Մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ամփոփվել են ծրագրի փորձնական փուլի արդյունքները: Ծրագրի նպատակն է խթանել համակարգիչների և ինտերնետի տարածումը Հայաստանում` դրանով իսկ նպաստելով Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության ապահովման անհրաժեշտությունից` վարչապետն ընդգծել է. «Եթե կարողանանք դպրոցներում այս խնդիրը մոտակա 2-3 տարվա ընթացքում արմատականորեն լուծել, դա նշանակում է, որ 10-15 տարի հետո կունենանք արդիական, ժամանակակից հասարակություն: Մենք այս տարի կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ 700 մլն դրամ հատկացրինք, որպեսզի դպրոցների համար ձեռք բերվեն համակարգիչներ: Նպատակ ունենք նաև էապես բարելավել մեկ աշակերտին բաժին ընկնող համակարգիչների քանակը դպրոցներում»:
Ելույթներով հանդես են եկել «Ինթել» կորպորացիայի Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Դմիտրի Քիսսելը, «Հյուլեթ Փակարդ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վաճառքի գծով տնօրեն Գեորգ Մոսգանը, «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Միջոցառման ժամանակ ստորագրվել են հուշագրեր, մի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից` «Ինթել» կորպորացիայի, «Հյուլեթ Փակարդ» ընկերության միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մի շարք, մասնավորապես` «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» ենթածրագրերի փորձնական փուլերի իրականացման վերաբերյալ: Հուշագիր է ստորագրվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ համագործակցության ընդլայնման մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել