HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուլղարերեն և հայերեն թարգմանությամբ գրքերի շնորհանդես` Բուլղարիայում

Բուլղարիայի Սբ. Կիրիլի և Մեթոդիի անվան ազգային գրադարանում տեղի է ունեցել բուլղարերեն և հայերեն թարգմանությամբ հրատարակված Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին» գրքի, Հրանտ Մաթևոսյանի «Աստված, էս ինչ սիրուն աշխարհ է», Վանյա Պետկովայի «Հայկական երգեր» վիպակների և բանաստեղծությունների ժողովածուների, «Սասունցի Դավիթ» էպոսի և «Կթալի Մարկո» լեգենդի շնորհանդեսը: Այն տեղի է ունեցել Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ` «2010թ. Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթ են ունեցել Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիևը, Սբ. Կիրիլի և Մեթոդիի անվան ազգային գրադարանի տնօրեն Բորյանա Խրիստովան և Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը: Դիմիտր Դերելիևը նշել է, որ շնորհանդեսին թարգմանաբար ներկայացված ժողովրդական բանահյուսության նմուշները հայ և բուլղար ժողովուրդների ամենասիրած գրական ստեղծագործություններն են, որոնք այսուհետև մատչելի են ընթերցասեր լայն հասարակությանը: Հասմիկ Դաշտոյանը նշել է, որ 2010թ. Բուլղարիայի մի շարք քաղաքներում պատշաճ մակարդակով կազմակերված մշակութային բազմաբնույթ ձեռնարկները կյանքի չէին կոչվի, եթե չլինեին Բուլղարիայի և Հայաստանի մշակույթի նախարարությունների համագործակցությունը, բուլղարահայ համայնքի, մեր հայրենակիցների և առանձին հովանավորների աջակցությունն ու օժանդակությունը: Այնուհետև Հասմիկ Դաշտոյանը ընթերցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` Ոսկե մեդալների շնորհման hրամանագրերը: Մշակույթի նախարարության այդ բարձրագույն պարգևին է արժանացել բուլղարահայ գործիչ, Սբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Հակոբ Օրհմանջյանը` բուլղարական «Մարկո Կրալ» էպոսի հայերեն թարգմանության, Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիրի» բուլղարերեն թարգմանության համար, ինչպես նաև Սբ. Կիրիլի և Մեթոդիի անվան ազգային գրադարանի ցուցահանդեսների և տոնավաճառների փորձագետ Արմանդ Բասմաջյանը` «Սասունցի Դավիթ» և «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին» գրքերի բուլղարերեն թարգմանության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter