ, որոնք իրավամբ ասում են՝ «Մենք առանց այդ էլ զբաղվում ենք Եվրամիությանը Հայաստանի մերձեցման հարցերով, տարբեր ասպարեզներում»: Բայց Ֆորումի նպատակը այդ ուժերը ի մի բերելն է: Նոր ՀԿ-ներ ներգրավելն էլ է, իհարկե, բայց եթե դեռ ուժերն ի մի բերված չեն՝ նորերին ներքաշելն անպտուղ է, իսկ ուզում ես ներքաշել՝ պիտի ճիշտ վարվես, որ դատաարկաբանություն չստացվի: Հասարակության դերը կարող է տարբեր լինել, բայց դա միայն էքսպերտիզան և մոնիտորինգը չէ: Մոնիտորինգը նշանակում է՝ սկզբում պետությունը մի բան է անում՝ իսկ դու հետո զեկուցում ես՝ ինչ լավ բան արեց և ինչ թերություններ եղան: Միշտ պետության ետևից ընկած վիճակ է: Իզուր չէ՝ անգլերեն ասում են watchdog: Հասարակության դերը նաև նոր գաղափարներ տալն է: Օրինակ՝ պետությունները չէին որոշել, որ նաև ԶԼՄ-ներով պիտի զբաղվի Արևելյան գործընկերությունը, իսկ մենք՝ քաղաքացիական հասարակության Ֆորումը՝ որոշեց: Նույն կերպ՝ որոշեց, որ մարդու իրավունքներով էլ պիտի զբաղվի: Եվ այլն: Հետո՝ էքսպերտիզայի մասին. պետությունն ունի էքսպերտիզա, կուտակում է ամենօրյա գործունեության ընթացքում, շտեմում ինստիտուցիոնալ իր տևականության շնորհիվ: Եթե հասարակության մեջ էքսպերտ կա՝ պետությունը կարող է նրան կոոպտացնել: Բայց հասարակության դերը միայն հավելյալ կամ անկախ մասնագիտական էքսպերտիզան չէ. այն նաև իմաստուն դիլետանտիզմն է, ելնելով հասարակության շահերից: Օրինակ՝ պետությունն ասում է՝ էս ծառերը կտրենք, տակի հանքը ծախենք, ապրենք: Էկոլոգն ասում է՝ բա մեր երեխաների ապագա մաքուր օ՞դը: Պետությունը, ի վերջո, մի քիչ մեխանիզմ է, կարող է փչանալ, սխալվել: Իսկ հասարակությունը՝ մարդկություն է, մեքենայություն չէ: Դրա համար էլ պետք է: Հասարակության դերը նաև կանխարգելիչ է, նաև՝ պետությանը ստիպել, որ ճիշտ գործի: Ցիվիլ հասարակարգում հասարակության դերը նաև որոշիչ ու ղեկավար է՝ ի վերջո ցիվիլ հասարակությունն է թելադրում իր ընտրած անձանց պետական մարմիններում՝ ինչ անել, ինչ չանել: Այ այսպիսի հարցերով եմ ուզում ես զբաղվել: Կան նաև մի շարք հարցեր՝ պրոյեկտների իրագործման, հաղորդակցման, կարողությունների զարգացման մասին:
Ինչ անել 2
Ֆորումի և նրա ենթաաշխատանքային խմբերի ռազմավարությունները սկզբունքների ու ռազմավարությունների խառնուրդ են, այն էլ՝ սևագիր: Սկզբում պետք է դրանք, ինչպես ասացի, զտել, խմբագրել, մեր շահերին համապատասխանեցնել: Հետո՝ պետք է դրանցից երկու տեսակի փաստաթուղթ դուրս բերել: Մեկը՝ շատ կարճ, շատ ճշգրիտ միջազգային տերմիններով ձևակերպված՝ գործունեության սկզբունքներ, այնպես ձևակերպված, որ Եվրահանձնաժողովի զբաղված բյուրոկրատները ժամանակ ունենան ընկալելու, հասկանալու, ականջի ետև չգցելու, և օգտագործելի լինեն այդ ձևակերպումները նրանց համար: Մյուսը՝ մանրամասն աշխատանքային պլաններ, ո՛վ, ի՛նչ է անելու, ի՛նչ ժամկետներում, որ ի՛նչ արդյունք ստանա, ինչքա՛ն փող է դրա համար պետք, որտեղի՛ց է հավանական այդ փողը գտնել, պետությունն ինչքանո՛վ է այս աշխատանքային պլանի հետ համաձայն ու պատրաստ մեզ հետ միասին իրագործել, և ի՛նչ անել, եթե դա այդպես չէ, որովհետև ձեռներս ծալած թախտին նստելն ու բախտին սպասելը մեզ՝ ՀԿ-ներիս, հատուկ չէ: Նաև պետք է հավաքագրել ու տվյալների բազա հանրությանը տալ՝ թե ով ինչ է անում ու ինչ կաներ նույնիսկ առանց Ֆորումի լինել-չլինելու՝ Եվրոպայի հետ մերձենալու ասպարեզում: Կարելի և պետք է մեր պլատֆորմի ներկա և ապագա նոր անդամների համար, ինչպես և հին, մարզումներ կազմակերպել՝ ասենք, շահերի պաշտպանության ծավալուն ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ հմտությունները զարգացնելու, որ այդ հանելուկը լուծել կարողանան՝ ինչպես աշխատել, մի կողմից, պետության և հսկա ու հեռու Եվրահանձնաժողովի հետ, մյուս կողմից՝ 6 շատ տարբեր երկրների հետ միասին, որ ընդհանուր ծրագրերով հանդես գան կամ եթե տարբեր՝ իրար չխանգարեն: Նաև պետք է գտնել լավագույն ձևերը՝ հետազոտելու այդ 6 երկրների փորձը, նրանց ՀԿ-ների հետ աշխատելու լրջորեն: Պետք է, օրինակ, նոր Կառավարող խորհրդին ուղղորդել, ստիպել, որ վեբ կայքին կից բլոգերի հնարավորություն ստեղծեն, որ հարյուրավոր պատվիրակներն ու պլատֆորմների անդամներն արագ ու արդյունավետ հաղորդակցվեն, կամ այլ պլատֆորմ լրջորեն գործարկել, ասենք՝ ֆեյսբուքը: Պետք է գործունեություն ծավալել Եվրոպայի երկրներում՝ նրանց ՀԿ-ների միջոցով՝ որ Արևելյան գործընկերությանն ու Ֆորումին նրանց հասարակություններն էլ ծանոթանան, չէ՞ որ չգիտեն: Եվ այլն, և այլն, և այլն: Այս ֆոնին՝ քանի դեռ այս հարցերի մասին դեռ ոչ մի լուրջ որոշում ու նույնիսկ լուրջ քննարկում էլ չկա՝ պլատֆորմի նիստ հրավիրելն ու մանավանդ նոր անդամներ հավաքագրելը շուտ է, վաղաժամ և հակաարդյունավետ: Սկզբում պիտի արդեն պրոցեսի մեջ գտնվող ՀԿ-ների մի լավ պատրաստված միջոցառում հրավիրվի՝ եթե կուզեք՝ պլատֆորմի կոնֆերանս կոչեք, կուզեք՝ այլ բան, ցանցի նիստ, ենթախմբերի նիստ ևն, բայց վերը բերված հարցերը քննարկելու համար: Հետո՝ երբ աշխատանքային պլանն առաջ կգնա՝ նոր սկզբունքներով ու հիմունքներով՝ հավաքագրել հավելյալ մասնակիցներին ըստ իրենց ակտիվության, մեր կարիքի, նրանց կարողությունների, իրազեկության աստիճանի ու ծրագրի: Եվ զերծ մնալ ավելորդ իշխանաբաշխությունից ու ինադույաիմիտացիոն գործունեությունից: Տաս անգամ չափել՝ նոր կտրել: Այդպիսով, ես, և Ֆորումի մի շարք այլ մասնակիցներ, իմաստավոր, բայց դժվար գործով ենք զբաղված: Այնպես որ՝ եթե ուզում եք՝ գնացեք քվեարկեք, իշխանություն բաժանեք, իրար մեջ բաշխեք, ջան ասեք, ջան լսեք: Կամ էլ եկեք մեզ միացեք, միասին աշխատենք, դռները բաց են, անելիքը՝ ծով, մենք օգնության կարիք շատ ունենք: Մեզ միանալու համար ոչ մի ձևական անդամություն պետք էլ չի: Ով չի ուզում ջան ասել ու ջան լսել՝ թող գա գործով զբաղվի: Եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, ինչով կարող եք օգնել՝ դիմեք Միքայել Հովհաննիսյանին [email protected] էլեկտրոնային հասցեով: Դեկտեմբերի 11-13-ին մենք կպատասխանենք:
Գևորգ Տեր-Գաբրիելյան, շարքային ֆորումցի, ԵՀՀ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել