Հարկային օրենսդրությունը փոփոխվում է
Ազգային ժողովում քննարկվեց Կառավարության ներկայացրած ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Օրինագիծը խորհրդարանում ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Նախագծով նախատեսվում է հարկ վճարողներին հաշվառման համար տրամադրելու գործառույթը հարկային ծառայությունից փոխանցել պետռեգիստրին: Հարկ վճարողները պետռեգիստրում գրանցվելուց անմիջապես հետո ստանալու են հաշվառման համար, իսկ պետռեգիստրն անմիջապես այդ մասին տեղեկացնելու է հարկային մարմիններին: Օրենքը կիրառվելու է 2011 թ. ապրիլի 1-ից:
Արմեն Ալավերդյանը ներկայացրեց նաեւ օրենքների փաթեթ` շեշտադրելով 3 կարեւոր դրույթներ, որը թեթեւացնելու է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների «հոգսը»:
1. Շահութահարկ վճարող հարկատուները այսօրվա օրենդրությամբ պարտավոր են շահութահարկի կանխավճարները հարկային մարմիններին վճարել ամեն ամիս: Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է շահութահարկը վճարել եռամսյակը մեկ անգամ:
2. Փոքր բիզնես ունեցող հարկատուները, ովքեր ունեն մինչեւ 5 աշխատող, գործող օրենքով սոցվճարների հաշվետվությունները հարկային մարմիններին ներկայացնում են 3 ամիսը մեկ անգամ, իսկ 5-ից ավել աշխատող ունեցողները` ամիսը մեկ անգամ: Նախատեսվում է հավասարեցնել հարկ վճարողներին եւ հաշվետվություններն ընդունել 3 ամիսը մեկ անգամ:
3. Հարկատուները պարտավոր են իրենց տարեկան հաշվետվությունները հրապարակել տպագիր մամուլում: Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է նաեւ հարկ վճարողների կողմից հաշվետվությունները փաստաթղթերի տեսքով ներկայացնել հարկային մարմիններին: Այն հարկատուները, ովքեր չեն կատարի նշված պահանջը, կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել