HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Իրական հանցագործը բացահայտվում է

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Արսեն Շաքարյանի սպանության` 10 տարվա վաղեմություն ունեցող գործով դատաքննությունը: Սպանությունը կատարվել է 2000 թ. Ալավերդի քաղաքում: Սպանության մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնված ազգությամբ հույն, Ալավերդու նախկին բնակիչ Արմեն Կիլինկարովը, ով դեպքից հետո շուրջ 10 տարի մշտապես բնակվել է ՌԴ-ում, Հայաստան վերադառնալով, կալանավորվել է և ապօրինաբար շարունակում է պահվել կալանքի մեջ: Առաջադրված մեղադրանքով ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում: Իսկ հերթական դատավարության ժամանակ գործով դատակոչված վկաները, որոնց անուններով 10 տարի առաջ ցուցմունքներ են գրվել Արմեն Կիլինկարովի դեմ, այժմ բացահայտում են իրական հանցագործին, ում մասին մինչ այդ ընդհանրապես որևէ տեղ չի հիշատակվել` ոչ փաստաթղթերում, ոչ ցուցմունքներում: Հարցաքննված բոլոր վկաները հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքներից և դատարանում ցուցմունք տվեցին այն մասին, որ նախաքննական ցուցմունքներն իրենց ձեռքով չեն գրված, այլ դրանք իրենց անուններով լրացրել է քննիչը, և որ նույնիսկ կան ցուցմունքներ, որոնցում առկա ստորագրություններն իրենցը չեն: Մինչ դատաքննությունն սկսվելը Արմեն Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանը պնդեց նախորդ նիստի ժամանակ դատարանին ներկայացրած իր միջնորդությունը` Նորիկ Ղազարյանի` ՀՀ-ից մեկնելու ժամկետը ճշտելու վերաբերյալ: Փաստաբանը կարևորեց այդ տեղեկությունը` հիմնավորելով, որ պաշտպանական կողմը հետագայում դրանով ապացուցելու է ամբաստանյալ Արմեն Կիլինկարովի անմեղությունը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Փաստաբանը հիշեցրեց և դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ նման միջնորդությամբ նախկին փաստաբան Ադելինա Հակոբյանը հանդես էր եկել դեռ նախաքննության փուլում: Միջնորդությունը ներկայացրել էր քննիչին: Բայց այդ միջնորդությունը քրեական գործում չկա: Փաստաբանի համոզմամբ` սա մեղադրող կողմի ակնհայտ ապօրինություն է, որի մեջ դիտավորություն կա: «Ամեն կերպ փորձում են պաշտոնական փաստաթղթերից դուրս թողնել այդ անունը, նույնիսկ անձնագրային տվյալները չեն ճշտվում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նա հայտնեց, որ դեպքի ժամանակ ոստիկանությունն օպերատիվ աշխատանքներ է իրականացրել նաև Նորիկ Ղազարյանին գտնելու ուղղությամբ դեռևս 2000 թ., բայց քրեական գործում այդ փաստաթղթերը չկան: Նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել նաև գործին գոնե մեկ ուղղակի ապացույց կցելու վերաբերյալ: Նա շարունակում է պնդել, որ գործում որևէ ապացույց չկա: Ի պատասխան` դատախազ Ա. Շիրոյանը որպես ուղղակի ապացույց վկայակոչեց Լևոն Կիլինկարովի ցուցմունքը` փաստաբանի համար հիշեցման կարգով մեջբերելով ուղղակի և անուղղակի ապացույցների սահմանումները: Բայց պաշտպանն իրազեկեց անտեղյակ դատախազին` ասելով, որ Լևոն Կիլինկարովն այս քրեական գործով չի հարցաքննվել, և այս գործում դրված նրա ցուցմունքը մեկ այլ քրեական գործով է: «Ինչ վերաբերում է իմ միջնորդությանը, խնդրել եմ ապացույցներ կցել գործին, բայց եթե չեն կցում, ուրեմն չունեն»,- ասաց փաստաբանը: Գործով վկա Սուրեն Հարությունյանը դատարանում հետևյալ ցուցմունքը տվեց. «Փողոցում կանգնած մեքենայով բենզինի վաճառքով էի զբաղվում: Վերևի ճանապարհից բարձր ձայնով գոռացին` ուստա Սուրիկ, ուստա Սուրիկ, ըստեղ ընկած մարդ կա, մի տեղից զանգեք` շտապօգնությունը գա: Ասի, զանգեցին, շտապը եկավ: Թե ում տարավ, չէր էրևում: Այդ օրը կարծեմ տեսել եմ Կիլինկարովների մեքենան: Ով էր վարում` չեմ կարա ասեմ»: Վկան հրաժարվեց քննիչի ձեռքով գրված նախաքննական ցուցմունքից, որում ասվում էր, թե ինքը տեսել է Կիլինկարովներին պատկանող սպիտակ գույնի նիվան, որի ղեկին Գագիկն էր, կողքին` Արմենը: «Վախը՞մ եմ ասեմ` տեսել եմ կամ չեմ տեսել, նա ա էղել կամ նա չի էղել: Ռուլին չեմ տեսել` ով ա էղել: Դա ով գրել ա, ինքն ա ավելացրել: Իմ ձեռագրով ես ոչ մի բան չեմ գրել: Քննիչը կարդում ա, ասում ա` էս ա գրած, ստորագրի: Կարդալու ժամանակ երևի չի կարդացել էդ բանը` որ Արմենին կամ Գագիկին տեսել եմ ռուլին: Ասել ա` գրի, որ ճիշտ ա, տակին ստորագրի: Ես էլ ստորագրել եմ, չեմ կարդացել, դավերյա եմ գնացել»,- ասաց Սուրեն Հարությունյանը: Գործով վկա Անժելա Կիլինկարովան ցուցմունք տվեց հետևյալի մասին. «Ամբաստանյալն իմ եղբոր տղեն ա: 2005 թ. դեկտեմբերի 25-ին` առավոտյան, Գագիկին (Արմենի եղբորը) խփել էին զենքով, վիրավորել: Նորիկ Ղազարյանը` հարևանիս տղեն, էկել ա տղիս` Լևոնին տանից դուրս կանչել, թե նիվան դրսում կանգնած ա, գնանք Արմենին ման գանք, կարող ա Արմենին էլ գտնեն, վիրավորեն, որ էդ մի ախպորը խփել են: Դուրս են էկել, գնացել, ու էլ ոչինչ չգիտեմ: Մենք գիտենք, որ Նորիկն ա խփել: Նախկինում մեզ պետք ա եղել, որ նրան պահենք, չասենք, որ ինքն ա: Արմենը ասեց` մեր պատճառով ա էղել էդ կռիվը: Ասեց` Նորիկի անունը չտաք, կասեք, որ ես եմ խփել: Ասեց` հիվանդ տղա ա, կգնա բերդում մի բան կըլնի: Թենց էլ էղավ էլի, Իվանովոյից էկավ արդեն հիվանդ, էկավ մի ամիս մնաց ու մահացավ: Թե չէ հո Արմենի թշնամին չենք, որ էս պատմության մեջ գցեինք»: Իր նախաքննական ցուցմունքի վերաբերյալ Անժելա Կիլինկարովան կարճ մեկնաբանություն տվեց. «Ինչ ձեռնտու ա էղել, քննիչը գրել ա»: Գործով վկա Հայկ Մինասյանը հետևյալ ցուցմունքը տվեց. «Որպես վառելիք ծախող` գիտեի Կիլինկարով եղբայրներին: Ոչ մտերմություն, ոչ թշնամություն չենք ունեցել. բարև-բարիաջողում: Էդ օրը մեքենան տեսել եմ, էդ մեքենան համարով եմ ճանաչում: Չեմ տեսել` ով ա վարելիս էղել»: Վկան հրաժարվեց իր անվամբ լրացված և իր փոխարեն ստորագրված նախաքննական ցուցմունքից, ըստ որի` իբր տեսել էր Կիլինկարովներին պատկանող նիվա մակնիշի ավտոմեքենան և դրա մեջ նստած եղբայրներին: Այդ կապակցությամբ նշեց. «Ես թենց բան չեմ ասել, ես ասել եմ` մեքենան եմ տեսել, ռուլին նստածին ես չեմ տեսել: Քննիչն ասում ա` լսել եմ` տրաքոց ես լսել, հետո նիվա ես տեսել: Ասում եմ` ոնց կարամ լսած լինեմ` դոմիկն ա, գետն ա, փողոցն ա, տրասն ա, հետո նոր` ձեր ասած փողոցը: Դոմիկս` որդի, իրա ասած դեպքը` որդի. գետի խշշոցին ես կարա՞մ տրաքոց լսեմ»: Գործով վկա Արմեն Կոստանդյանը նույնպես հրաժարվեց ոչ իր ձեռքով գրված նախաքննական ցուցմունքից: Եվ ցուցմունք տվեց հետևյալի մասին. «Իմ ընկերն ա: Դեպքի վերաբերյալ բան չեմ իմանում: Էկել եմ էդ վախտ Կիրովական: Ցուցմունքը տված ա էղել, որ չեմ իմանըմ` ով ա սպանողը: Էդքան բան: Ռուսաստանից որ էկա, կանչեցին, թե սենց բան ա գրած: Գրած ա, որ լսել եմ` Արմենն ա սպանել: Բայց դեպքի մասին ես քննիչի մոտ եմ լսել: Ասըմ էր` լսել եմ, որ Արմենն ա սպանել: Թե քննիչը ինչ ա գրել, վապշե չեմ իմացել: Ես ուրիշ բան եմ ասել, ուրիշ բան ա գրել: Ես ինչ իմանամ ինչ ա գրըմ, ստորագրել եմ: Քննիչը թե` լսել եմ` ասել են` դու կապ ունես էդ մոմենտներով: Ասի` թենց բան չեմ իմանըմ: Մինչև հըմի էլ էդ եմ ասըմ` չեմ իմանըմ` ով ա արել: Ասող ըլնեի, Նոգոյի մասին էլ էի լսել, էնա կասեի: Դե լսել էի, որ ասըմ էին` Նոգոն ա. Նոգոյին թողած` ընկերոջս մասի՞ն պետք ա ասեի»: Գործով վկա Սիմոն Ստեփանյանը ցուցմունք տվեց հետևյալի մասին. «Շատ լավ եմ ճանաչում ամբաստանյալին. մանկական ընկերս ա: Հաց էինք ուտում: Ասին` դեպք ա պատահել: Դեպքից երկրորդ օրը բռնել են, իմ ախպորս մեքենայով, ըրեխեն գոգիս ախպորս, զապառոժեցի մեջին, Շեկ կրուգ կոչվող ճանապարհի վրա, 5 հատ ավտոյով. յապոնչիկն եմ, ով եմ: Հետո տարան բաժին, 3 հատ դուբլյոնկեքով էրևանցի ծեծեցին: Ձեռս մընի ջեբն ընգավ, ճղվել էր դուբլյոնկեն, երկու հատ էլ դրա հըմար կերա: Հարցեր էին տալի, հենց գիդեին խաբըմ եմ: Իրանք ասեին, իրանք պատասխանեին, ես մենակ հասցնեի կուչ գամ: Մարմնական վնասվա՞ծք. 4 օր մեջքս կլետկա անեին: Ում ասեի էդ մասին, ասեի, մի հատ էլ ուտե՞ի. կերածս չէի մարսըմ»: Պարզվում է` Սիմոն Ստեփանյանն էլ անձնական նկատառումներով է իր նախաքննական ցուցմունքում թաքցրել սպանողի անունը. «Ես դրան չեմ էլ սիրըմ: Հըմի չկա, մեռել ա: Նոգոն էր, էլի, գիտեինք, որ զենք ունի: Դե, ձեն չէինք հանըմ: Հետո ես չէի ուզըմ վապշե էդ Նոգոյի հետ խառնվեմ: Մեր պրոբլեմները մի քիչ մեծ են էղել: Իրա քրոջ աղջիկը իմ ընկերուհին ա էղել: Դե, ամուսնացել ա, օջախ ա, բան ա, հազար բան…: Նոգոյի մասին ինձ հետաքրքիր չէր, ու ասի` հանկարծ չասեն` աղջկանը չուզեցի, հըմի հետևից եմ ընգել, բաներ եմ սարքըմ. չասեն` աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասավ` խակ ա»: Նախաքննական ցուցմունքների մի մասն, ըստ Ռուբեն Հակոբյանի, ընդհանրապես չի կարող ապացույց դիտվել, քանի որ մի դեպքում` ցուցմունքից բացակայում է քննիչի ստորագրությունը, մյուս դեպքում` ցուցմունքն ամբողջությամբ նրա ձեռքով է գրված, մեկ այլ դեպքում` վկայի անվան դիմաց դրված ստորագրությունը վկայինը չէ, կամ վկան նախազգուշացված չի եղել սուտ ցուցմունք տալու վերաբերյալ, և այլն: Եվ վերջապես, ըստ փաստաբանի, հիմք պետք է ընդունվեն դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter