
Պարադոքսների երկիր Թուրքիան
Ստամբուլի քաղաքականության կենտրոնի տնօրեն Ֆուաթ Քեյմանն ասում է, որ ժամանակակից Թուրքիան արագորեն փոփոխվում է՝ սկսած 2000-ական թվականներից: Սակայն, ըստ նրա, բեկումնային կետ կարելի է համարել 2007 թվականը, երբ, մասնավորապես, տեղի ունեցան վերջին խորհրդարանական ընտրությունները: Ընդ որում, այդ տարի սպանվեց նաեւ Հրանտ Դինքը: Ըստ Քեյմանի՝ փոփոխություններ տեղի են ունենում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլն:
Քաղաքագետի բնորոշմամբ՝ 2007-ից հետո գոյություն ունեցող Թուրքիան կարելի է անվանել պարադոքսների երկիր: Այս առումով դոկտոր Քեյմանը առանձնացնում է մի քանի պարադոքս:
Առաջին. Թուրքիան այսօր ակտիվ քաղաքականություն է վարում ոչ միայն իրեն հարակից տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Կովկասում, այլեւ մուտք է գործել Հարավաարեւելյան Ասիա, Աֆրիկա, Հարավային Ամերիկա, այլ աշխարհամասեր: Վերջին տարիներին մեծ թվով թուրքական դեսպանատներ են բացվել հատկապես աֆրիկյան երկրներում: Այս պետությունը, ըստ Ֆ. Քեյմանի, Չինաստանից հետո երկրորդ դոնոր երկիրն է Աֆրիկայում: Սակայն քաղաքագետն այս ակտիվությանը հակադրում է թուրքական դիվանագիտության զգուշավորությունը, սկեպտիցզմը, որի դրսեւորման վերջին օրինակներից է հայ-թուրքական մերձեցման գործընթացի սառեցումը:
Երկրորդ. Թուրքիան գլոբալ առումով տեսանելի է դարձել աշխարհին, ասել է թե՝ վերջինս նորովի է նայում այս երկրին: Տուրիզմի կտրուկ աճն ու Ստամբուլի վերելքը դրա վառ օրինակ են: Սակայն տնտեսական զարգացմանը զուգահեռ տեղի է ունենում հասարակության բեւեռացում: Այս առումով քաղաքագետը պայմանականորեն երկիրը բաժանում է երեք հատվածի՝ արեւմտյան՝ հիմնականում արեւմտյան հայացքներով, միջին շրջաններ՝ պահպանողական աշխարհայացքով, եւ հարավ-արեւելք, որտեղ մեծ մասը քրդեր են: Եվ ահա այս խմբերի միջեւ բեւեռացումը, որն ունի քաղաքական եւ սոցիալական արմատներ, աստիճանաբար խորանում է: Քեյմանը նկատում է, որ եթե երկիրը տնտեսապես մեծ քայլերով առաջ է գնում, ապա նրա բնակիչները պիտի երջանիկ լինեն: Սակայն տարբեր խմբերի նկատմամբ դրսեւորվող խտրականություններն այսօր հակառակին են հանգեցնում: «Որքան Թուրքիան ավելի է մերձենում Եվրոպային, այնքան մասնատվում է իր ներսում»,- նշում է Ֆուաթ Քեյմանը:
Երրորդ. Ինչպես սոցիալական, այնպես էլ քաղաքական ոլորտում ներկայացվող առաջնահերթություններն ու իրականությունը հակասում են միմյանց: Շարունակ խոսվում է դեմոկրատական գործընթացների, դրանց անհրաժեշտության մասին: Բայց մյուս կողմից՝ բանակը շարունակում է կարեւոր դերակատարություն ունենալ քաղաքական գործընթացներում, վերջին օրերին էլ մեծ աղմուկ առաջացավ պատգամավորության քուրդ թեկնածուներին չգրանցելու պատճառով:
Չորրորդ. Քեյմանի բնորոշմամբ՝ այսօր Թուրքիայի քաղաքական դաշտում հեգեմոն դիրք է զբաղեցնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP): Վերջինս 2002-ից հետո հաղթել է բոլոր համապետական եւ տեղական նշանակության ընտրություններում: Ինչպես նշում է քաղաքագետը, մարդիկ արդեն հիմա խոսում են, որ ընտրություններում կրկին առաջատարը լինելու է AKP-ն, որը կհավաքի շուրջ 40-45 տոկոս ձայն: Հատկանշական է նաեւ այն, որ վարչապետ Էրդողանի կուսակցության՝ 2007 եւ 2010 թթ. ներկայացրած սահմանադրական երկու բարեփոխումներն էլ արժանացել են ժողովրդի վստահության քվեին: Սակայն, ըստ Քեյմանի, բնակչության քաղաքական ու սոցիալական բեւեռացման պատճառներից մեկն էլ հենց AKP-ի հեգեմոնիան է: «Որքան ավելի շատ է հաղթում AKP-ն, այնքան հասարակությունն ավելի շատ է բեւեռանում»,- նկատում է նա:
Հինգերորդ. Թուրքիայի ներկայիս ամենաուժեղ ընդդիմադիր ուժը Ժողովրդահանրապետական կուսակցությունն է (CHP), որը ժամանակակից (1923-ից) Թուրքիայի հիմնադիր ու ամենահին կուսակցությունն է եւ 20-րդ դարում երկար տարիներ միահեծան իշխած ուժը: 2007-ի ընտրություններում, սակայն, CHP-ն AKP-ի 47 տոկոս ձայնի դիմաց ստացել է ընդամենը 21 տոկոս: Ըստ Ֆ. Քեյմանի՝ 2007-ից հետո քեմալիստական գաղափարախոսությամբ CHP-ն ավելի է ուժեղացել, սակայն այս տարի կրկին կպարտվի Էրդողանի նոր պահպանողական ուղղություն դավանող կուսակցությանը: Ինչպես շեշտում է քաղաքագետը, չնայած 1923-ին կատարված պետության կառուցվածքի հաջող փոփոխությանը՝ Թուրքիան առ այսօր չի կարողացել միավորել, համախմբել իր միջի տարբեր շերտերին: Եվ CHP-ի ամեն պարտությունից հետո նրան սատարածների մեջ ավելանում է հիասթափվող մարդկանց թիվը:
Վեցերորդ. «Թուրքիայի խնդիրը քրդերի հարցն է»,- ասում է Ֆուաթ Քեյմանը ու շեշտում, որ առանց դրա լուծման հնարավոր չէ դեմոկրատական, կայուն զարգացող տնտեսությամբ, չբեւեռացված երկիր կառուցել: Չնայած քուրդ անկախ թեկնածուներն ու նրանց աջակցող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը (BDP) AKP-ի նկատմամբ առավելություն ունեն քրդերով բնակեցված մի շարք շրջաններում, այդուհանդերձ, դա բավարար չէ խորհրդարան մտնելու համար: Քրդերի՝ խորհրդարանում լինելու անհրաժեշտությանը զուգահեռ՝ քաղաքագետն առաջ է քաշում Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) խնդիրն ու ահաբեկչության հարցը, որը Թուրքիան դիտարկում է որպես իր անվտանգությանը սպառնացող առաջնային մարտահրավեր: Սակայն նա նույնպես արհեստական է համարում փաստաթղթերի թերի լինելու պատճառաբանությամբ վերջերս քուրդ թեկնածուներին չգրանցելու խնդիրը:
«Հետքի» հարցին, թե ի վերջո որն է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաջողության գաղտնիքը, Ֆ. Քեյմանը պատասխանում է՝ երկրի ներսում եւ արտաքին քաղաքականության ոլորտում տրանսֆորմացիաներ կատարելու իշխանությունների քաղաքականությունը: Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաեւ Էրդողանի ու AKP-ի նոր պահպանողական գաղափարախոսությունն ու ազգայնականության դրսեւորումները: Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել Կարսի Մարդկության եւ խաղաղության հուշարձանի շուրջ բարձրացած աղմուկը, որը, քաղաքագետի կարծիքով, ոչ թե Հայաստանին ինչ-որ բան հասկացնելու համար է, այլ պարզապես գալիք ընտրություններից առաջ պահպանողական ու ազգայնական շրջանակների քվեները ստանալու տակտիկական քայլ:
Ստամբուլ
Մեկնաբանել