Կվերականգնվի 143,6 կմ ճանապարհահատված
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի իրականացման ընթացքը, Նոր մայրուղիներ ծրագիրը (Ճանապարհային ակտիվների պահպանության ծրագիր) եւ Համաշխարհային բանկի կողմից դեկտեմբերի 6-ին կազմակերպված «Հայաստանում տեղական նշանակության ճանապարհների ընթացիկ պահպանման բարելավում» թեմայով աշխատաժողովի արդյունքները:
Նախարար Մ.Վարդանյանը, ներկայացնելով Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ընթացքը, տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետության ինը մարզերում վերականգնել մոտ 143.6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ: Ընդ որում` մոտ 130.1 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերանորոգման աշխատանքները գրեթե ավարված են և ընթանում են շահագործման ընդունման աշխատանքները: Երեք պայմանագրերի (Մեծամոր-Գայ-Հովտաշատ, Գագարի-Գեղամավան և Մ4-Քաղսի) ավարտի ժամկետը սահմանված է 2011թ.-ը:
Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ծրագրի շրջանակներում Գյուլագարակ գյուղում իրականացվում է ճանապարհային անվտանգության բարելավման փորձնական նախագիծ:
Անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ճանապարհային ակտիվների պահպանության» ծրագրին` Մ.Վարդանյանն առաջարկել է այն անվանել «Ճանապարհային ակտիվների կառավարում», ինչպես նաեւ նոր ծրագրում ներառել ճանապարհների անվտանգության աուդիտի գաղափարը, կարողությունների ձեւավորման, ճանապարհների կառավարման եւ պահպանման հարցերը:
Հայաստանում Համաշխարհային բանկի Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Բենջամին Գերիկեն ընդունել է նախարարի առաջարկները եւ խոստացել այն ներկայացնել բանկի քննարկմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել