Սյունիքում ավելացել են արտակարգ իրավիճակների դեպքերը
Այս տարի Սյունիքի մարզում նախորդ տարվա համեմատ արտակարգ իրավիճակի դեպքերն ավելացել են179-ով: Ընթացիկ տարվա 11 ամսում Սյունիքում արձանագրվել է 257 արտակարգ իրավիճակի դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 78-ի փոխարեն: Զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 15-ը:
2010թ. հատկապես մեծ թիվ են կազմում տեխնածին արտակարգ իրավիճակների դեպքերը, որոնց մեծ մասը բաժին է ընկնում անտառային հրդեհներին: Սյունիքի մարզային փրկարարական փարչության տրամադրած տեղեկատվության համաձայն` դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզում գրանցվել է 227 տեխնածին արտակարգ իրավիճակի դեպք, որը նախորդ տարվա համեմատ 163-ով ավելի է:
Այս տարի զգալիորեն ավելացել են գրանցված հրդեհների դեպքերը. 215 դեպք` նախորդ տարվա 55-ի փոխարեն: Արձանագրված հրդեհներից 92-ը բաժին է ընկել Կապանի տարածաշրջանին, 48-ը` Գորիսին, 31-ը` Սիսիանին, 26-ը` Մեղրիին, 18-ը` Քաջարանին: Չոր աշնանային եղանակի պատճառով միայն նոյեմբերի 17-29-ն ընկած ժամանակահատվածում մարզի Սյունիք, Վարդավանք, Կապան,Կարճևան համայնքների վարչական տարածքներում բռնկված անտառային հրդեհների հետևանքով 83 հա անտառ է վնասվել:
Ավելացել են նաև տարերային արտակարգ իրավիճակների դեպքերը: Մարտ ամսում ուժեղ քամիների հետևանքով մարզի 33 համայնքին 39.967 մլն դրամի վնաս է հասցվել: Գարնանային առատ տեղումների հետևանքով մարզի մի շարք գետեր դուրս են եկել ափերից, ինչից տուժել են մարզի 11 համայնք, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ: Եղել են քարաթափների, փլուզումների և ձնհալքի դեպքեր, որոնց հետևանքով փակվել էին ավտոճանապարհները:
Ըստ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանի` մարզում տեղի ունենցած տարերային արտակարգ իրավիճակների վերջին տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ համայնքների ղեկավարները բավարար աշխատանքներ չեն կատարում հատկապես գարնանային հեղեղումների հնարավոր վնասների կանխման ուղղությամբ, ուստի համայնքների ղեկավարների վերապատրաստման անհրաժեշտություն կա:
Հարցը քննարկվել է նաև Սյունիքի մարզխորհրդի նիստում, և մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է 2011թ. համայնքների բյուջեներում նախատեսել միջոցներ արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ոլորտում անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար:
Մերի Սողոմոնյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել