HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հրդեհներ Սյունիքում

Սյունիքի մարզի Սիսիանի, Կապանի և Մեղրու տարածաշրջաններում վերջին օրերին հրդեհների նոր դեպքեր են գրանցվել: Հրդեհներ են բռնկվել Սիսիանի սահմանամերձ շրջաններում, Սառնակունք գյուղի վարչական տարածքում, Մեղրու Վարդանիձոր գյուղի հարակից տարածքներում, Կապանի Խուստուփ սարի մերձակա հատվածներում: Արդեն 3 օր է, հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում` Խուստուփի բարձր լեռնային գոտում տարածված հրդեհը մարելու համար: Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ հրդեհը վերահսկելի է, այն գրեթե մարման փուլում է: Հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են «Շիկահողի» պետական արգելոցի 30 աշխատակիցները, ովքեր երեկ` մինչև գիշերվա ժամը 1-ը, դեպքի վայրում էին: Պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանի փոխանցմամբ, թեև կրակը շատ հեռու էր արգելոցի տարածքից, այնուամենայնիվ, արգելոցի աշխատակիցները պարտավորված էին զգում մասնակցել հրդեհի մարման աշխատանքներին: «Խուստուփ լեռան այդ հատվածներում կան կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ, կենդանատեսակներ, թռչուններ, որոնց կերի պաշարին վնասներ հասցրեց հրդեհը: Մեզ համար նաև շատ անհասկանալի ու զայրույթի պատճառ է մարդկանց անտարբերությունը, ովքեր, բռնկված հրդեհը տեսնելով, լռում են ու տեղյակ չեն պահում: Անտառտնտեսության աշխատողներն են անտարբեր: Մենք մինչև ուշ գիշեր արգելոցի աշխատողներով, ծխի-մրի մեջ կորած, փորձում ենք կրակ մարել, բայց նրանք, տեղյակ լինելով, չեն ցանկացել աջակցել»,- ասաց Ռուբիկ Մկրտչյանը: Հրդեհների բռնկման ու տարածման պատճառը, ըստ պատասխանատուների, մարդկային գործոնն է, մարդկանց անփութության պատճառով տարածաշրջանում վերջին ամսում հրդեհների բազմաթիվ դեպքեր գրանցվեցին: Հրդեհներին նպաստում են նաև չոր և տաք եղանակային պայմանները: Նաև կա վարկած, թե տարածքները դիտավորյալ հրդեհում են որսագողերը, որպեսզի որսին հեշտությամբ թակարդը գցեն: Այս տարի Սյունիքի մարզում գրանցվել է հրդեհի բռնկման 230-ից ավելի դեպք` նախորդ տարվա 55-ի փոխարեն: Սյունիքի մարզային փրկարարական վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն` ամենամեծ թվով հրդեհները գրանցվել են հիմնականաում վերջին ամիսներին: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter