HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետբյուջեն կֆինանսավորի 2011-2013թթ. «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը

Այս տարվա վերջին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը նախատեսում է ավարտել «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքները: Այս մասին նշված է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում (ՄԺԾԾ): Փաստաթղթում նաև առանձին ներկայացված է «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» ծրագիրը, որը ֆինանսավորվելու է ՀՀ պետբյուջեից: Ինչպես նշված է փաստաթղթում, «ծրագրի շրջանակներում իրականացվում է միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահպանմամբ ռադիոակտիվ թափոնների կենտրոնացված փոխադրում, ուսումնասիրում, պահպանում, վնասազերծում և թաղում՝ մարդկանց և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար»: Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի հետ կապված աշխատանքները սկսեցին 2010թ. ապրիլ-մայիս ամիսներին Արարատի մարզի Զանգակատուն և Ուրցալանջ համայնքների վարչական տարածքում: Ըստ աշխատանքների ղեկավար Մարատ Գրիգորյանի՝ գերեզմանոցի կառուցման համար 150 մետր խորության վրա պետք է պատրաստվեին բունկերներ՝ բոլոր թափոնների մշտական տեղադրման համար, և փորվեր 1 կիլոմետրանոց թունել: Գյուղացիների հետ ունեցած բախումների արդյունքում աշխատանքներն այդ տարածքում դադարեցվեցին, և ծանր տեխնիկան սարքավորումների հետ դուրս բերվեց համայնքների տարածքից: Նշենք, որ «ՀՀ տարածքում ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզի կազմման» աշխատանքներն անցկացվում են ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 22-ի թիվ 228՝ «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման և վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին» որոշման համաձայն: Նույն որոշման հիման վրա ՀՀ կառավարությունը 2008թ. ընդունեց թիվ 234 որոշումը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» ստեղծման վերաբերյալ, որը Հայաստանում իրականացնում է ուրանային ծրագիր և ներկայումս Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում անցկացնում է հորատման աշխատանքներ: Էկոլուր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter