Լարիսա Ալավերդյանը «կարող էր ստանալ մտրակի 10 հարված»
Այսօր մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Լարիսա Ալավերդյանը օրենքով զրկվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստանալու հնարավորությունից: Ըստ Ա.Մարտիրոսյանի` կառավարությունն այս հարցում քաղաքական որոշում է կայացրել այն պատճառով, որ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այժմ ընդդիմադիր դաշտում է գործում:
Խոսքը վերաբերում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին: Ըստ օրինագծի` Պաշտպանի պաշտոնն առնվազն մեկ սահմանադրական ժամկետ զբաղեցրած` 65 տարին լրացած անձին տրվում է կենսաթոշակ` Սահմանադրական դատարանի նախագահի կենսաթոշակի համար օրենսդրությամբ նախատեսված կարգով: Պաշտպանի պաշտոնային դրույքաչափի կամ հավելավճարի ավելացման դեպքում կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:
Ռաֆիկ Պետրոսյանը համարում է, որ Լարիսա Ալավերդյանը չի պաշտոնավարել 6 տարի, և օրենքը չի կարող հետադարձ ուժով տարածվել նրա վրա:
Արմեն Մարտիրոսյանն էլ հակադարձեց, որ որոշումը քաղաքական է, քանի որ երբ Լ.Ալավերդյանը պաշտպան էր, 2004թ. ապրիլի 12-13-ի իրադարձությունների հետևանքով նույնպես երկրում քաղբանտարկյալներ եղան, և առաջին պաշտպանը կարողացավ հանդարտեցնել իրավիճակը և որոշ դեպքերում հակառակվեց իշխանություններին:
«Ժառանգության» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ ամբիոնից հորդորեց Լարիսա Ալավերդյանին, որ վերջինս շնորհակալություն հայտնի կառավարությանը` մտրակի 10 հարված չստանալու համար, քանի որ իշխանություններին հնազանդ պաշտպան չի եղել:
«Բայց կարող էր, չէ՞, մտրակի 10 հարված լինել»,- ավելացրեց Ս. Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել