HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփան Սաֆարյանն առաջարկում է ուսումնասիրել դեղերի շուկան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, Ֆինասների նախարար Տիգրան Դավթյանին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Ս.թ. նոյեմբերի 18-ին, խոսելով հարկային քաղաքականության լրամշակմանը վերաբերող ՀՀ կառավարության հերթական օրենսդրական փաթեթի հետապնդած նպատակների մասին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. «նման օրենսդրական փոփոխություններն ակնհայտորեն պետք է միտված լինեն փոքր եւ միջին բիզնեսի շահերի պաշտպանությանը, որպեսզի թույլ չտանք, որ փոքր եւ միջին բիզնեսի դաշտում հայտնվեն խոշոր ձեռնարկություններ» («Պանորամա», 18 նոյեմբերի, 2010թ.): Վարչապետ Սարգսյանն այս խնդրով արտահայտվեց նաեւ ՀՀ կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի իր ներածական խոսքում` ակնարկելով ընդամենը հարցի մեկ ասպեկտը. այն է` «խոշոր բիզնեսը կարողանում է բաղդատել իր գործառույթները փոքր մասերի, որպեսզի խուսափի հարկերի վճարումից» (www.gov.am): Մինչդեռ խոշոր բիզնեսի` «փոքրի» վերածվելու կամ փոքր բիզնեսի դաշտ մտնելու աղետալի հետեւանքները միայն հարկահանության դաշտում չեն: Նոյեմբերի 27-ին ելույթ ունենալով «Եվրոպական հեռանկարները «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում եւ Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» 6-րդ համաժողովին` ՀՀ վարչապետը կարեւորեց փոքր եւ միջին բիզնեսի դերը քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում` անհրաժեշտ համարելով երկրում առնվազն 150.000 փոքր եւ միջին կայացած ձեռնարկատիրական խավի առկայությունը: Փոքր եւ միջին բիզնեսին խրախուսելու, աջակցելու կամ պաշտպանելու վերաբերյալ կարելի է բազմաթիվ մեջբերումներ կատարել նախագահ Սերժ Սարգսյանի նախըտրական կամ պաշտոնական ելույթներից, Կառավարության ծրագրերից, կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի կուսակցական եւ նախընտրական ծրագրերից: Չնայած այդ հայտարարությունների հեղեղին` իրականությունը միանգամայն այլ է. այն դուրս է ոչ միայն պետական ու քաղաքական այրերի, երկրի կառավարումն ստանձնած քաղաքական ուժերի հռչակագրային մտքերի, այլեւ` անգամ օրենքների շրջանակներից: Սույն գրությունը վերաբերում է այդպիսի բյուրավոր դեպքերից մի քանիսին, որոնցից մեկին նոյեմբերի 26-ին անդրադարձել է «Հետք» լրատվամիջոցն իր «Բարեգործությո՞ւն, թե՞…» լրագրողական հետաքննության մեջ: 2010թ. հոկտեմբերի 15-ին Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ն  2011թ. համար դեղեր ձեռք բերելու բաց մրցույթ է անցկացրել, որին մասնակցել են տասնութ տարի շարունակ դեղագործական շուկայում գործունեություն ծավալող «Սզնի» ՍՊԸ-ն, որը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչ է եւ «Նատալի ֆարմ» ընկերությունը, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր, խոշոր բիզնեսի ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանն է: Մրցույթի արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 13-ին եւ 11 անուն դեղերի մատակարարման համար հաղթող է ճանաչվել «Սզնի» ՍՊԸ-ն: Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի տնօրեն Մհեր Մարգարյանը նոյեմբերի 19-ին գրավոր տեղեկացրել է «Սզնի» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանին, որ նա հիվանդանոցային համալիրի հետ կնքի պայմանագիր եւ 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնի պայմանագրի գնի 10 տոկոսի չափով կատարման ապահովում, որը կազմել է 251 հազար 700 դրամ (Մ.Մարգարյանի նամակի պատճենը կցվում է): Նոյեմբերի 22-ին հիշյալ 11 անուն դեղերի մրցույթում պարտված «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա.Ասատրյանը նամակ է հղում Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Մ.Մարգարյանին, որում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի, Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի երկար տարիների համագործակցությունը, Հայաստանի Հանրապետությունում գործող, որպես դեղորայք եւ բժշկական պարագաներ ներկրող առաջատար ընկերություն եւ բարեգործությամբ զբաղվելու սկզբունքով օժտված կազմակերպություն` «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիրի եւ տնօրինության կողմից որոշում է կայացվել Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ին նվիրաբերել «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1« սրվակ դեղամիջոցը, 8000 /ութ հազար/ օրինակից: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ մատակարարումը կկատարվի յուրաքանչյուր եռամսյակ» (նամակի պատճենը կցվում է): «Բարեգրծության շրջանակներում» եւ «նվիրատվության կարգով»  հիվանդանոցին «Ցեֆտրիաքսոն» դեղամիջոց «նվիրաբերելու «Նատալի ֆարմ»-ի առաջարկի մասին նոյեմբերի 25-ին «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Մարգարյանը տեղեկացնում է «Սզնի»-ի տնօրենին` մասնավորապես հայտնելով հետեւյալը. «Լ.Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի կողմից անցկացված ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթում Ձեր ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում կա նաեւ «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1՚ սրվակ դեղամիջոցը: Հայտնում ենք Ձեզ, որ նշված դեղամիջոցը նվիրաբերության կարգով, համաձայն իր առաջարկության, «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից մատակարարվելու է հիվանդանոցին: Հետեւաբար այդ դեղամիջոցի գնման պահանջը դադարում է եւ Ձեր ընկերության հետ պայմանագիր կկնքվի Ձեր ընկերության կողմից շահած չափաբաժնի ցանկում ընդգրկված մնացած դեղամիջոցների մատակարարման համար»: Այն, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «բերեգործական նկրտումները» ի հայտ են եկել հայտարարված մրցույթի ու դրա արդյունքերի հետ կապված, վկայում են հետեւյալ կարեւոր փաստերը: Վերոհիշյալ մրցույթում «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ա. Ասատրյանն ու նրա հիմնադիրը. 1. դիմել են դեմպինգային քաղաքականության. «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1՚ դեղամիջոցը նրա գնացուցակում արժեցել է 500 դրամից բարձր, սակայն մրցակցին շուկայից դուրս մղելու նպատակով հենց այդ մրցույթում նա առաջարկել է 170 դրամ (ինչպես ակնհայտ կդառնա ստորեւ վկայակոչված մեկ այլ փաստից, 2010թ. մայիսի 17-ին «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար դեղորայքի եւ բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցակցային բանակցություններում «Նատալի ֆարմը» նույն դեղորայքի համար առաջարկել է 1590 դրամ եւ գրեթե «հաղթել էր», եթե չեղյալ չհամարվեր մրցույթն այդ մասով), 2. հիվանդանոցային համալիրին որոշել են նվիրատվություն անել միայն այն բանից հետո, երբ «Սզնի» ՍՊԸ-ի գնային առաջարկ` (սրվակի համար 168 դրամ) մրցունակ եւ հաղթող է ճանաչվել, 3. «բարեգործություն» է արել այն չափով, որքան մրցույթում հաղթել է «Սզնի» ՍՊԸ-ն. ըստ որում` «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1» դեղամիջոցի 8.000 օրինակը կազմում է «Սզնի» ՍՊԸ-ի շահած գումարի 53.4 տոկոսը, այսինքն` կեսից ավելին, եւ հետեւաբար նպատակ է ունեցել ուղղակի ֆինանսապես հարվածել նրա շահերին եւ դուրս մղել շուկայից: Թե Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ղեկավարության, թե «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի հիմնադիրի եւ գլխավոր տնօրենի վարքագիծը քննելի են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի ներքո, որի համաձայն` «օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ` դրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաեւ` վնասել սպառողների շահերը»: Վերոնշյալ սուբյեկտների վարքագիծը հակասում է նաեւ այդ օրենքի 4-րդ հոդվածով ամրագրված տնտեսական մրցակցության սահմանմանը, որը մրցակցությունը սահմանում է իբրեւ «ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները»: Փաստացի, այդ մրցույթում հաղթած «Սզնի» ՍՊԸ-ի մրցակից «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ղեկավարության հետ միասին կամ նրանց օգնությամբ մասնակիորեն չեղյալ է դարձրել  անցկացված մրցույթի արդյունքը` փաստացի այդ կերպ միակողմանի ազդեցություն գործելով տվյալ ապրանքային շուկայում ընդհանուր պայմանների վրա եւ դրսեւորելով հակամրցակցային վարքագիծ: Եթե «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն բարեգործական կազմակերպություն է, այդ դեպքում, հարց է ծագում. ինչո՞ւ է մասնակցում նման մրցույթների, եթե նա դա կարող է անել առանց այլոց շահերին վնաս հասցնելու եւ մրցակցության վրա ազդելու: Ակնհայտ է, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն միանգամայն այլ նկրտումներ ունի` մրցակցությունից դուրս թողնել միջին եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, որոնց շարքում «Սզնի» ՍՊԸ-ը ընդամենը մեկն է ու օրինակ: Իր այդ հակաօրինական ծրագրերում բարեգործությունը նրա համար ընդամենը շղարշ է, իսկ բարեգործություն անելն էլ բռնում է այն ժամանակ, երբ դրա միջոցով լուծվում է մրցակցին խաղից դուրս թողնելու խնդիրը: Այս օրինակի վրա ինձ թույլ եմ տալիս եզրակացնել, որ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի նամակում հիշատակված «բարեգործությամբ զբաղվելու սկզբունքով օժտված կազմակերպություն» որակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ բարեգործությունն իբրեւ հակամրցակցային վարքագծի գործիք օգտագործելու ինքնախոստովանություն: Այս տարվա մայիսի 18-ին ԱԺ հայտարարությունների ժամին ես անդրադարձել էի մեկ այլ մրցույթում տեղի ունեցածին: Խոսքը վերաբերում է  մայիսի 17-ին «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի կարիքների համար դեղորայքի եւ բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցակցային բանակցություններին: Այդ մրցույթի շրջանակներում հակաբորբոքային «Ցեֆտրիաքսոն» դեղորայքի 1 գրամանոց սրվակի համար մրցույթի մասնակից հայտատուներն առաջարկել էին հետեւյալ գները. «Նատալի ֆարմը»` 1590 դրամ (Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթում նա այս դեղամիջոցի համար առաջարկել է 170 դրամ), «Ֆարմդոն» ՍՊԸ-ը` 1773 դրամ, «Լամբրոն» ՍՊԸ-ը` 828 դրամ, եւ «Սզնի» ՍՊԸ-ը` 198 դրամ: Փաստացի այդ դեղամիջոցի համար համեմատության կարգով առավել ցածր գին առաջարկել էին «Լամբրոն»-ը եւ «Սզնի»-ն, ըստ որում` «Սզնի»-ի գնային առաջարկը մոտավորապես 9 անգամ ցածր  եղել «Ֆարմդոնի» եւ 8 անգամ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի գնային առաջարկից: Չնայած դրան` մրցութային հանձնաժողովը մերժել էր ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերություններին եւ ընտրել «Նատալի ֆարմ»-ին եւ «Ֆարմդոն»-ին` առաջիկա օրերին նրանց միջեւ ընտրություն կատարելու կամ միգուցե` միաժամանակ երկուսից էլ հիշյալ դեղամիջոցը թանկ գնով գնելու նպատակադրությամբ: ԱԺ հայտարարությամբ իրավապահ մարմիններին դիմելու արդյունքում կանխվեց սպասվող «գործարքը», բայց նկատելի է, որ «լավագույն ավանդույթներն» այս դաշտում դեռեւս շարունակվում են: Ամենաթարմ եւ վերջին փաստը օրերս «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար հայտարարված ԵՊԲՀ-ԱՊՁԲ-11/17 մրցույթն է: Այդ ծածկագրի ներքո մրցույթ է հայտարարվել 12 անուն դեղորայքի համար. 1) Ամօքսիցիլլին-Աստերիա դպճ 500մգ N10 (400 տուփ), 2) Դեքսամետազոն-Աստերիա ամպ 5մգ/1մլ N10 (600 տուփ), 3) Դիկլոֆենակ-Աստերիա ամպ 75մգ/3մլ N5 (800 տուփ), 4) Դօքսիցիկլին-Աստերիա դպճ 100մգ N10 (150 տուփ), 5) Օմեպրազոլ-Աստերիա դպճ 20մգ N10 (2000 տուփ), 6) Ֆլյուկոնազոլ-Աստերիա դպճ 50մգ N10 (150 տուփ), 7) Ֆլյուկոնազոլ-Աստերիա դպճ 150մգ N10 (300 տուփ), 8 ) Ցեֆազոլին-Աստերիա 1.0 N1 ն/ե, մ/մ (7000 տուփ), 9) Ցեֆտրիաքսոն-Աստերիա 1.0 N1 ն/ե, մ/մ (5000 տուփ), 10) Ցիպրոֆլոսացին-Աստերիա հաբ 500մգ N10 (350 տուփ), 11) Իբուպրոֆեն-Աստերիա հաբ 400մգ N10 (250 տուփ), 12) Մետրոնիդազոլ- Աստերիա հաբ 500մգ N10 (800 տուփ) (մրցույթի հայտարարության պատճենը, որ տեղակայված է պաշտոնական տեղեկագրում, կցվում է սույն գրությանը): Հայտարարությունից իսկ ակնհայտ է, որ մրցույթ է հայտարարված ոչ միայն 12 անուն դեղորայքի համար, այլեւ այն արտադրող ընկերության, իսկ ավելի ստույգ` մեր Հանրապետություն դրանք ներկրողի համար: Սա ոչ ինչ է, քան ապօրինություն: Մրցույթի կազմակերպիչը այս անգամ նման եղանակով է հնարավորություն ստեղծում, որպեսզի առնվազն մեզ անհայտ մի կազմակերպություն 12 անուն դեղորայքի շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի ազդելու հնարավորություն ստանա, եւ դրանով իսկ բացառում է մրցակցությունն ու մրցույթն ընդհանրապես, քանի որ կանխորոշել է արդյունքը. մինչեւ մրցույթն արդեն իսկ հաղթել է «Աստերիա» ընկերության վերոթվարկյալ 12 անուն դեղորայքը ներկրող ընկերությունը, կամ էլ այդ մրցույթին նրա փոխարեն կարող է մասնակցել որեւէ միջնորդ կազմակերպություն: Տվյալ 12 անուն դեղերը մրցույթի հայտում ներկայացված են առեւտրային` բրենդային անվանմամբ, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ դեղերի անվանումները մրցույթի ցանկում պատվիրատուն պարտավոր է նշել բուն ազդող դեղանյութի ջեներիկ անվամբ: Սա օրենքի պահանջն է: Այս մրցույթն ակնհայտորեն հարկավոր է անհապաղ անվավեր ճանաչել, հետաքննության ենթարկել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ղեկավարության եւ «արդեն իսկ հաղթած» ընկերության ենթադրյալ հակամրցակցային համաձայնությունը, հայտարարել նոր մրցույթ եւ ապահովել դրա օրինականությունը` հնարավորություն ընձեռելով  այլ դեղագործարանների արտադրության պրեպարատներ ներկայացնող կազմակերպություններին մասնակցել դրանում: Դեղերի շուկայում եւ մասնավորապես` պետական գնումների դաշտում նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների անվան հետ կապվող կազմակերպությունների վարքագիծը բավական հաճախ է միանշանակ դուրս օրենքի շրջանակներից (ինպես «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի դեպքն է) եւ նկարագրված երեք օրինակները բացառությունների շարքից չեն: Տակավին պարզ չէ առողջապահական հաստատությունների ղեկավարների որոշումների վրա նրանց ազդեցության մեխանիզմը, թեպետ դրա վերաբերյալ կան շրջանառվող լուրեր. 1. այդ հաստատությունների ղեկավարները «ֆինանսապես փոխշահավետ» պայմանավորվածությունների մեջ են նշված կազմակերպությունների հետ եւ գործում է հանրահայտ «ատկատի» մեխանիզմը. երբ հայտարարված մրցույթում գնվում է ամենաթանկ կամ «ցանկալի» դեղորայքը, որից հետո հայտատու կազմակերպության հայտն «ընդառաջելու» դիմաց փայաբաժին է ստանում առողջապահական հաստատության ղեկավարը: Շահում են երկուսն էլ, քանի որ գործարքն իրականացվում է պետական հատկացումների հաշվին, մինչդեռ էական վնաս են կրում պետությունը, պետական բյուջեն եւ քաղաքացին, ում հարկերի հաշվին գոյանում է բյուջեն եւ ում առողջության ապահովման համար պետական բյուջեով կատարվում են հատկացումներ: 2. Հաճախ բուժհաստատությունների ղեկավարները անզոր են օրինական եղանակով որոշել մրցույթում հաղթող ընկերությանը, քանի որ մրցույթի արդյունքները կանխավ պարտադրվում են տվյալ կազմակերպություններին «փոխկապակցված» պաշտոնատար անձանց կողմից: Մեզ հասած եւ փոխանցված տեղեկությունների եւ մտահոգությունների համաձայն` հաճախ այդ կազմակերպությունները թելադրում են մրցույթի կազմակերպիչներին` ում հայտ տրամադրել եւ ում` ոչ: Վերոնշյալ ակնառու փաստերի հիման վրա դիմում եմ սույն գրության հասցեատեր պաշտոնատար անձանց` 1. ՀՀ դատախազությանը` հետաքննել Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ղեկավարության եւ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի տնօրինության վարքագիծը ՎՀՀ-1-01/10 ծածկագրով մրցույթի, ինչպես նաեւ` «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ղեկավարության վարքագիծը` նրա կարիքների համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար հայտարարված ԵՊԲՀ-ԱՊՁԲ-11/17 մրցույթի ժամանակ: 2. ՀՀ վարչապետին եւ ՀՀ առողջապահության նախարարին` պարտադրել Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի ղեկավարությանը` կատարել օրենքի պահանջը եւ պայմանագիր կնքել մրցույթում հաղթած «Սզնի» ՍՊԸ-ի հետ` «Ցեֆտրիաքսոն» ն/ե մ/մ 1գ*1» դեղամիջոցի (8000 օրինակ) մատակարարման վերաբերյալ, 3. ՀՀ Կառավարությանը եւ մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարարությանը` անվավեր ճանաչել «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կարիքների համար անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար հայտարարված ԵՊԲՀ-ԱՊՁԲ-11/17 մրցույթը, հետաքննություն իրականանել, թե ո՞ր կազմակերպության համար էր իրականում այն հայտարարված, հայտարարել նոր մրցույթ եւ ապահովել դրա օրինականությունը, միաժամանակ պարզել, թե գնումների մասին հայտարություն հրապարակելիս ինչո՞ւ է 12 անուն դեղորայքը առանձնացվել մյուս պրեպարատներից ու պարագաներից, երբ դա պետք է արվեր միասնական ցանկով եւ հայտարարությամբ, 4. Տնտեսական մրցակցության հանձնաժողովին` ուսումնասիրություն սկսել «Նատալի Ֆարմ» եւ այլ առաջատար կազմակերպությունների վարքագծի եւ շուկայում զբաղեցրած դիրքի կապակցությամբ, ինչպես նաեւ` ուսումնասիրել դեղերի շուկայում դեղորայքի գնի հիմնավորվածությունը` այդ նպատակով համադրելով ներմուծման երկրում ներկրող կազմակերպություններին տրամադրված հաշիվ-ապրանքագրերով, ապա` ՀՀ մաքսային մարմիններում կազմված մաքսային հայտարարագրերով ամրագրված եւ վերջապես շուկայում դրանց իրացման գները, 5. ՀՀ նախագահի եւ վարչապետի վերահսկողական ծառայություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը եւ ՀՀ վերահսկիչ պալատին` ուսումնասիրել առնվազն 2010թ. ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների ենթակայության ներքո գտնվող բոլոր բուժհաստատություններում ու առողջապահական հաստատություններում անցկացված մրցույթների օրինականությունը, ներառյալ անվճար դեղատոմսերի բացթողման մեխանիզմը. թե ինչպե՞ս է «հաղթող» ճանաչվում տվյալ դեղատունը: Անվճար դեղատոմսերում նշված դեղերի գները մոտ 15-20% բարձր են մանրածախ գներից: Այդ դեղատոմսերի բացթողումն իրականացնում են հարկային հաշվետվություններով փոքր շրջանառություն ունեցող դեղատները, իսկ այն դեղատները, որոնք ունեն հարկայինի կողմից հաստատված հասույթի գիրք, որում ֆիքսված են դեղերի գները, բնականաբար խախտում չեն կարող անել, ուստի նրանք զրկված են անվճար դեղատոմս բացթողնելու հնարավորությունից: Օրինակ` «Սզնի» ՍՊԸ-ի տարեկան մանրածախ առեւտուրը կազում է մոտ 120մլն դրամ, եւ բնականաբար «Սզնի» ՍՊԸ-ն չի գնա նման կեղծիքի, ուստի եւ զրկված է դեղատոմս բաց թողնելու հնարավորությունից: Այդ ուսումնասիրություններում առաջարկում ենք մասնակից դարձնել Ազգային ժողովին եւ հաշվետվություն ներկայացնել հանրությանը` ուսումնասիրությունների եւ հայտնաբերումների վերաբերյալ: Հարգարժան պարոնայք, Թույլ տվեք սույն պաշտոնական գրությունն ավարտել փոքր ու միջին բիզնեսի զարգացման ու պաշտպանության, հանրության սոցիալական պաշտպանվածության ու որակյալ բուժսպասարկման վերաբերյալ հրապարակավ արված պաշտոնական հայտարարությունների թեմայով: Հիրավի, հիշատակված ու դեռեւս չուսումնասիրված բազմաթիվ փաստերը մարտահրավեր են` ապացուցելու, որ մեր խոսքերի եւ գործերի միջեւ անդունդ չկա, որ առկա է քաղաքական կամք` պատժելու օրինազանցներին` անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, որ օրենքի առջեւ հավասար են բոլորը, փոքր ու միջին բիզնեսը ապահովագրված է խոշոր բիզնեսի ամենակուլ ոտնձգություններից, որ պետական բյուջեն թալանատեղի չէ, եւ որպեսզի որակյալ բուժսպասարկումն ու բուժօգնությունը հասու լինեն բոլորին, իսկ հասարակությունն էլ չմնա կուսակցականացված բարեգործական բուժօգնությունների հույսին, այն էլ` 5 տարին մեկ հաճախականությամբ: Որովհետեւ դա պետության  եւ կառավարության պարտականությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter