HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ ամբիոնից ելույթ ունենալը համարվում է ցուցամոլությո՞ւն

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գոհար Ենոքյանը պատասխանում է «Հետքի» հարցերին: Պատգամավորների զգալի մասը, այդ թվում նաեւ Դուք, Ազգային ժողովի ամբիոնից հաճախակի ելույթներ չեք ունենում: Ինչո՞վ եք զբաղված:

Ոսկին էլ փոքր է, բայց արժեք ունի, ամեն հարցի շուրջ չէ, որ պատգամավորը պիտի ելույթ ունենա:

Աշխատանքները հիմնականում կատարվում են հանձնաժողովներում: Հանձնաժողովները ստանում են օրենքի նախագծեր, եւ քննարկումների ժամանակ ես ակտիվ ելույթներ եմ ունենում: Երբ այնտեղ քննարկումներ լինում են, մեր հարցերի պատասխանները ստանում ենք, կարիք կա՞, որ ցուցամոլություն անեմ, մի հատ էլ այդ նույն հարցը դահլիճում  տամ: Ոչ իմ տարիքն է թույլ տալիս, ոչ իմ փորձը, ոչ էլ իմ կյանքն ու անունը, ես իմ աշխատանքը բարեխղճորեն կատարում եմ հանձնաժողովներում, ցուցամոլության հետեւից չեմ գնում: Հաճախ եմ հարցեր տվել, ելույթներ ունեցել: Գնացեք փնտրեք այն պատգամավորներին, ովքեր 15 տարվա մեջ մի բառ անգամ չեն ասել: Փնտրեք նրանց, ովքեր ամիսներով, տարիներով չեն մտնում Ազգային ժողովի շենք, դեմքերով չենք էլ ճանաչում նրանց: Կան սարսափելի չխոսողներ: 131 պատգամավորից ակտիվ են 30-40 հոգին, հետաքրքիր է` մնացածի մասին ընդհանրապես  գրո՞ւմ եք:

Իսկ Ձեր խմբակցությունում չկա՞ն պատգամավորներ, ովքեր նիստերին չեն գալիս եւ ոչ մի բառ չեն խոսում:

Այդ հարցերը տվեք խմբակցության ղեկավարին, ինձ չի վերաբերում իմ գործընկերներին քննադատելը: Կան ղեկավարներ, որոնց կարող ես դիմել ու իմանալ` լա՞վն են, թե՞ ոչ:

Արդեն խոսում են, որ գալիք խորհրդարանական ընտրություններում չեք առաջադրելու Ձեր թեկնածությունը, այդպե՞ս է:

Ժամանակից շուտ ո՞ւմ է դա հետաքրքրում: Կարող է վաղը ոտքս կպնում է քարին, ընկնում մեռնում եմ: Ես ի՞նչ գիտեմ 1.5 տարի հետո ինչ կլինի: Իմ տրամադրվածությունը հոգուս մեջ է, իմ որոշումը կկայացնեմ 1.5 տարի հետո: Որեւէ մեկին հաշվետվություն չեմ տալիս իմ հետագա քայլերի համար: Նպատակահարմար գտնեմ` թեկնածությունս կառաջադրեմ, նպատակահարմար չեմ գտնի` կասեմ բավական է, ու եթե առողջականս ների, կզբաղվեմ իմ սիրած գործով` տնտեսությամբ եւ այլն:

Ձեզ ավելի շատ բիզնե՞ս ոլորտում եք պատկերացնում, թե՞ օրենսդիր մարմնում:

Դուք հարց եք տալիս, բա չգիտե՞ք, որ պատգամավորը բիզնեսով զբաղվելու իրավունք չունի:

Դա օրենքի պահանջն է, բայց շատ պատգամավորներ բիզնեսներ ունեն: Դուք բիզնես չունե՞ք:

Շատերը չէ` բոլորն էլ համարյա բիզնես ունեն: Դուք չգիտե՞ք, թե մինչեւ խորհրդարան գալն ինչ եմ ունեցել: Դա հիմա իմ տղան է ղեկավարում, պատգամավորական ժամկետը կանցնի, ցանկություն կունենամ` ես կշարունակեմ, չէ` ուրեմն իմ որդին կշարունակի ղեկավարել: Ես սեփականատերն եմ, հիմա չեմ զբաղվում բիզնեսով, որովհետեւ զբաղվող կա: Խորհուրդ տալիս եմ, որ սխալ բան են անում, բայց խորհուրդ տալը բիզնեսով զբաղվել չի:

Հ.Գ. «Գարուն» արտադրական միավորման սեփականատեր Գոհար Ենոքյանը չի թաքցնում, որ բիզնես ունի, սակայն 2009 թ. Պետեկամուտների կոմիտե է ներկայացրել գույքի եւ եկամուտների հայտարարագիր, որով  ցույց է տվել միայն խորհրդարանից ստացած աշխատավարձը` 3 մլն 143 հազար 440 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter