HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արևելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի երկրորդ համաժողովին ընդառաջ

«Եվրասիա հանագործակցություն հիմնադրամի» տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի նամակը չէ պատճառը, որ ստիպված եմ շարադրելու Արևելյան գործընկերության գործընթացների վերաբերյալ իմ մոտեցումները, այլ այն հանգամանքը, որ վերոհիշյալ նամակը զուգակցվում էր մեկ այլ նամակով

` նույն «Եվրասիա հանագործակցություն հիմնադրամի» կողմից ուղարկված, որում արդեն ներկայացվում էր գրանտային ծրագրերի բաց նոր մրցույթ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցության շրջանակներում: Գուցեև զուգադիպություն էր այս երկու, թվում է, թե իրարից անկախ նամակների հրապարակումը և կամ առաջադրանք, իրար ջան չասելու ու իրար ջան չլսելու քողիտակ միմյանց ջան ասելով և ջան լսելով` այլոց գումարները մեջ-մեջ անելու և փոշիացնելու ձգտումով պայմանավորված: Եթե անգամ առաջադրանք չէ, ապա հենց այս և սրա նման զուգադիպություններով մտահոգված հասարակական կազմակերպություններն էին, որ դեռևս Բրյուսելում կայացած ԱլԳ առաջին համաժողովից հետո կազմավորված նախաձեռնող խմբի աշխատանքների ժամանակ բարձրաձայնում էին հիմնադրամների մասնակցության աննպատակահարմարությունը ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումին: Փաստորեն, երկու հիմնական խնդիր է դրված` 1. տապալել ազգային պլատֆորմի կայացման գործընթացը Հայաստանում 2. ստեղծել պլատֆորմի ակումբային /ֆեյսբուքային/ իմիտացիա: Այս երկու խնդիրներն էլ միմյանց փոխկապակցված լինելով` հետապնդում են մեկ նպատակ. թույլ չտալ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ինքնակազմակերպվելով ձևավորի մեր իրականության համար տառացիորեն աննախադեպ համագործակցության նոր ֆորմատ, որտեղ կարծիքների և մոտեցումների տարատեսակությունը ոչ թե իրարից տարանջատում և մեկուսացնում է, այլ փոխհարստացնելու և փոխլրացնելու ճանապարհով հիմք է հանդիսանում ներդաշնակ բազմամիասնության ստեղծման: Քաղաքական առումով, այս երկու սպառնալիքների իրականացման պարագայում պլատֆորմի ակումբային իմիտացիան հնարավորություն է ընձեռելու անգաղափար, անարմատ և անանցյալ նյութապաշտությանը` անարգել շփվելու եվրոպական կառույցների հետ և սեփական «խոհափիլիսոփայությունը» ներկայացնելու իբրև հանրության հավաքական կարծիք: Ընդ որում, նշված սպառնալիքները այդպես էլ կմնային չհաջողված թավշյա հեղափոխության հերթական փորձ, եթե չզուգորդվեին գրանտային ծրագրերի միջոցով արտերկրյա ֆինանսական աջակցության խոստումներով: Արդ, ո՞րն է ելքը: Իմ խորին համոզմամբ, ելքը պետք է խարսխված լինի Չարին չարով չպատասխանելու համամարդկային նորմի վրա: Հենց այս նորմով առաջնորդվելով էր, որ չնայած Հայաստանի ազգային պլատֆորմում ծագած տարաձայնություններին, Բեռլինյան համաժողով մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները, մի կողմ դնելով միմյանց բաժանող անջրպետը, իրար ձեռք մեկնեցին` հենվելով համերաշխության փոքրիկ և փխրուն նշույլի վրա: Արդյունքը եղավ այն, որ Բեռլինում կայացած ԱլԳ քաղաքացիական հասարակության երկրորդ ֆորումում հայաստանյան պատվիրակությունը տարավ աննախադեպ հաղթանակ, որի հիմնական գրավականը համատեղ կազմակերպական աշխատանքն էր և, որ առավել կարևոր էր, Հայաստանի ազգային պլատֆորմի քիչ թե շատ կայացվածությունը` ի համեմատություն ԱլԳ անդամ մյուս հինգ երկրների: Անշուշտ, մենք ունենք դեռ չլուծված շատ խնդիրներ, որոնք ավելի քան ռեալ են և լուծման համար պահանջում են ոչ թե ֆիլանտրոպիկ աբստրահումներ ու Ստեփան Շահումյանի արձանի վրա բացակայող ամորձիների պատճառները պարզաբանելու համար կրէատիվ խաղերի իրականացում, այլ կազմակերպական հստակ աշխատանք` այն միակ լեգիտիմ բազիսի վրա, որպիսին հանդիսանում է արդեն իսկ ստեղծված Արևելյան Գործընկերության Հայաստանյան Ազգային Պլատֆորմը /ԱլԳ ՀԱՊ/: Մասնավորապես, դեռևս հստակեցված չեն ԱլԳ ՀԱՊ, ազգային համակարգող և ԱլԳ ՔՀՖ միջև առկա փոխհարաբերությունների գործառույթային ու հաստատութենական տրամաբանությունը: Լուծման կարոտ է ԱլԳ ՀԱՊ ընդլայնման այնպիսի տարբերակի արմատավորումը, երբ նոր ընդգրկվող կազմակերպությունները աշխատանքների մեջ ներգրավվելով պիտի ամրագրեն իրենց մասնակցությունը պլատֆորմին: Դեռևս պարզաբանման կարիք ունի ԱլԳ ՔՀՖ նպատակադրումներին վերջինիս մասը կազմող բաղադրիչների, որպիսին նաև ազգային պլատֆորմներն են, ֆունկցիոնալ համապատասխանեցման սեմանտիկան: Ուրվագծված չէ ԱլԳ ՀԱՊ մասնակից կազմակերպությունների կողմից որդեգրած առաքելությունների և դրանցից բխած գործունեության տարատեսակ բնագավառների փոխհամաձայնեցվածության ապահովման մեխանիզմները: Ակնառու չէ ԱլԳ ՀԱՊ կողմից մասնակցային մոնիտորինգի և մասնագիտական փորձաքննության միջոցով կառավարության կողմից ԱլԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանդեպ վերահսկողության, չկատարման պարագայում` խթանման, խախտման դեպքում` հրապարակային բարձրաձայնման կազմակերպական կառուցակարգերը: Ակնհայտ է, որ այս բոլոր խնդիրներին ԱլԳ ՀԱՊ առաջիկա համաժողովին պետք է անդրադարձ կատարվի, գոնե հայեցակարգային դրույթների մակարդակով: Ի դեպ, հայեցակարգային դրույթների նախագիծը վաղուց արդեն մշակվել և ուղարկվել է շահագրգիռ բոլոր կողմերին, ընդ որում այդ նախագծի հիմքում ընկած են եղել ԱլԳ ՀԱՊ շրջանակում ստեղծված աշխատանքային խմբերի քննարկումների արդյունքներն ու ԱլԳ ՔՀՖ ուղենիշային փաստաթղթերը: Ակներևաբար, այս ողջ գործընթացի հաջողության գրավականներից մեկն էլ հանդիսանալու է ԱլԳ ՔՀՖ առաջին և չորրորդ աշխատանքային խմբերի կողմից ընտրված հայազգի համակարգողների և հատկապես նորընտիր ազգային համակարգողի անաչառ և օբյեկտիվ վերաբերմունքը, աչքի առաջ ունենալով նախկինում տեղի ունեցած թե° բացասական և թե° դրական նախադեպերն ու երկուֆորումներին մասնակցության արդյունքում կուտակած փորձառությունը:

Հայ պետական ծառայողների միության նախագահ Վաչե Քալաշյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter