HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հղի կանայք պայքարում են իրենց երեխաների բարեկեցության համար

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնելու հղի կանայք: Նրանց դժգոհությունը վերաբերում է Ազգային ժողովի կողմից հոկտեմբերի 22-ին ընդունված եւ դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքին:

Կառավարության հեղինակած  օրենքը վերաբերում է ոչ միայն հղիներին: Ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու իրավունք ունեն նաեւ տղամարդիկ, որոնք հիվանդ են, ունեն առողջարանային բուժման, պրոթեզավորման կարիք կամ խնամում են ընտանիքի հիվանդ անդամին: Սակայն ակտիվ են հատկապես հղիները: Նույնիսկ ստեղծվել է ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնող խումբ, որն էլ համակարգում է բողոքի ակցիաները: Խնդիրն այն է, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստ տրվում է Աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար` 140 օր: Նպաստի չափը հաշվարկվում է` ելնելով աշխատողի միջին ամսական աշխատավարձից: Օրենքով նախատեսված է, որ եթե միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափի (30,000 դրամ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է հենց նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (150,000 դրամ): Հղիների դժգոհությունն այս առիթով է. նրանք համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, եւ ընդունված օրենքը կարող է խոչընդոտել հանրապետությունում ծնելիության աճին: Ստացվում է, որ եթե կնոջ միջին ամսական աշխատավարձն, ասենք, 200 000 դրամ է, եւ նա պատրաստվում է զավակ ունենալ, ապա 4 ամիս զրկվելու է ամսական 50,000 դրամից, քանի որ նրա հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը չի կարող գերազանցել 150,000 դրամը: Բացի այդ, այժմ նպաստը հարկվելու է եկամտահարկով: Նախատեսված է նաեւ, որ եթե միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից, ապա հղիության եւ ծննդաբերության նպաստը կնոջը վճարվում է հիմք ընդունելով դարձյալ նվազագույն աշխատավարձի չափը: Դիաննա Հովհաննիսյանը 9 ամսական հղի է: Նա իր ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստացել է նախկին օրենքի դրույթներով, սակայն այժմ պայքարում է իր կարգավիճակում հայտնված այլ կանանց իրավունքների համար: Նա ասում է, որ նախկին օրենքով կինը ստանում էր 140 օրվա նպաստ, բայց հիմա նվազում է տոն եւ ոչ աշխատանքային օրերի թիվը: «Ստացվում է, որ մենք նպաստ ստանալու ենք մոտ 100 օրվա համար: Սա այն դեպքում, երբ աշխատող հղիները ամեն ամիս իրենց աշխատավարձի 3 տոկոսի չափով սոցվճար են տալիս, բայց մեր նպաստները կրճատում են»,- ասում է Դիաննան: Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնող խմբի անդամ Տաթեւիկ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ օրենքի դեմ ստորագրահավաք են կազմակերպել. մեկ շաբաթվա ընթացքում հավաքվել է ավեի քան 1500 ստորագրություն: Ներկայացնելով խմբի տեսակետը` Տ. Դավթյանը նշում է, որ իրենց համար անընդունելի է Կառավարության տեսակետը, թե իբր այդ օրենքով պայքարում են աղքատության դեմ: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը նամակով տեղեկացրել է, թե պայքարում են խարդախության դեմ, քանի որ որոշ գործատուներ հղիության 7-րդ ամսում որպես աշխատողներ գրանցում են հղիներին, բարձր աշխատավարձեր են նշանակում եւ այդ բարձր աշխատավարձի չափով էլ ժամանակավոր անաշխատունակության նպաստ են ստանում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ 150,000 դրամից բարձր աշխատավարձ ստանում է հղիների 5 տոկոսը, ինչը սոցիալական «ցնցում» չի առաջացնի: Դիաննան ասում է, որ հղի կանայք հիմնականում ընտանիք պահողներ են եւ օգնության կարիք ունեն: Նրա հաշվարկներով` մեկ երեխայի խնամքի համար ամսական մոտ 80,000 դրամ է պետք, եթե մայրը օգտվի իր արձակուրդից, ապա զրկվելու է որոշակի գումարից: Նախաձեռնող խումբը չի հավատում, որ բարձր վարձատրություն ունեցող հղիները 5 տոկոս են կազմում, քանի որ Աշխատանքի նախարարությունը իր հաշվարկի վերաբերյալ փաստարկներ չի ներկայացրել: Նախաձեռնող խումբը գտնում է, որ բոլոր քաղաքացիներն իրավահավասար են, եւ քանի որ հղի կանանց զգալի մասը միջին խավի ապրողներ են, պետք չէ նրանցից գումարները վերցնել ու հատկացնել այլ ոլորտների: «Հղիները կիրթ, աշխատող, մրցունակ կանայք են եւ որակյալ մասնագետներ: Նրանք են Հայաստանի տնտեսական զարգացման հիմքը, եթե թեկուզ 5 տոկոսի վրա Կառավարությունը թքած ունի, հնարավոր է` վաղը այդ մարդիկ արտագաղթեն»,- խմբի տեսակետը ներկայացրեց Տաթեւիկը: Ըստ նրա`  Կառավարությունը պետք է մտածի նաեւ երկրի բնակչության թվի ավելացման մասին, քանի որ դրական աճ չունենք, իսկ արտագաղթի տեմպերը մեծ են: Հարցին, թե օրենքի դեմ ինչու են ակտիվ պայքարում միայն հղիները, Տ. Դավթյանն պատասխանեց, որ ստորագրահավաքին միացել են նաեւ տղամարդիկ, պարզապես հղիների մոտ ուժեղ է մայրական բնազդը, որ իրենց դեռ չծնված երեխան կարող է զրկվել բարեկեցությունից: Կառավարությունից սպառիչ պատասխան չստանալու դեպքում նախաձեռնող խումբն առաջիկայում բողոքի ակցիաներ կկազմակերպի Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

Կարծիք են հայտնում պատգամավորները

Գոհար Ենոքյան, ԲՀԿ խմբակցություն Մեր ազգը կամաց-կամաց վերջանում է, միգրացիան մեծ է, սոցիալական կյանքը դժվարացել է, եւ երկրորդ երեխա ունենալու ցանկություն ունեցողները չափազանց քիչ են: Չեմ տեսնում մեծ թվով կին աշխատողների, որոնց աշխատավարձը 150 հազ. դրամից բարձր է, այդ իմաստով չեմ կարծում, որ ընդունված օրենքը կազդի ծնելիության մակարդակի վրա: Ովքեր էլ 150 հազ. դրամից բարձր աշխատավարձ են ստանում, չպետք է իրենց երեխաների բախտը, ճակատագիրը կապեն մի քանի կոպեկների հետ: Այն կինը, որը ցանկանում է երեխա ունենալ, կարծում եմ` այդ մի քանի կոպեկի պատճառով չի ջղայնանա: Ի վերջո, այդ մի քանի կոպեկով չի սահմանափակվում, պետք է սոցիալական պայմանները բարելավվեն, որ մարդը զավակ ունենա եւ այդ զավակին կարողանա պահել: Եթե աշխատատեղ չկա, օր օրի թանկացումները խեղդում են ժողովրդին, եթե կյանքը դեպի վատն է գնում, ո՞վ պիտի երեխա ունենալու ցանկություն ունենա: Տա Աստված` բյուջեն շատ լինի, մի խելոք մարդ էլ երեւի առաջարկություն կանի, որ գումարի չափն այդ ժամանակ բարձրացնեն:

Հեղինե Բիշարյան, ՕԵԿ խմբակցություն Հղի կանանց դժգոհությունը տեղին է, որովհետեւ 150 հազ. դրամից բարձր աշխատավարձ ստացող կանանց թիվը, ցավոք, շատ քիչ է, եւ չգիտես ինչու` կանգ են առել այդ միջին գումարի վրա: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Կառավարությունն այդպիսի շեշտադրում արել, մյուս կողմից էլ պատճառաբանությունները` կապված տնտեսական ճգնաժամի հետ, կարծես թե դրդել են այդ քայլին գնալ: Բարձր աշխատավարձ ստացող կանայք բավականին դժվար աշխատանք են կատարում, այնպես չէ, որ հեշտ աշխատանք կատարելով` բարձր աշխատավարձ են ստանում: Այդ կանանց պետք է խրախուսել, որ իրենց մեջ ուժ են գտել կատարելու նման աշխատանք: Ես էլ եմ մի քիչ նեղված, որովհետեւ սոցիալական շեշտադրումներով 2 առաջարկ եմ արել. մեկը վերաբերում էր երկրորդ երեխա ունենալու միանվագ գումարը 50 հազ. դրամից դարձնել 100 հազ. դրամ, մյուսն էլ վերաբերում էր մինչեւ 2 տարեկան երեխաներին տրվող ամենամսյա 18 հազ. դրամ նպաստին, բայց այդ գումարը տրվում է այն ընտանիքներին, որտեղ երեխայի մայրն աշխատում է: Առաջարկեցի հավասարաչափ մոտեցում, որպեսզի բոլոր երեխաները ստանան այդ 18 հազ. դրամը, անկախ նրանից` նրանց մայրերն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Ցավոք, իմ երկու առաջարկություններն էլ չընդունվեցին:

Լուս.` Անահիտ Հայրապետյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter