HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» առաջարկում է փոփոխություններ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում

Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունն Ազգային ժողովի նախագահին է ուղարկել պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Ստյոպա Սաֆարյանի, Լարիսա Ալավերդյանի, Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ նախագահը երկօրյա ժամկետում այն պաշտոնապես շրջանառության մեջ կդնի: Նոյեմբերի 3-ին, երբ ՀՀ նախագահի կողմից դեռեւս չէր ստորագրվել այդ օրենքում հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունները, «Ժառանգություն» խմբակցությունը գրավոր նամակով դիմել էր ՀՀ նախագահին` հորդորելով այն ետ վերադարձնել Ազգային ժողով` օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխության վերաբերյալ առարկությամբ ու նախկին խմբագրմանը վերադարձնելու առաջարկությամբ: ՀՀ նախագահը չօգտվեց ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված այդ իրավունքից եւ ստորագրեց Օրենքում հոկտեմբերի 27-ին կատարված փոփոխությունները: «Ժառանգություն» խմբակցության կողմից ԱԺ նախագահին ուղարկված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունը վերադարձնել նախկին խմբագրմանը: Ստորեւ ներկայացվում է օրենքի նախագծի հիմնավորումը. Հիմնավորում ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման հիմքը նախեւառաջ սոցիալական արդարության վերականգնման նպատակն է: Մեր պետության առաջնային խնդիրներից մեկը ծնելիության բարձրացմանը նպաստելն է, սակայն այս Օրենքի արդյունքում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Նախագծով առաջարկվում է գոնե վերականգնել նախկին դրությունը` հղիության եւ ծննդաբերության նպաստը սահմանել միջին աշխատավարձի չափով (ոչ թե ավելացնել նպաստների չափը): Օրենքի 27-րդ հոդվածում առաջարկվող փոփոխության նպատակն է նպաստները կամավոր վերադարձնելու պատրաստակամություն ունեցող անձին ազատել հարկադիր կատարման ծախսերից եւ ավելորդ չծանրաբեռնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը: Հիմնավորված չէ Օրենքում ամրագրված այն մոտեցումը, ըստ որի` ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է միջին աշխատավարձի հիման վրա` ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով բազմապատկելով, իսկ վարձու աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի աշխատանքային օրերի հիման վրա: Առաջարկվում է նպաստի հաշվարկման միասնական կարգ սահմանել: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող փոփոխության նպատակը հղիության եւ ծննդաբերության նպաստները չհարկելն է` հաշվի առնելով դրանց խիստ նպատակային նշանակությունը եւ երկրում առկա` հետզհետե ավելացող գնաճը: Ուսումնասիրվել է մի շարք երկրների, այդ թվում Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի Դաշնության, համապատասխան օրենսդրությունը, որոնցում նույնպես ամրագրված են նմանաբովանդակ դրույթներ: Օրենքում առկա հիշյալ դրույթներով խախտվում է նաեւ Հայաստանի մասնակցությամբ գործող Եվրոպական սոցիալական խարտիայի նույնիսկ նախաբանում ամրագրված նպատակը, ոտնահարվում է աշխատող կանանց` մայրության դեպքում հատուկ պաշտպանվածության իրավունքը (Խարտիայի 1-ին մասի 8-րդ կետ, 2-րդ մասի 8-րդ հոդված):  Նշենք, որ խարտիան հիշյալ նորմերից որեւէ բացառություն չի նախատեսում: Բացի վերը նշվածը, Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկում /ՀՀ նախագահի 2009թ. մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության հավելված/ հստակ ամրագրված է. «իրականացնել Եվրոպական սոցիալական խարտիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Եվրոպական կառույցների հետ համագործակցության զարգացում, Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակում եւ իրականացում»: Սույն նախագծով ապահովվում է վորոնշյալ միջազգային պարտավորությունների կատարումը` մեր քաղաքացիների եւ միջազգային հանրության առջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter