Ապօրինաբար հատվել է 16 բարդի
Բնությանը պատճառվել է 370.500 դրամի վնաս
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, տեղեկանալով մամուլում տպագրված «Ահազանգ. Ջերմուկում ծառեր են ոչնչացվում» նյութին, հանձնարարել է բնապահպանական պետական տեսչությանը տեղում ուսումնասիրել խնդիրը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Վայոց-ձորի ՏԲ տեսուչները պարզել են, որ Ֆ.Ղազարյանի անվան ճեմուղու վրա և քաղաքային այգու տարածքում գտնվող «Սպիտակ տուն» առանձնատան շրջակայքում կա 124 հատ հատված ծառի կոճղ, որից 46-ը` սոճի, 78 -ը` բարդի տեսակի:
Ջերմուկի քաղաքապետարանում պարզվել է, որ քաղաքապետի թիվ 1 կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով` 2010թ. հունվարի 3-ին և 4-ին տեղացած առատ ձյան հետևանքով համայնքի տարածքում ձյունակոտոր և քամատապալ ծառերը հաշվառելու և արձանագրելու նպատակով: Հանձնաժողովը 13.01.2010թ. կազմել է արձանագրություն այն մասին, որ ընդհանուր առմամբ ձյունակոտոր և քամատապալ է եղել թվով 108 հատ ծառ, առաջարկվել է հատել նշված քանակությամբ ծառերը:
ԲՊՏ տարածքային բաժնի տեսուչները պարզել են, որ ըստ Ջերմուկի քաղաքապետարանի որոշման` պետք է հատվեր 108 հատ ծառ, սակայն իրականում հատվել է 124 ծառ:
Ապօրինաբար հատվել է 16 հատ բարդի տեսակի ծառ: Չնայած քաղաքապետարանում բացատրեցին, որ հատման ընթացքում ծառերն ընկել են հարևան կանգուն ծառերի վրա և կոտրել դրանք, ինչի հետևանքով էլ նախատեսված 108 ծառի թիվը դարձել է 124` այնուամենայնիվ, բնապահպանական պետական տեսչությունը կազմել է արձանագրություն` ապօրինի 16 ծառահատման վերաբերյալ:
Ըստ կազմված արձանագրության` բնությանը պատճառված վնասը կազմում է 370.500 դրամ: Սկսվել է վարչական վարույթ: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել