HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ զինված ուժերում այլընտրանքային արժանապատիվ ծառայության առաջարկ

Մանե Հակոբյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ «Հրապարակ» թերթի էլեկտրոնային տարերակի 26.11.2010թ. համարում զետեղված է Մարիաննա Ղահրամանյանի ««Խղճի կալանավորնե՞ր», թե՞ ծառայությունից խուսափողներ» վերտառությամբ հոդվածը, որից տեղեկանում ենք, որ նախօրեին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Վերին պալատում սկսվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամ, ՀՀ քաղաքացի Վահան Բայադյանի գործի լսումը: 2002թ., պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատարանը Վ. Բայադյանին նախ 1,5 տարվա, այնուհետեւ, դատախազության պահանջով` 2,5 տարվա ազատազրկման է դատապարտել: Վ. Բայադյանը դիմել է ՄԻԵԴ, որի Ստորին պալատը 2009թ. հոկտեմբերին որոշում է կայացրել, որ զինծառայությունից խուսափելու համար Բայադյանին դատապարտելը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որի 9-րդ հոդվածն ամրագրում է, որ խղճի ազատությունը չի վերաբերում զինծառայությունից հրաժարվողների իրավունքներին: Գործն այժմ լսվում է ՄԻԵԴ-ի Վերին պալատում, որտեղ Վ. Բայադյանի շահերը ներկայացնում է փաստաբան Կանադայից: Հիշեցնենք, որ 2001թ., ԵԽ անդամ դառնալիս, ՀՀ պարտավորվել է ազատել կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվողներին եւ 2004թ. ընդունել է նաեւ «Այլընտրանքային ծառայության» մասին օրենքը: Ներկայումս ՀՀ-ում 72 «խղճի կալանավորներ» կան, հայտարարել է Հայաստանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության քարտուղար եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանը: Իրավապաշտպան Ա. Սաքունցն էլ հատուկ նշել է` -  այլընտրանքային ծառայության անցած երիտասարդների նկատմամբ զինվորական վերահսկողության խնդիրը, որն, ըստ նրա անընդունելի է, բացի այդ` - այլընտրանքային զինվորական ծառայության ավելի երկար լինելը` 36 ամիս (այլընտրանքային աշխատանքային ծառայության) եւ 42 ամիս (այլընտրանքային քաղաքացիական ծառայության) դեպքում, բացի այդ, ըստ նրա` -   այընտրանքային ծառայությունն իր բնույթով պետք է քաղաքացիական լինի, մինչդեռ առկա օրենքով այն տարբերակված է` այընտրանքային աշխատանքային եւ այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, ավելին, ըստ նրա` -  նրանց աշխատանքային պայմանները, մեղմ ասած, նվաստացուցիչ են` նրանց հանձնարարում են ամենածանր աշխատանքը: Այն, որ իրավապաշտպան Ա. Սաքունցի հարցադրումներում վիճելի կետեր կան, հարցի մի կողմն է: Սակայն փաստ է, որ ՀՀ պարտավորություններ է վերցրել իր վրա, օրենքով ամրագրել դրանք եւ այժմ պետք է իրականացնի իր պարտավորություններն այնպես, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության եւ այլ նմանատիպ կառույցների անդամ ՀՀ երիտասարդ քաղաքացիները ստանան արժանապատիվ, լիարժեք այլընտրանքային  ծառայության առաջարկ, պատվով իրականացնեն այդ ծառայությունը, զգան իրենց մեր հասարակության մասը ու հպարտ լինեն դրանով, մենք էլ իրենցով: 15.11.2010թ. ՀՀ Հանրային խորհրդի նախագահ պրն. Վ. Մանուկյանին ուղղված իմ նամակում ներկայացրել եմ վաղուց ի վեր մշակած իմ «Այլընտրանքային արժանապատիվ ծառայության համալիր ծրագիր-առաջարկը», որը ներկայացնում եմ նաեւ ՀՀ ընթերցող հասարակության ուշադրությանը: «Այլընտրանքային արժանապատիվ ծառայության համալիր ծրագիր-առաջարկը» Հայոց նորանկախ պետականության տարիների ընթացքում հայկական բանակը եւ հայ հասարակությունը բախվեցին մարդու հայ տեսակի համար նոր ու վտանգավոր մի մարտահրավերի`հայոց բանակում այլընտրանքային ծառայության ներդրման անհրաժեշտության փաստի հետ: Այլընտրանքային ծառայության պահանջ ներկայացնում են իրենց Եհովայի վկաներ, պացեֆիստներ եւ այլն հայտարարող ՀՀ երիտասարդ քաղաքացիներ, որոնց թիվը գնալով ավելանում է: Սկզբում այդ երիտասարդները հայտարարում էին, թե իրենք դեմ չեն ծառայել հայոց բանակում, սակայն պահանջում էին այընտրանքային, զենքի հետ կապ չունեցող ծառայություն: Հետագայում նրանց մի մասը սկսեց հրաժարվել առաջարկվող այլընտրանքային ծառայությունից, գերադասելով, իրենց պնդմամբ, բանտը: Սակայն փորձը ցույց է տալիս, որ, ցավոք, այդօրինակ երիտասարդները հաճախ ոչ միայն խուսափում են բանակում ծառայությունից, այլ նաև, օգտագործելով իրենց, այսպես կոչված, «հավատքի ազատության» ոտնահարման կեղծ փաստը` բանտում հայտնվելը, լքում են հայրենիքը, այդ կերպ հայտնվելով եվրոպական երկրներում, որպես «հավատքի համար հալածյալներ»: Մեր երկիրը այս ծանր իրավիճակում հայտնվել է մի պարզ պատճառով միայն, քանի որ չենք փորձել ճիշտ լուծում տալ հարցին: Առաջարկում եմ համալիր «Ծրագիր», որի իրականացման արդյունքում` -    ՀՀ-ը չի կորցնի իր զավակներին, որոնք կրոնական կամ այլ նկատառումներից ելնելով հրաժարվում ենք զենք վերցնել, սակայն որոնց կարիքը հայրենիքն ունի, դրանք մեր զավակներն են, -    «այլընտրանքային ծառայություն» պահանջող ՀՀ երիտասարդ քաղաքացիները կստանան արժանապատիվ ծառայություն, ինչից որեւէ հիմք չեն ունենա հրաժարվելու, -    «այլընտրանքային ծառայություն» պահանջող ՀՀ երիտասարդ քաղաքացիները, այս «Ծրագրի» իրականացման արդյունքում, «հավատքի հալածյալներ»-ի կարգավիճակ չեն խնդրի օտար երկրներում, վնասելով ՀՀ վարկին եւ այլն, քանի որ դրա հիմքերը չեն ունենա: Ներկայումս խիստ անհրաժեշտ է ցանկացած երկրի, այդ թվում նաև ՀՀ բանակում ձեւավորել բնապահպանական անվտանգության ստորաբաժանումներ: Անհրաժեշտության դեպքում կարելի է ստեղծել բնապահպանական քաղաքացիական  համակարգ, օրինակ` բնապահպանական ոստիկանություն: Այս բանակային բնապահպանական ստորաբաժանումների եւ կամ քաղաքացիական բնապահպանական ոստիկանության գործառույթն է լինելու` ·    պատերազմական և խաղաղ իրավիճակներում լավագույնս իրականացնել մեր երկրի բնապահպանական առումով վատթար վիճակում հայտնված տարածաշրջանների մաքրման, վերականգնման աշխատանքները եւ այդ տարածքներում բնապահպանական լավ վիճակի ու բնապահպանական անվտանգության ապահովման, պահպանման, վերահսկման աշխատանքները: Բացի այդ` ·    հայրենի երկրի տարածքների, գետերի, ջրամբարների, միջպետական եւ տեղական նշանակության ճանապարհների, ճանապարհամերձ գոտիների, դաշտերի եւ այլն  մաքրման, կանաչապատման եւ այլն աշխատանքները եւ այդ տարածքներում բնապահպանական լավ վիճակի ու բնապահպանական անվտանգության ապահովման, պահպանման, վերահսկման աշխատանքները: Առաջարկում եմ` 1.    Հայոց բանակում եւ կամ բանակից դուրս ձևավորել նոր` «ՀՀ Բնապահպանական անվտանգության ստորաբաժանումներ» կամ «Բնապահպանական ոստիկանական ստորաբաժանումներ», որտեղ կծառայեն «այլընտրանքային ծառայություն» պահանջող ՀՀ երիտասարդ քաղաքացիները: 2.    Այդ բանակային կամ քաղաքացիական «Բնապահպանական ստորաբաժանումներում» կարող են ծառայել նաեւ ՀՀ այն երիտասարդ քաղաքացիները, որոնց առողջությունը չի բավարարում նրանց բանակային ծառայության զորակոչելուն: 3.    «Այլընտրանքային ծառայություն» պահանջող ՀՀ երիտասարդ քաղաքացիները կանցնեն որոշակի բնապահպանական ուսուցման դասընթացներ տեխնածին ու բնական աղետների արդյունքում եւ այլ հնարավոր բնապահպանական ծանր հետևանքների վերացման աշխատանքների իրականացման վերաբերյալ: 4.    Խաղաղ ժամանակ «բնապահպանական ստորաբաժանումները» կզբաղվեն ՀՀ տարածքում բնապահպանական ոչ բարվոք վիճակում գտնվող տարածքների մաքրման,  վերականգնման, այդ տարածքների բնապահպանական լավ վիճակի ու բնապահպանական անվտանգության ապահովման, վերահսկման աշխատանքներով: Այսպես` -    այդ բնապահպանակ ստորաբաժանումները կարող են զբաղվել Սեւանա լճի առափնյա տարածքների մաքրման` առափնյա անտառածածկ տարածքներում ծառերի հատման, դրանց արմատախիլ անելու, ստացված  բնափայտի կտրատման, տարածքի վերջնական մաքրման եւ այլն աշխատանքներին, -    նրանք կզբաղվեն Սեւանա լիճ թափվող գետերի հուների աղբից շարունակական մաքրման եւ բնապահպանական լավ վիճակի ապահովման ու վերահսկման աշխատանքներով, -    ՀՀ տարածքով հոսող բոլոր գետերի հուների շարունակական մաքրման ու վերականգնողական աշխատանքներով, -    ՀՀ միջպետական եւ տեղական նշանակության ճանապարհաեզրերի, դրանց հարող դաշտերի և այլն մաքրման աղբի կուտակման, վնասազերծման ու բնապահպանական լավ վիճակի ապահովման ու վերահսկման աշխատանքներով, -    ՀՀ խմելու եւ ոռոգման ջրամբարների, դրանց հարող տարածքների տնտեսական աղբից մաքրման, վնասազերծման,  ու դրանցում բնապահպանական լավ վիճակի ապահովման ու վերահսկման աշխատանքներին, -    ՀՀ ողջ տարածքում բնապահպանական բարվոք վիճակի ապահովման, պահպանման, այդ տարածքների բնապահպանական անվտանգության ապահովման ու վերահսկման հարցերով եւ այլն: ·    Առաջարկում եմ այս «Այլընտրանքային արժանապատիվ ծառայության համալիր ծրագիր-առաջարկը» ներկայացնել ՀՀ Նախագահին եւ ՀՀ Խորհրդարանին, առկա առաջարկի շուրջ քննարկումներ սկսելու նպատակով: ·    Առաջարկում եմ ՀՀ ՀԽ-ի բնապահպանական, գյուղատնտեսական, իրավական,  սոցիալական  եւ ՀՀ բանակի հարցերով զբաղվող ՀԿ-ներից ձեւավորել մասնագիտական հանձնաժողով, որը կզբաղվի այս առաջարկը օրենսդրորեն ձեւակերպելու հարցով: ·    Առաջարկում եմ, որ ՀՀ ՀԽ-ի բնապահպանական, գյուղատնտեական և ՀՀ բանակի հարցերով զբաղվող ՀԿ-ները, ՀՀ պաշտպանության և  Բնապահպանության նախարարությունների հետ համատեղ իրականացնեն այս կարևոր, ազգանվեր գործը, ապահովելու համար մի կողմից` ՀՀ տարածքում բնապահպանական բարվոք վիճակ, մյուս կողմից` արժանապատիվ ծառայություն «այլընտրանքային ծառայություն» պահանջող ՀՀ երիտասարդ քաղաքացիներին, իսկ երրորդ կողմից` բարձրացնելով ՀՀ վարկն աշխարհում, որպես պետություն, որը հարգում է «այլընտրանքային ծառայություն» պահանջող իր քաղաքացիների ընտրության իրավունքը և նրանց ապահովում է արժանապատիվ այլընտրանքային ծառայությամբ հայոց բանակում: Վստահ եմ, որ ՀՀ իշխանությունների եւ ՀՀ ՀԽ կողմից այս համալիր «Առաջարկ-Ծրագրի» բարեհաջող իրականացման արդյունքում մեր այս փորձը կփոխառնեն նաեւ այլ երկրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter